Թուրքական տրոյական ձին՝ ռազմավարական առանցքում

Թեհրանում միջնախագահական եռակողմ ժողովը, ըստ էության միացյալ զինվորաքաղաքական որեւէ նախաձեռնությամբ հանդես գալու որոշման չի հանգել։ Կարգախոսաբանությունը գերակշռում է ժողովից բխած հայտարարություններում, նաեւ՝ դրա մասնակից յուրաքանչյուր նախագահի կողմից կատարված հրապարակումներում։

Նախ, նկատելի է, որ սիրիական հիմնահարցի հանգուցալուծմանը հատկացված ժողովին բացակա է ի՛նքը՝ Սիրիան։ Մինչ, պաշտոնական Անկարան շարունակում է Դամասկոսի կամ սիրիական վարչակարգի հովանավոր ուժեր եզրաբանությունը օգտագործել առանցքի իր մյուս երկու գործընկերներին։

Այստեղ գոյություն ունեն պարադոքսալ դրույթներ, հատկապես Անկարայի դիրքորոշումների հետ կապված։ Եռակողմ  հանդիպումն ընդգծում է սիրիական տարածքների վրա  ահաբեկչազերծման առաջադրանքը. դա հաստատում է նաեւ Անկարան, սակայն շարունակում է զգուշացնել ահաբեկչական տարրերի դեմ միացյալ գործողություն նախաձեռնելուց, հիմնաւորելով, որ նման գործողությունը փախստականների հսկայական ալիք կառաջացնի դեպի Թուրքիա։

Մինչ Վաշինգտոնը, որը  Անկարայի հետ այս օրերին լարված հարաբերությունների արարներ է բեմականացում, զգուշացնում է կողմերին անխոհեմ հարձակումից։ Դա նշանակում է իր հերթին, որ որեւէ զինվորական գործողություն Իդլիբի նկատմամբ, ենթարկվելու է ամերիկյան մեկնաբանությամբ՝ սիրիական վարչակարգի կողմից քիմիական զենքի օգտագործումով, ինչը ենթահող կպատրաստի Վաշինգտոնի զինվորական միջամտությանը։

Իրավիճակի այս ամփոփ բնութագիրը մտածել է տալիս Իդլիբի ուղղությամբ զինվորական միջամտության ուշացման հիմնական պատճառների մասին։ Փաստորեն չկա համաձայնություն՝ Իդլիբը ազատագրելու ահաբեկիչ տարրերից։ Մնացյալը՝ մարդկային աղետի նոր ալիքի բարձրացում, քաղաքայինների Իդլիբում գոյությունը իբրեվ արգելակիչ երեւույթի ներկայացում եւ նման ենթադրյալ հետեվանքների պարզում, զինվորական գործողության մեկնարկի հետաձգմանը կամ առկախմանն են միտում։

Սիրիական տարածքների վերջնական ահաբեկչազերծումը, եթե Թեհրանի ժողովից բխած առաջադրանք է, ապա թեժ կետը այս պահի դրությամբ Իդլիբն է, որի ուղղությամբ մաքրազտման գործողություն չի իրականացվում։ Մինչեւ այն ժամանակ, որ Անկարան իր տարածաշրջանի առանցքային գործընկերներից երաշխիք չունի, որ Իդլիբը զինվորական գործողությունից հետո  պիտի հանձնվի իր վերահսկողությանը, կանաչ լույս չի տալու ռազմական միացյալ միջամտությանը։ Մյուս կողմից թե՛ Մոսկվան եւ թե՛ Թեհրանը ճիգ են թափում հակաամերիկյան ճակատին ներգրավված պահելու Անկարային, որը հերթական շեղում  է արձանագրում է ռազմավարական առանցքից։

Ի տարբերություն Մոսկվայի ու Թեհրանի նկատմամբ իր կիրառած ճնշամիջոցներին՝ Վաշինգտոնը Անկարայի նկատմամբ կաթիլային պատժամիջոցներով նպաստում է, որ թուրքական տրոյական ձին մնա ռազմավարական առանցքում։ Արդյունքը այս բոլորի այն է, պարզեցված տեսքով, որ Մոսկվան եւ Թեհրանը հովանավորում են պաշտոնական Դամասկոսին, մինչ Անկարան եւ Անկարայի նկատմամբ լարվածություն բեմականացնող Վաշինգտոնը՝ Իդլիբի զինյալներին։

Այս տեսությունը ամրագրում է Թուրքիայի արտգործնախարարը, երբ հայտարարում է, որ Թեհրանի եւ Մոսկվայի նպատակը Իդլիբի գրավումն է։ Սա նշանակում է, որ Անկարայի արգելակումը՝ ռազմական գործողությունների մեկնարկին Անկարայի վերահսկողության ապահովումն է նպատակադրում։ Ենթադրյալ համաձայնությունը, թե Իդլիբում պետք է մուտք գործեն Սիրիայի կառավարական ուժերը, համոզիչ չի թվում Անկարային։

Մոսկվա-Թեհրան-Անկարա ռազմավարական առանցքի պահպանման համար կիրառվող խաղերը անկյունի առաջ են կանգնել արդեն։ Իդլիբը կարող է բեկումնային պահ ստեղծել ամբողջ տարածաշրջանի համար։

ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

Տեսանյութեր

Լրահոս