Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Շվեյցարիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

Աշխատանքային այցով Շվեյցարիայի Ժնև քաղաքում գտնվող Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը սեպտեմբերի 13-ին հանդիպում ունեցավ շվեյցարահայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Ողջույնի խոսքով դիմելով հյուրերին՝ նախարար Մնացականյանը, մասնավորապես, նշեց, որ վերջին տարիներին Հայաստանը Շվեյցարիայի հետ զարգացրել է դինամիկ և հետաքրքիր հարաբերություններ: Նախարարը երախտիքի խոսք հայտնեց ներկաներին, որ վերջիններս համառ և հետևողականորեն պաշտպանում են իրենց ինքնությունը, պահպանում կապը հայրենիքի հետ և ստեղծում համայնքի համակարգային, շարունակականություն ապահովող կյանք: «Յուրաքանչյուրդ տարել եք այդ աշխատանքը, որպեսզի մեր ժողովրդի, մեր պատմության, մեր ինքնության արժեքները բավական ամուր լինեն»,- հավելեց նախարարը:

Նախարարը նշեց, որ լինելով նոր կառավարության անդամ՝ ստանձնել է այդ պատրաստակամությունը և ցանկությունը՝ կիսելու քաղաքական պատասխանատվությունն այսօրվա Հայաստանի համար: «Այն, որ այսօրվա կառավարությունն ունի ժողովրդի կողմից տրված հսկայական ամուր մանդատ, ոգևորիչ է, բայց և պարտավորեցնող: Մեր կառավարության գերակայություններն են արդարության, օրենքի գերակայության, կոռուպցիայի դեմ պայքարի, սոցիալ-տնտեսական կյանքում հավասար պայմանների ապահովումը, մարդու իրավունքների, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդումը: Կառավարությունը նաև մոբիլիզացնում է ուժերը, որպեսզի հստակ և կանխատեսելի զարգացման ծրագիրն իրականացնի»:

Նախարարը վերահաստատեց. «Հայաստանը հայրենիքի այն աշխարհագրական հատվածն է, որտեղ մենք վերականգնեցինք մեր ինքնավարությունը, մեր պետականությունը, մեր տեղը միջազգային հանրությունում, որտեղ մենք՝ որպես պետություն, կարող ենք պաշտպանել և զարգացնել մեր ինքնությունը և մեր արժեքները»: Վերջիններիս պահպանման համար, նախարարի հավաստմամբ, առկա են բազմաթիվ ինստիտուտներ՝ կրոնը, հավատքը, լեզուն, մշակույթը, փիլիսոփայությունը, միտքը, որոնք կարողացել ենք պահպանել դարերի ընթացքում և ճանաչել մեզ՝ որպես հայ:

Ես պատիվ եմ ունեցել աշխատելու և ապրելու աշխարհի տարբեր հատվածներում, և միշտ առնչվել եմ նույն վերաբերմունքին, որ Հայաստանի կյանքն անտարբեր չի թողնում հայերին, որտեղ էլ իրենք լինեն: Կարող են լինել քննատադատական, իդեալիստական տարբեր մոտեցումներ, կարող են չհամաձայնվել, բանավիճել: Սա ի ցույց է դնում մեկ հստակ երևույթ, որ որևէ մեկն անտարբեր չէ այն ամենին, ինչ կոչվում է հայ, հայ ժողովուրդ և հայ պետականություն»:

«Միշտ գործ կա անելու միասին, միշտ ծրագրեր կան անելու միասին»,- իր խոսքը եզրափակեց նախարար Մնացականյանը:

Տեսանյութեր

Լրահոս