Բաժիններ՝

«Եթե կա մի մարդ, ով գնում է Մակեդոնիա պարտության համար, թող չգա». Հավաքականի ֆուտբոլիստները՝ խաղից հետո

Ազգերի լիգայի D դիվիզիոնի 4-դ խմբի առաջին խաղում Հայաստանի ազգային հավաքականը կարողացավ հաղթել Լիխտենշտեյնի ընտրանուն (2:1):

Հայաստանի հավաքականը ուներ ահռելի առավելություն, անընդհատ գրոհում էր, բայց մարզական բախտն այնպես էր երես թեքել մեր ընտրանուց, որ ո՛չ անկյունայինների վարպետ Մարկոս Պիզելիի անկյունայիններն էին հաջող իրացվում, ո՛չ էլ Մխիթարյանն օգտագործեց իր մի շարք հնարավորությունները՝ անգամ 11-մետրանոցը: Մյուս ֆուտբոլիստների պահերը ևս հաջող ավարտ չէին ունենում:

Ինչպես խաղից առաջ նշել էր հավաքականի մարզիչ Վարդան Մինասյանը՝ կարևորը 3 միավոր վաստակելն էր: Առջևում 4-րդ խմբում ամենալուրջ մրցակիցն է՝ Մակեդոնիայի ընտրանին: 2 օր անց Հայաստանի հավաքականը կփորձի մրցակցի հարկի տակ հաջողության հասնել: Մինչ այդ, հավաքականի ֆուտբոլիստներն ամփոփել են առաջին խաղը:

Հովհաննես Համբարձումյան

Կարդացեք նաև

«Մեր պահերը չիրացրինք ու ինքներս մեզ դրեցինք դժվար իրավիճակում: Բայց լավ էր, որ հաղթանակով սկսեցինք: Պետք է հավաքվենք ու Մակեդոնիայի հետ ավելի լավ ֆուտբոլ ցուցադրենք;

Մեծամասաբ Մակեդոնիայի հավաքականի ֆուտբոլիստներին ճանաչում եմ անձամբ, քանի որ 6-7 ֆուտբոլիստների հետ 3 տարի միասին ենք խաղացել: Բավականին բարձր որակի ֆուտբոլիստներ ունեն ու շատ կազմակերպված թիմ: Պետք է կրկնակի ավելի ներդնենք մեր ուժերը, որպեսզի հաջողության հասնենք: Գնում ենք այնտեղ միայն հաջողության հասնելու համար»:

Արամ Հայրապետյան

«Խաղը շատ բարդ էր: Հաճելի չէ, որ գոլ բաց թողեցինք: Բայց տղաներն աշխատեցին և կարողացան գոլ խփել:

Մրցակցի դարպասապահին պետք է արժանին մատուցենք: Հիմա բոլոր մրցակիցները ֆուտբոլ են խաղում, և, ինչպես ավելի վաղ էի նշել, խաղը հեշտ չէր լինելու»:

Իվան Յագան

«Կարծում եմ, որ մենք խաղը լավ սկսեցինք: Բարդ հանդիպում էր, բայց մենք կարողացանք գոլ խփել: Կարծում եմ, եթե մրցակիցը գոլի հեղինակ չդառնար, մեր խաղն ավելի լավ կստացվեր:Մրցակիցն արագ գոլ խփեց, ինչը վատ ազդեցություն ունեցավ մեզ վրա:

Հավաքականում սա իմ առաջին հանդիպումն էր, և ես պարզապես ուզում էի հաղթել և տեսնել, թե ինչ է լինելու առաջիկայում»:

Տիգրան Բարսեղյան

«Տպավորությունները միշտ շատ լավ են, երբ հաղթում ես: Միայն կասեմ, որ մենք թիմով պարտվում ենք և թիմով հաղթում ենք, և սա ոչ միայն իմ կամ մեկ ուրիշի հաթանակն է, այլ հայ ազգի հաղթանակն է: Հուսամ՝ կշարունակենք լավ խաղալ և հաղթանակներ տոնել:

Չեմ կարծում, որ սա մեր առավելագույն խաղն էր: Մեր նպատակը 3 միավոր վաստակելն էր:

Մակեդոնիայի հավաքականի մեծ մասը հանդես է գալիս արտերկրում: Բոլորին ծանոթ եմ, շատ լավ թիմ ունեն: Մենք պետք է օգտագործենք մեր հնարավորությունները և նրանց հնարավորություններ չտանք, քանի որ նրանք փոքր շանսն էլ կարող են օգտագործել»:

Գևորգ Ղազարյան

«Կամք դրսևորեցինք և շատ լարված և դժվար հաղթանակ կարողացանք տանել: Մի փոքր զարմանալի է, որ դժվար, բայց բոլորդ տեսաք, թե ինչպես ստացվեց; Շատ պահեր ունեինք, որ չէր ստացվում:

Մակեդոնիայի հետ խաղը պետք է էլ ավելի կազմակերպված և զգույշ խաղանք, քանի որ Մակեդոնիան ավելի բարձրակարգ թիմ ունի և ավելի լավ ֆուտբոլիստներ»:

Հենրիխ Մխիթարյան

«Այսօր, երևի, իմ օրը չէր: Շատ պահեր կորցրինք: Բայց դե, ֆուտբոլ է, կարևորը՝ մինչև վերջ պայքարեցինք և հաղթեցինք:

Ամենաբարդ հատվածը չիրացրածս 11-մետրանոցից հետո էր, չնայած արագ գոլ խփեցինք:

Մենք Մակեդոնիա գնում ենք միայն հաղթանակի համար: Եթե կա մի մարդ, ով գնում է Մակեդոնիա պարտության համար, թող չգա:

Մեզ համար ամեն խաղ էլ շատ դժվար է: Դուք էլ տեսաք, որ Լիխտենշտեյնի դեմ դժվարությամբ էինք խաղում, բայց դե ֆուտբոլ է, հիմա բոլորն էլ գիտեն, թե ինչպես խաղան: Խաղը դժվար է լինելու, բայց կպատրաստվենք ամենայն լրջությամբ»:

Սիրարփի Աղաբաբյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս