Ինչ հետևանքներ կունենա ԵԽԽՎ-ում Հայաստանում տիրող իրավիճակի քննարկումը
«Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող զարգացումներն արտահերթ քննարկվելու են ԵԽ ԽՎ մոնիտորինգային հանձնաժողովում»,- այս մասին երեկ տեղեկացրել է ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը:
Նա մասնավորապես նշել է. «Երեկ ԵԽ ԽՎ քաղաքական հարցերի և ժողովրդավարության հանձնաժողովի նիստին քննարկվել է ՀՀ-ում տիրող ներքաղաքական իրավիճակը և վերջին շրջանում տեղի ունեցած զարգացումները, մասնավորապես՝ խոսքի ազատության դեմ ուղղված բռնաճնշումները, ատելության խոսքի աննախադեպ բռնկումը և տարածումը, երկրորդ նախագահի, բազմաթիվ նախկին պաշտոնյաների և նրանց ընտանիքի անդամների դեմ հարուցված քրեական գործերը, հնարավոր սահմանադրական փոփոխությունները` որպես վարչապետի պաշտոնավարումը երաշխավորող լծակ, օրենսդիր և դատական իշխանությունների վրա ճնշումները։
Ներկայացրել եմ փաստեր, տեսանյութեր, հրապարակումներ։ Քննարկվել է նաև ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի միջև տեղի ունեցած ձայնագրության բովանդակությունը: Հանձնաժողովը հարցի քննարկման արդյունքում որոշում կայացրեց Քաղաքական հարցերի և ժողովրդավարության հանձնաժողովի անունից նամակ ուղղել Մոնիտորինգային հարցերի հանձնաժողովին` առաջարկելով մոնիտորինգ իրականացնել Հայաստանում իրավունքի գերակայության ապահովման, օրենսդիր և դատական իշխանությունների անկախության ապահովման, ինչպես նաև քաղաքական հետապնդումների կապակցությամբ»:
Հարկ է նշել` ԵԽ ԽՎ մոնիտորինգային հանձնաժողովը ձևավորվել է 1993թ., որի գլխավոր նպատակն է՝ մոնիտորինգի ենթարկել ԵԽ նոր անդամ երկրների ստանձնած պարտավորությունների կատարման ողջ ընթացքը, հետևել, թե ինչպես են իրականացվում պարտավորությունները, համոզվել, որ ԵԽ բոլոր անդամ երկրները գտնվում են միևնույն իրական և քաղաքական հարթությունում, ԵԽ չափանիշերին համապատասխան, իրավական երկրի սկզբունքների, խորհրդարանական ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության շրջանակներում:
Կոպիտ խախտումների հայտնաբերման դեպքում Վեհաժողովն իրավասություն ունի դադարեցնել խորհրդարանական պատվիրակության աշխատանքը՝ միջնորդելով ԵԽ նախարարական հանձնաժողովին դադարեցնել տվյալ երկրի անդամակցությունը ԵԽ-ին: Հաստատված ընթակարգի համաձայն, ամեն տարի զեկուցողները զեկույց են ներկայացնում տվյալ երկրում տիրող իրավիճակի վերաբերյալ, ԵԽ ԽՎ-ում քննարկումների արդյունքում բանաձև է ընդունվում, որում նշվում է՝ շարունակվելո՞ւ է արդյոք մոնիտորինգը տվյալ երկրում, թե՞ ոչ:
Եթե դադարեցվում է մոնիտորինգը, տվյալ երկրի առնչությամբ սկսվում է հետմոնիտորինգային փուլը: Հայաստանը ԵԽ անդամակցությունից հետո մոնիտորինգային փուլից դուրս չի եկել, թեև նախկին իշխանությունների ներկայացուցիչները վերջին տարիներին պնդում էին, որ մոնիտորինգից դուրս գալու ժամանակը հեռու չէ: ԵԽ ԽՎ-ում Հայաստանի հարցով համազեկուցողներն են Ջուզզեպե Գալատին ու Յուլյա Լովոչկինան, որոնք վերջին անգամ փաստահավաք այցով Հայաստանում էին մայիսի 23-25-ին:
Այցի շրջանակներում նրանք հանդիպումներ էին ունեցել ՀՀ նոր և նախկին իշխանությունների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Հայաստան կատարած այցից հետո համազեկուցողներն ընդգծել էին, որ ներառական կառավարության նշանակումն ու նոր վարչապետի հստակ մտադրությունը՝ ստեղծել կայուն ու ժողովրդավարական միջավայր, ստեղծել են անհրաժեշտ պայմաններ ժողովրդավարական բարեփոխումների շարունակականության ու երկրի ազգային անվտանգության համար։ Ի թիվս դրական գնահատականների, նրանք վերահաստատել էին իրենց մտահոգությունները՝ նախկին իշխանությունների նկատմամբ սոցիալական ցանցերում տարածված «ատելության խոսքի» կապակցությամբ, և կոչ էին արել բոլոր քաղաքական ուժերին՝ քննադատել այն։
«168 Ժամի» հետ զրույցում լեհ քաղաքական վերլուծաբան Կոնրադ Զաշտովտը պարզաբանեց, թե ինչ հետևանքներ կարող են ունենալ այս հանձնաժողովում գաղտնալսման փաստի, դրա բովանդակության և դրան հաջորդած իրադարձությունների քննարկումը: Նա նշեց, որ ներքին իրավիճակը Հայաստանում դեռ անկայուն է, թեժ, ինչը հեղափոխությանը հաջորդած փուլի համար բնորոշիչ հանգամանք է: Նրա որակմամբ՝ գաղտնալսման փաստը և դրա հրապարակումը ցույց են տալիս, որ կա ակտիվ ներքաղաքական պայքար ներկայիս իշխանությունների, նրանց նախաձեռնած քաղաքականության դեմ: Նպատակը, ըստ Զաշտովտի՝ ցույց տալն էր, որ ՀՀ իշխանությունների հայտարարությունները ու գործողությունները հակասում են, այսինքն` իշխանությունները պնդում են, որ չեն միջամտում արդարադատությանը, բայց կա միջամտություն, քաղաքական հետապնդում, և այլն:
«Բնականաբար, բովանդակությունը, որքան ես տեղեկացա, ողջունելի չէ, որովհետև խոսակցությունը պտտվում է կարևոր քրեական գործի շրջանակում կատարվելիք ձերբակալությունների վերաբերյալ: ՀՀ վարչապետը փորձեց հիմնավորել այդ բովանդակությունը, թե ինչպես և ինչ կոնտեքստում՝ դա այլ հարց է: Ավելի մտահոգիչ է
այն փաստը, որ գաղտնալսվել է ԱԱԾ ղեկավարը, ինչի հնարավորությունը պետք է չլիներ: Հասկանալով հետհեղափոխական փուլի վտանգները, իշխանության խոցելիությունը, այս հնարավորությունը չպետք է վրիպեր իշխանությունների ուշադրության կենտրոնից»,- ասաց Զաշտովտը:
Անդրադառնալով ԵԽ ԽՎ Մոնիտորինգային հանձնաժողովում ներքաղաքական զարգացումների քննարկման հետևանքներին` Զաշտովտն ասաց, որ քանի դեռ երկիրը գտնվում է մոնիտորինգային փուլում, նման քննարկումները երկրի ընդդիմության աշխատանքի արդյունքում կարելի է նորմալ պրակտիկա համարել: Նրա խոսքով՝ զեկուցողներն ուսումնասիրում են իրավիճակը՝ հաշվի առնելով բոլոր կողմերի դիրքորոշումները և կազմում համապատասխան զեկույցներ: «Բնականաբար, հասկանալի է, որ երկրում իշխանության նման տեսակի փոփոխությունից հետո միջազգային հանրությունը հետևելու է այն քրեական գործերի օրինականությանը, որոնք հարուցվել են, առավել ևս, որոնք հարուցվել են բարձրաստիճան նախկին պաշտոնյաների դեմ, հերքելու համար քաղաքական հետապնդման վտանգները, որոնք լինում են նման իրավիճակներում: Այս հանձնաժողովում քննարկումներն էլ ավելի հասկանալի կդարձնեն Հայաստանում տիրող իրավիճակը եվրոպացի խորհրդարանականների համար:
Այնուամենայնիվ, ցանկացած քննարկում, որը երկրում բացասական զարգացումների մասին է, անդրադառնում է երկրի, իշխանությունների հեղինակության վրա, որը ներկայումս բարձր է Հայաստանի դեպքում: Սակայն նախկին իշխանությունը, այսինքն` ներկայիս ընդդիմությունն արդյունավետ աշխատում է եվրոպական կառույցներում»,- ասաց Զաշտովտը:
Գերմանացի քաղաքագետ Ուվե Հալբախն ասաց, որ և՛ գաղտնալսման փաստը, և՛ դրա բովանդակությունը քննադատելի է:
«ԵԽ ԽՎ-ում քննարկումը բնական է, քանի որ սա առանցքային փուլ է Հայաստանի և տեղի ունեցող քաղաքական գործընթացների համար: Սրանք ցուցիչն են լինելու այն բանի, թե որքանով են իսկապես ՀՀ իշխանությունները ժողովրդավար: Ես հնարավորություն չունեմ գործընթացներին հետևել ներսից, սակայն վստահ եմ, որ այս իշխանությունների բարեփոխումների պատրաստակամությունը լիովին կարտացոլվի այդ գործընթացների արդյունքում: Այնպես որ՝ ԵԽ ԽՎ-ն բազում նյութեր ունի ուսումնասիրելու»,- ասաց Հալբախը:
Նրա կարծիքով՝ սա առանձնապես մեծ ազդեցություն չի ունենա:
«Հաշվի առնելով ԵԽ ԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ակտիվությունը՝ գուցե այդ պատվիրակությունը փորձի դիվիդենտներ քաղել: Հույս ունենք, որ այն, ինչ հայտարարվում է իշխանությունների կողմից, կլինի օրենքի շրջանակներում՝ միտված լինելով օրինականություն հաստատելուն, և ոչ՝ հակառակը: Իշխանությունը պետք է թափանցիկ աշխատի եվրոպական կառույցների հետ՝ խնդիրները բացառելու նպատակով: Հայաստանը, ինչպես երևում է, դեռ կմնա մոնիտորինգի տակ, քանի որ ներքաղաքական զարգացումները Հայաստանում բավականին բուռն ընթացք են ստացել»,- ասաց Հալբախը: