«Արմենպրես»-ն օգտագործում է առաջավոր տեխնոլոգիաները մեդիադաշտում մրցունակության ապահովման համար. Արամ Անանյանի ելույթը Մինսկի մեդիաֆորումում
«Արմենպրես»-ի տնօրեն Արամ Անանյանը Մինսկում «Համագործակցություն հանուն ապագայի. թվային օրակարգը մեդիատարածքի համար» խորագրով մեդիաֆորումում խոսեց ժամանակակից ԶԼՄ-ների զարգացման հեռանկարների մասին: «Արմենպրես»-ի տնօրենը նշեց, որ ֆորումը, ըստ էության, կարևոր հարթակ է դարձել ակտուալ տեղեկատվության ու մեդիա ինդուստրիայի հարցերի քննարկման համար:
«Ես ավելի քան համոզված եմ, որ ժամանակակից աշխարհում այլևս չկան բացառապես ոչ թվային ԶԼՄ-ներ: Տարեցտարի ավելի բարդ է դառնում առանձնացնել որևէ ոլորտ, որը միայն ոչ թվային կլինի»,- նշեց Անանյանը: Նա ընդգծեց, որ իր խոսքերն ամենևին չեն ենթադրում, որ տպագիր մամուլը պետք է դադարեցնի գոյությունը: «Տպագիր խոսքը նոր հնարավորություն է ստանում, քանի որ թուղթը դառնում է թվային տեղեկատվության կրող և անգամ պարզագույն QR կոդի միջոցով թույլ է տալիս ներխուժել թվային աշխարհ՝ հարստացնելով տպագիր հրապարակումներն այնպիսի տեղեկատվությամբ, որը տասնյակ տարիներ առաջ անհնար կլիներ պատկերացնել»,- ասաց «Արմենպրես»-ի տնօրենը՝ ընդգծելով, որ այսօր զանգվածային լրատվամիջոցների օգտագործման ձևը տարբերվում է տարիներ առաջվանից:
«Ինտերնետ ռեսուրսները, բլոգերն ու սոցիալական ցանցերն այլևս նոր մեդիա չեն համարվում: Եթե տարիներ առաջ մենք քննարկում էինք, որ մարդիկ շրջապատված են տեղեկատվությամբ, ապա այսօր նրանք սմարթ հեռախոսների, ժամացույցների ու ակնոցների միջոցով բառացիորեն դարձել են տեղեկատվություն կրողներ: Մենք տարածության ու ժամանակի մեջ ավելի քան երբևէ մոտ ենք մարդուն, իսկ ժամանակակից մարդն ապրում է միջավայրում, որը լի է տեղեկատվական հոսքերով»,- նշեց Անանյանը՝ ընդգծելով, որ հենց օնլայն ռեժիմում էր, որ զարգացավ Հայաստանի թավշյա հեղափոխությունը, որին աշխարհի ցանկացած անկյունից կարելի էր հետևել առան մի դրամ գումար ծախսելու:
Խոսելով «Արմենպրես»-ի ռազմավարության մասին՝ նա հայտնեց, որ գործակալության աշխատանքի ռազմավարական ուղղություններից է արագ փոփոխվող աշխարհում փոքր «նյուզռում»-երի զարգացման ձևաչափերի որոնումը: «Մեր մրցունակության բարձրացման համար ինչպես ներքին, այնպես էլ միջազգային մեդիատարածքում տեղեկատվական արտադրանքի ստեղծման գործում օգտագործում ենք արհեստական բանականության հնարավորությունները: Օրինակ, մենք ավտոմատացրել ենք ամենօրյա տնտեսական լրահոսը»,- նշեց Անանյանը՝ ընդգծելով, որ դա հավելյալ հնարավորություն է տալիս լրագրողներին, ովքեր իրենք ժամանակն օգտագործում են յուրօրինակ բովանդակության ստեղծման վրա: Անդրադառնալով ռիսկերին, որոնք առկա են տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման, մասնավորապես անձնական ու համակարգչային տվյալների պաշտպանության գործում, ինչպես նաև հաշվի առնելով ապատեղեկատվության, կեղծ լուրերի ու ատելության քարոզի տարածման վտանգները՝ նա ասաց, որ այդ ռիսկերը հաղթահարելի են պրոֆեսիոնալ լրագրության զարգացման դեպքում:
Որպես «Արմենպրես»-ի մրցունակության մեկ այլ կարևոր ու միաժամանակ պատասխանատու գործոն նա առանձնացրել է հայկական մեծ սփյուռքի առկայությունը, որը, որպես ցանցային օրգանիզմ, ընդլայնում է փոքր «նյուզռում»-ի սահմանները և այդ համատեքստում միջազգային համագործակցությունը նոր իմաստ է ձեռք բերում: Հայկական Սփյուռքից մինչև Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, Միացյալ Նահանգներից մինչև Ռուսաստան. աշխարհի ցանկացած կետից «Արմենպրես»-ը մշտապես ակտիվորեն տեղեկություններ է հավաքում ու հաղորդում ընթերցողներին:
«Այս կապակցությամբ մենք մեծ նշանակություն ենք տալիս գործընկերների հետ համագործակցությանը: Քանի որ գտնվում ենք Բելառուսում, ցանկանում եմ հատուկ ընդգծել երկարաժամկետ ու արդյունավետ համագործակցությունը բելառուսական պետական լրատվական «Բելտա» գործակալության հետ»,- նշեց Անանյանը՝ շնորհավորելով բելառուս գործընկերներին «Բելտա»-ի 100-ամյակի կապակցությամբ՝ ընդգծելով, որ այս տարի լրանում է նաև «Արմենպրես»-ի 100-ամյակը:
Նա գոհունակությամբ հայտնեց, որ մեդիաֆորումի շրջանակում ծրագրվում է բելառուսական ԶԼՄ-ների հետ համագործակցության ընդլայնում: «Քանի որ «Արմենպրես»-ը միավորում է նաև տպագիր օրգաններ, մենք իմ լավ ընկեր ու հայտնի մեդիա մենեջեր Դմիտրի Ժուկի հետ կդնենք «Արմենպրես»-ի տպագիր օրգանների ու «Беларусь сегодня» մեդիա հոլդինգի համագործակցության հիմքը, ինչը կնպաստի հանուն ապագայի պրոֆեսիոնալ համագործակցությանը»,- հայտնեց նա: