«Դատարանի կամ դատավորի գործերին որևէ միջամտություն առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն». Երվանդ Խունդկարյան

Խորհրդարանում այսօր քննարկվում է Վճռաբեկ դատարանի նախագահի ընտրության հարցը։ Թեկնածուին ներկայացրեց ԲԴԽ Գագիկ Հարությունյանը՝ ընդգծելով, որ փոխվել է Վճռաբեկ դատարանի դատավորի լիազորությունների շրջանակը. նա առաջին հերթին պալատի դատավոր է, որն իրականացնում է օրենքով սահմանված այլ  կազմակերպչական բնույթի լիազորություններ։

Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածու Երվանդ Խունդկարյանն ասաց, որ ներկայումս գործող օրենսգիրքն առավել կարևոր է Վճռաբեկ դատարանի նախագահի՝ որպես դատավորի, արդարադատության իրականացման գործառույթի ապահովումը՝ ամրագրելով, որ մնացած լիազորություններն իրականացնում է՝ ի լրումն Վճռաբեկ դատարանի պալատի դատավորի իր լիազորությունների.

«Վճռաբեկ դատարանի որոշումներն ուղենիշային են համարվում ոչ միայն իրավակիրառ պրակտիկայում, այլև օրենքներ կամ ենթաօրենսդրական ակտեր ընդունելիս։ Ավելին, Վճռաբեկ դատարանի որոշումներն ունեն ոչ միայն գործնական, այլև կրթական և գիտական մեծ նշանակություն։ Իշխանությունների տարանջատման սկզբունքի դրսևորումներից է դատական իշխանության անկախությունը։ Դատավորն անկախ է պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, պաշտոնատար, իրավական և ֆիզիկական անձանցից, հաշվետու չէ որևէ մեկի, այդ թվում՝ պարտավոր չէ բացատրություններ տալ։ Դատարանը գործը կամ հարցը քննում է Սահմանադրությանն ու օրենքներին համապատասխան, գործի հանգամանքները գնահատելով իր ներքին համոզմամբ»։

Նա նշեց, որ դատարանի կամ դատավորի գործերին որևէ միջամտությունն առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն. «Մեր հասարակությունը պետք է պատրաստ լինի և ընդունելի համարի տարբեր դատարաններում տարբեր իրավական հարցերի վերաբերյալ տարբեր լուծումներ բովանդակող դատական ակտերի առկայությունը: Վերջին շրջանում ականատես եղանք մի շարք իրավիճակների, մասնավորապես, երբ շրջափակվում էին դատարանների շենքերը՝ այդ կերպ փորձելով անուղղակիորեն ազդեցություն ունենալ դատարանների կողմից կայացվող որոշումների բովանդակության վրա, ինչպես նաև խոչընդոտելով դատարանների բնականոն գործունեությանը։

Քաղաքացիական հասարակության կարևորագույն հատկանիշներից է պետական իշխանության յուրաքանչյուր ճյուղի նկատմամբ պահանջատեր լինելու կարողությունը, որը կարող է դրսևորվել և՛ քննադատությունների, և՛ որոշակի զանգվածային միջոցառումների միջոցով։ Սակայն, ցանկացած քննադատություն և զանգվածային միջոցառում պետք է ունենա օբյեկտիվ հիմքեր և չանցնի օրենքով սահմանված սահմանը»։

Տեսանյութեր

Լրահոս