
«Որ աղետի գոտին վերականգնել է Ռոբերտ Քոչարյանը, դա փաստ է. Էնքան բան է կառուցել, արտագաղթ չկար, ներգաղթ կար». Վարդան Ղուկասյան

«Ես երկար տարիներ Քոչարյան Ռոբերտի հետ աշխատել եմ և հարգում եմ Քոչարյան Ռոբերտին»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, նախկինում Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը՝ հավելելով, թե տեղին չէ հարցը՝ արդյոք նրա շուրջ կհամախմբվի՞:
Հարցին՝ Քոչարյանը կկարողանա՞ հասարակությունը մոբիլիզացնել, Վ.Ղուկասյանը պատասխանեց՝ կապրենք, կտեսնենք:
«Ես իր հետ 10 տարի աշխատել եմ, և, որ աղետի գոտին վերականգնել է Ռոբերտ Քոչարյանը, դա փաստ է: Էնքան բան է կառուցել, պատերազմին մասնակցել է, արտագաղթ չկար, ներգաղթ կար: Ամեն ինչ ուրանալ… ես այդ բնավորությունը չունեմ և ոչ էլ որևէ մեկին «սազվել» եմ սիրում»,- ասաց Վ.Ղուկասյանը:
Դիտարկմանը, թե Քոչարյանն է մեղավոր Մարտի 1-ի և Հոկտեմբերի 27-ի համար, Վ.Ղուկասյանը հակադարձեց. «Երբ մեկին փաթաթում եք Մարտի մեկ, Հոկտեմբերի 27, փաստերով խոսեք, հստակ կա՞ այդպիսի բաներ: Եթե լինի, միանշանակ, բոլորս էլ չենք ընդունի էդպիսի մարդուն: Քննչական մարմինները թող աշխատեն: Սպասենք, նայենք՝ ինչ կլինի»: