«Մեկ անգամ լռելն է ճիշտ». Անուշ Սեդրակյանի խորհուրդը Ռոբերտ Քոչարյանին
Հարցազրույց քաղաքագետ Անուշ Սեդրակյանի հետ:
– Տիկին Սեդրակյան, Ազգային ժողովում հանրապետականների նախաձեռնությամբ ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների խոսակցության գաղտնալսման հրապարակման հետքերով ստեղծվեց քննիչ հանձնաժողով, թեև հարուցվել է քրեական գործ, և «Ելք» խմբակցությունը պնդում է, որ այդպիսով խախտվում է ԱԺ կանոնակարգ-օրենքը։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այս իրավիճակը քաղաքական առումով։
– Կարծում եմ՝ իսկապես, եթե դեռ քննություն չի իրականացվել, այսինքն՝ այդ հարցի կապակցությամբ նոր է քրեական գործ հարուցվել, և քննություն պետք է իրականացվի, ապա ԱԺ-ի հանձնաժողովի իմաստը ո՞րն է։ Ես դա չեմ հասկանում։ Այլ հարց է, եթե սխալ քննություն իրականացվեր, կամ եթե չիրականացվեր, այդ ժամանակ հասկանալի կլիներ, բայց հիմա հասկանալի չէ։
– Եթե նախկինում հանրապետականները լռում էին այլ անձանց գաղտնալսումների ժամանակ, օրինակ՝ Վարդան Օսկանյանի և Լևոն Զուրաբյանի, ներկայումս իրենց իրական նպատակը ո՞րն է։
– Ընդհանրապես՝ այս գաղտնալսման նախադեպը, հատկապես՝ 2 կարևոր գերատեսչությունների մակարդակով, պետք է հենց հիմիկվանից բոլոր մանրամասներով պարզաբանեն, որպեսզի այլևս այն չկրկնվի։ Հայաստանը, եթե չասեմ՝ շատ վատ, բայց խնդրահարույց ռազմաքաղաքական իրադրություն ունի։ Եվ պետք է մենք թույլ չտանք որևէ ինֆորմացիայի արտահոսք։ Պետական գաղտնիք կա, խնդիրներ կան։ Դրա համար, եթե նախկինում էլ գաղտնալսել են, չգիտեմ՝ ում են գաղտնալսել, բայց կարծում եմ, որ դրանք բոլորը մասնավոր ինֆորմացիաներ էին, իսկ սա արդեն խոսքը գնում է խոշոր խնդրի մասին և խոշոր խնդիրը պետք է նաև խոշոր քննություն ունենա։
– Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պատասխանատու է քաղաքական հնչեղություն ունեցող բոլոր ձերբակալումների համար, և սկսվեց «ասֆալտին փռելու» օպերացիան։
– Դա շատ մեծ քաջություն է, որովհետև նշանակում է՝ նա տիրապետում է ինֆորմացիային։ Մեզ մոտ տարածված է այն փաստը, որ քաղաքական գործիչները նախկինում արել են հայտարարություններ, իսկ հետո որևէ հայտարարության կամ գործողության պատասխանատվություն չեն կրել, դրա համար այսպիսի պատասխանատվություն կրելու նախադեպը շատ ողջունելի է։ Դա նշանակում է, որ մարդը պատրաստ է դիմակայելու և՛ մարտահրավերներին, և՛ դրանից բխող բոլոր հետևանքներին։ Ես կարծում եմ, որ դա իրոք մեծ քաջություն է, ամեն մարդ չի, որ նման քաջություն կստանձնի։
– Քոչարյանն ասաց, թե նոր բռնապետ է Հայաստանում հայտնվել։
– Այո, նա ասաց՝ նոր բռնապետ, փաստորեն՝ ինքն իրեն դասելով առաջին բռնապետների շարքը, ցույց տալով, որ Հայաստանում տիրել է բռնապետական ռեժիմ, և բնական է, որ նա չէր կարող որևէ այլ մեկի ի նկատի ունենալ, իրենից բացի։ Դա նշանակում է, որ իշխանության ուզուրպացիան Քոչարյանի կողմից և նախկին իշխանությունների կողմից կայացած փաստ է։ Ուղղակի այդ փաստը հիմա պետք է ստանա անթերի իրավական ձևակերպումներ։ Եվ ասեմ՝ այդ «նոր» բառը շատ-շատ բնութագրական բառ էր այս կոնտեքստում։
– Գաղտնալսման հետ կապված ի՞նչ դիտարկումներ ունեք, դրա բովանդակությունն ինչպիսի՞ն էր։
– Մենք բոլորս՝ ես, դուք, խմբագիրները, քաղաքական վերլուծաբանները, օրվա մեջ հարյուր անգամ վարում ենք տարբեր աշխատանքային խոսակցություններ։ Այդ խոսակցությունը հերթական աշխատանքային խոսակցություն էր, ուղղակի գերատեսչությունների որակն էր այդ աշխատանքային խոսակցությունը բարձրացնում մի աստիճան վերև ու մտցնում մեկ այլ հարթություն, այլ որակ հաղորդում։ Դրա համար խոսակցության բովանդակային մասը, որ հիմա փորձում են տարբեր ձևով ներկայացնել, այնքան կարևոր չի ինձ համար, որովհետև իսկապես ես եթե ուրիշ բան լսեի, կասեի, որ բովանդակային մասն էլ է շատ կարևոր, բայց կարևոր է, սարսափելի կարևոր է գաղտնալսման փաստը։ Այդ փաստն ի սկզբանե պետք է բացառել՝ իբրև նախադեպ։ Այսինքն՝ այն մարդիկ, որոնք այդ փաստերը գաղտնալսում են, հետո դնում են «Յութուբ», բոլորը՝ մինչև վերջին պատասխանատուն, նույնիսկ մինչև նա, ով ներբեռնել է այդ հոլովակը համացանց, պետք է պատասխանատվություն կրեն, որ հաջորդ անգամ նման նախադեպ չլինի։
– Դրա հեղինակները հասա՞ն իրենց նպատակին։
– Ո՛չ։ Եվ ես միշտ դիտարկել եմ նախկին իշխանությունների կարճամտությունը բոլոր ասպեկտներում։ Իրենք այդպես էլ չեն ուզում հասկանալ, որ իրենք չունեն համաժողովրդական աջակցություն։ Ես չգիտեմ՝ իրենց ով է ներշնչել, որ իրենք ունեն ժողովրդի ինչ-որ հատվածի աջակցությունը, իրենք երբեք չեն ունեցել։ 10 տարի շարունակ ես կրկնում եմ՝ որ ասում են՝ ընդդիմություն չկա, ասում եմ՝ եթե դուք ոտքներդ դուրս դնեք ձեր գրասենյակներից, ողջ հասարակությունն ընդդիմություն է։ Խոսքերս հատ-հատ իրականացան։ Ողջ հասարակությունն ընդդիմադիր է, հասարակությունն իրենց չի ընդունում։ Ցանկացած պրովոկացիա նպաստում է հանրության կոնսոլիդացմանը։ Դա դեռ վատ չի, բայց մյուս կողմից՝ նպաստում է հանրության զայրույթի չափաբաժնի աճին։ Եվ այդ զայրույթը լավ չի, որ աճում է, որովհետև այդ դեպքում Հայաստանը քաղաքակիրթ ուղուց կարող է և ինչ-որ պահի փորձի շեղվել, բայց հուսով եմ՝ դա չի լինի, և պետք չի այդ զայրույթն ահագնացնել։ Ես նույնիսկ մտածում եմ, որ մտադրաբար են այդ զայրույթն ահագնացնում։ Այդ պրովոկացիաները որևէ լավ բանի չեն բերի և, եթե Հանրապետականը մտածում է հետագա քաղաքական ճակատագիր կազմավորելու մասին, ինքն իրեն պետք է պահի իբրև քաղաքական ուժ։ Ինքն իրեն չի պահում իբրև քաղաքական ուժ, ինքն իրեն պահում է՝ իբրև իշխանությունը կորցրած, նեղացած մեկը, որը փորձում է ամեն ձևով ռևանշի գալ։ Դա այնքան էլ գեղեցիկ չի։
– Ռոբերտ Քոչարյանն ու նրա թիմակիցները խնդիր են դնում…
– Քոչարյանը չունի թիմակիցներ, Քոչարյանը հենվում է այն մարդկանց վրա, որոնք ունեցել են իշխանական լծակների և փողային ռեսուրսների կորուստներ, իսկ դա շատ վատ հենարան է։
– Խնդիր է դրվում, որ ԱԱԾ տնօրենը և ՀՔԾ պետը պետք է հրաժարական տան։ Նաև Ռոբերտ Քոչարյանը հարցազրույցներից մեկում դրան անդրադարձավ։
– Գիտեք, ես իրենց կփորձեի հասկանալ, եթե Մարտի 1-ի իրադարձություններից հետո, իսկ դրանից առաջ՝ Հոկտեմբերի 27-ի իրադարձություններից հետո որևէ մեկը, որևէ պատասխանատու հրաժարական տար։ Որևէ մեկը հրաժարական չտվեց։ Դրա համար հիմա ճիշտ կլինի՝ լռեն։ Մեկ անգամ լռելն է ճիշտ։