Նիկոլ Փաշինյանը՝ Յուրի Խաչատուրովի մասին ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի զրույցի վերաբերյալ
Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Հակոբյան վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց՝ համացանցում հայտնված ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների խոսակցության ձայնագրությունը նոր խնդիրներ չի՞ առաջացնում ՀԱՊԿ-ի հետ:
Ն.Փաշինյանը պարզաբանեց, որ հենց այդ պատճառով են այդ խոսակցությունները տեղի ունեցել, որովհետև երբ խնդիր է առաջացել Յուրի Խաչատուրովին մեղադրանք առաջադրելու, նրա շրջապատից ազդակները գնացել են տարբեր ուղղություններով և ազդակներ են ստացվել ՀՀ իշխանության ներկայացուցիչներին:
Թե ինչո՞ւ է ԱԱԾ-ն ընդհանրապես խառնվել այս իրավիճակին, Ն.Փաշինյանը նշեց, որ տարբեր տեղերից ազդակներ են եղել, որ կա անհանգստություն, և ԱԱԾ տնօրենին նաև խնդրել են, որպեսզի ինքն իրավիճակին միջամտի և փորձի լուծել:
Ն.Փաշինյանն ընդգծեց, որ ԱԱԾ տնօրենը ՀՔԾ պետի հետ այդ թեման քննարկել է ոչ թե իր նախաձեռնությամբ և հաճույքով, այլ որովհետև դրսից գործընկեր երկրներից նրան զանգել են և անհանգստություն են փոխանցել և, քանի որ նա եղել է Շվեյցարիայում և տեղյակ չի եղել, թե ինչի մասին է խոսքը, զանգել է ՀՔԾ պետին:
Փաշինյանն ինքը տեղեկացել է ԱԱԾ տնօրենից և ՀՔԾ պետից է ճշտել՝ կա՞ նման բան, թե՞ ոչ, և հետաքրքրվել է, թե իրենց պայմանավորվածությունների շրջանակո՞ւմ է՝ գործը հիմնավո՞ր է և այլն, ի գիտություն է ընդունել տեղեկատվությունը և այդ մասին հաղորդել ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի անդամ երկրների վարչապետներին, որ ՀՀ-ում նման գործընթացներ են կատարվում:
«Ոչ, այդպիսի խնդիրներ չի առաջացնում, որովհետև եթե այդ խնդիրները ծագել են, համենայն դեպս, մենք ժամանակին նրանց տեղյակ ենք պահել: Այսօր ես համարում եմ այդ խնդիրները հարթված»,- ասաց ՀՀ վարչապետը:
Նա հավաստիացրեց, որ եթե մեկը գաղտնալսի Հակոբյանի ամենօրյա խոսակցությունները, կարող են բազմաթիվ ոչ կոռեկտ արտահայտություններ լինել, այդ թվում՝ խմբակցության անդամների մասին, բայց դա չպետք է ընդունել որպես քաղաքական իրողություն: Ի պատասխան Մ. Հակոբյանն ասաց, որ չի կարող նման խոսակցություն լինել:
ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի կարգավիճակի մասին Ն.Փաշինյանն ասաց, որ ՀՀ ներկայացուցիչը նշանակվել է ժամկետով, ոչ թե անձն է նշանակվել. «Եվ ես ունեմ հիմք՝ մտածելու, որ մենք այդ ժամկետը կպահպանենք»: