«Հիմա ԲՈԿ-ում կա 60 մասնագիտական խորհուրդ, որոնց ճնշող մեծամասնությունը ձևավորվել է խախտումով». Սմբատ Գոգյան
ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանն այսօրվա ասուլիսին ասաց, որ պաշտոնավարման երեք ամիսների ընթացքում փորձել է ուսումնասիրել մասնագիտական խորհուրդներում տիրող վիճակը.
«Ցավոք, եկել եմ այն եզրահանգման, որ քննադատությունների մեծ մասը, թե այնտեղ կան կոռուպցիոն սխեմաներ, որակի վերահսկողության բացակայություն, իրականություն են։ Հիմա ԲՈԿ-ում կա 60 մասնագիտական խորհուրդ, որոնց ճնշող մեծամասնությունը ձևավորվել է կարգի խախտումով։ Գոյություն ունի կառավարության կողմից հաստատված կանոնակարգ, որտեղ նշված է, թե խորհուրդներում ընդգրկվողները ինչ մասնագիտական պահանջների պետք է բավարարեն, որոնց չեն բավարարում։ Ես ստիպված եղա սեպտեմբերի սկզբներին դադարեցնել մասնագիտական խորհուրդներում ատենախոսությունների ընդունման գործընթացը, մինչ հստակ պատկերացում ունենանք, թե որ մասնագիտական խորհուրդն ինչ չափով չի համապատասխանում։
Վիճակն այնպես է, որ եթե օրենքի ամբողջ խստությունը կիրառենք խորհուրդների վրա, մնա մեկ կամ երկու մասնագիտական խորհուրդ, որը կբերի գիտական աստիճանաշնորհման համակարգի կոլապսի։ Դրա համար հիմա երկու շաբաթվա ընթացքում կառանձնացնենք բուժման ենթակա և չենթակա խորհուրդները»։
Գոգյանը նկատեց՝ երբ մասնագիտական խորհրդում ընդգրկում ես մի մարդու, որն իրավունք չուներ ընդգրկվել, բայց նրա կողքին կան երկու-երեք արժանիներ, որոնք նույնպես չեն համապատասխանում բոլոր չափանիշերին, բայց նրանց չես ընդգրկում, այստեղ հարց է առաջանում՝ ինչո՞ւ այդպես տեղի ունեցավ. «Չափանիշերի խիստ լինելու արդյունքում, երբ արդեն օրինական կերպով քչերն են ընդգրկվում, արդեն գալիս է այդ կամայականության պահը, որ դու չես բավարարում, քեզ չենք ընդգրկում, իսկ այս մյուսը չի բավարարում, բայց ներքին կարգով ընդգրկում են խորհրդի կազմում, ինչի արդյունքում խորհրդի կազմը լինում է կառավարելի, որովհետև եթե խորհրդի 9 անդամներից 5-ը կամ 4-ը չեն բավարարում պահանջներին, չեն կարող բացահայտ դեմ խոսել ատենախոսության որակի վերաբերյալ, որովհետև գիտեն, որ այդքան էլ իրավական հիմքերով չեն ընդգրկվել խորհրդում։ Մեր նպատակն է լինելու՝ մոտակա 3-3.5ամսվա ընթացքում այդ ամբողջ ռիսկերը վերացնել, խորհուրդները բերել օրինական դաշտ»։
Մշտական մասնագիտական խուրհուրդները, որոնք ձևավորվել են և հիմա գործում են մինչև երեք տարի, ըստ ԲՈԿ ղեկավարի՝ իրենց սպառել են. «Մեր մասնագիտական խորհուրդների նախագահների մեծամասնությունը, դառնալով խորհրդի նախագահ, ստանում են մեծ լիազորություններ և հեղինակություն, որովհետև նրանք, այսպես ասած՝ նորաձևություն թելադրողն են դառնում, բայց մյուս կողմից՝ նրանք չեն ստանձնում ոչ մի պատասխանատվություն։
Վերջին 2 ամսվա ընթացքում ես ներկա գտնվեցի մի քանի ատենախոսությունների պաշտպանությունների և կարող եմ ասել, որ մասնագիտական խորհուրդներում քննարկում գրեթե տեղի չի ունենում, մարդիկ գալիս են՝ քվեարկելու և գնալու, ես նույնիսկ ֆիզիկայի ոլորտում, որտեղ մագիստրոսի թեզ եմ պաշտպանել և լավ պատկերացնում եմ այդ պրոցեսները, ներկա գտնվեցի պաշտպանության, որտեղ հայցորդին բառացի իր գրած սխալների մասին անձամբ ներկայացրի, իսկ խորհրդի անդամներից ոչ ոք չհակաճառեց, բայց միաձայն կողմ քվեարկեցին։
Ընդ որում՝ դեպքեր կան, որ ատենախոսությունը գրված է հայերեն, բայց ընդդիմախոսը ռուս է, և երբ հարցնում եմ՝ ինչպե՞ս է ընդդիմախոսը կարդացել ատենախոսությունը, պատասխանում են՝ դե, սեղմագիրը ռուսերեն տվել ենք՝ կարդացել է։ Բայց ինձ համար անհասկանալի է դա»։