«Չեմ կարծում, որ Մոսկվան լուրջ ճնշումներ է կիրառելու Փաշինյանի նկատմամբ». Վադիմ Դուբնով

Հարցազրույց Պրահայի «Ազատություն» ռադիոկայանի «Էխո Կավկազա»  ծառայության քաղաքական մեկնաբան Վադիմ Դուբնովի հետ

Ուշագրավ զարգացումներ են տեղի ունենում հայռուսական հարաբերություններում, որոնք արդեն մի քանի անգամ արտահայտվում են նաև ՌԴ ԱԳ նախարարի մեկնաբանություններում: Վերջին հետաքրքրական փաստը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի շնորհավորանքն էր ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ ծննդյան կապակցությամբ, ով մեծ քաղաքականություն վերադառնալու և ընդդիմադիր բևեռ դառնալու հայտ է ներկայացրել: Ի՞նչ էր, ըստ Ձեզ, այդ զանգը նշանակում:

– Շատերը նշում են, որ կա լարվածություն, ճգնաժամ հայ-ռուսական հարաբերություններում: Ես այդ կարծիքին չեմ, դրա համար պատճառներ չեմ տեսնում: Գտնում եմ, որ Մոսկվան պարոն Փաշինյանին թեթև թրոլինգի է ենթարկում, քանի որ այդ ժանրի մեջ է վերջերս աշխատում, բայց սրանում չարժե «ընդհատակյա քարեր փնտրել»: Այդ շնորհավորանքը ևս այս կոնտեքստում եմ դիտարկում:

Ո՞րն է այդ թրոլինգի պատճառը:

– Մոսկվային անհրաժեշտ է իր դեմքը պահել: Հայաստանում փոխվել են այն իշխանությունները, որոնց հետ տասնյակ տարիներ Մոսկվան աշխատել է: Նոր իշխանությունը նոր սկզբունքներ է փորձում ներդնել: Մոսկվան պետք է իր ավանդական ժանրի սահմաններում գործի, իր ոճին համապատասխան, այդ թվում՝ դեռ շարունակի աջակցությունն այն մարդկանց, ում հետ նախկինում աշխատել է: Այսինքն` նախկին թիմի հետ համերաշխություն կա: Դրա պատճառներից մեկն էլ այն է, որ Մոսկվայում շատերի համար Փաշինյանն անընդունելի է: Ուստի պետք է այս թեման գոնե թրոլինգի ժանրում շրջանառել: Իսկ պաշտոնական մակարդակում, չնայած Լավրովի հայտարարություններին, հակառակ գործընթացն է գնում:

Ինձ թվում է՝ Մոսկվայի և Երևանի միջև ընթանում են ակտիվ շփումներ, քննարկումներ՝ Քոչարյանի հարցը փոխընդունելի մթնոլորտում լուծելու ուղղությամբ: Վստահ եմ, որ կողմերը կոմպրոմիսի են գալու` գուցե Քոչարյանի` Հայաստանից հեռանալու հարցում, կամ որևէ այլ տարբերակ: Ֆորմալ առումով կողմերը ձգտում են նրան, որպեսզի բոլոր կողմերին հաջողվի պահպանել սեփական դեմքը և դիրքը: Մոսկվան պարզապես իր դիրքորոշումն է ներկայացնում:

– Երկուշաբթի օրը Ս. Լավրովը կրկին անգամ անդրադարձել է ՀՀ ներքաղաքական իրավիճակին՝ ընդգծելով, որ ՌԴ-ին անհանգստացնում է ՀՀ-ում «եռացող» իրավիճակը, և Մոսկվայում կայանալիք Փաշինյան-Պուտին հանդիպմանը Մոսկվայի համար կարևոր է լսել Փաշինյանի գնահատականները: Ինչպե՞ս կմեկնաբանեք Լավրովի հայտարարությունները:

– Լավրովի հայտարարությունն ինձ բավականին հետաքրքիր է թվում, որում նա հեղափոխությունից հետո ներդրվող արժեքների մասին է խոսում, որոնց Մոսկվան խորթ է, բայց չի կոտրելու դա՝ կազմակերպելով ուկրաինական ինչ-որ սցենար, քանի որ դա Մոսկվայի համար շատ մեծ նշանակություն չունի: Նա նշում է, որ Մոսկվան չի միջամտում, բայց մյուս գործընկերներն այդպես չեն վարվում: Այսինքն` նշում է, որ Մոսկվան դա նկատում է, բայց հանգիստ է վերաբերվում և չի փորձելու դրան հակադրվել:

Լավրովն անդրադառնում է նաև Մարտի 1-ի բացահայտման գործընթացներին: Լավրովն իր վերջին դիտարկումներով Մոսկվայի դիրքորոշումն է ներկայացնում, որ կտրուկ միջամտություն չի լինելու, բայց կա անհանգստություն որոշ ուղղություններով, որոնցից մեկը Մարտի 1-ի բացահայտման գործընթացն է:

– Կան կարծիքներ, որ Մոսկվան ցանկանում է Մարտի 1-ի գործի փակում: Ըստ Ձեզ` որո՞նք են այդ անհանգստությունների պատճառները, ի՞նչ է ցանկանում Մոսկվան կոնկրետ այս հարցում: Որքանո՞վ այս հարցը կներառվի Փաշինյան-Պուտին հանդիպման օրակարգում:

– Վստահաբար կասեմ, որ Մոսկվայում կքննարկվի երկրորդ նախագահի հարցը, թեև չգիտենք՝ ինչպես կընթանա քննությունն այսուհետ: Բայց ինձ թվում է, որ կոնսուլտացիաներ Մոսկվայի հետ տեղի կունենան: Գուցե Մոսկվայի համար կան կարմիր գծեր Մարտի 1-ի բացահայտման հարցում, կան որոշ նուրբ հարցեր, որոնք պետք է շրջանցել: Ուստի, կարծում եմ, որ Մոսկվան միգուցե խնդրի հայկական կողմին որոշ դրվագներում ավելի զուսպ լինել: Բայց չի պահանջելու փակել բացահայտման գործընթացը: Չեմ կարծում, որ Մոսկվան լուրջ ճնշումներ է կիրառելու Փաշինյանի նկատմամբ, քանի որ ՀՀ-ում տեղի ունեցողից լուրջ վտանգներ չի զգում և լրջորեն անհանգստացած չէ: Եթե Հայաստանը փորձի փոխել հայ-ռուսական հարաբերությունների ավանդական ընթացքը, ապա դա ո՛չ վաղվա, ո՛չ էլ մյուս օրվա հարց է. դրա համար երկար ժամանակ է հարկավոր: Սա հաշվի առնելով՝ Մոսկվան բավականին հանգիստ է Փաշինյանի հարցում:

– Այսինքն` Քոչարյանի շուրջ գործընթացները բավականին կարևոր են Մոսկվայի համար: Ինչո՞ւ: Մոսկվան պատրաստվում է աջակցե՞լ նրան իր առաջիկա քաղաքական ծրագրերում:

– Մոսկվան չի աջակցի Քոչարյանին, բայց Մոսկվայում կան մարդիկ, ովքեր նրան կօգնեն. որոշ քաղաքական գործիչներ նրան կտրամադրեն ռեսուրս, գումար, ԶԼՄ-ներում ներկայանալու հնարավորություն, դրանք բավականին ազդեցիկ մարդիկ են, բայց ես չեմ կարծում, որ դա որոշիչ է լինելու Քոչարյանի քաղաքական ծրագրերի համար: Մոսկվան չի աջակցի ՀՀ երկրորդ նախագահին՝ հստակորեն հասկանալով, որ դա հայ-ռուսական հարաբերություններում անկայունության նոր բաղադրիչ է ներմուծելու, հատկապես այս հեղափոխությունից հետո, ինչը ոչ մեկի ծրագրերի մեջ չի մտնում: Երկրորդ` ինչպես քիչ առաջ նշեցի, Փաշինյանը Մոսկվային այդքան էլ չի վախեցնում: Պարզապես Քոչարյանի հարցում կան ազդեցիկ անձինք, ովքեր աջակցություն կցուցաբերեն:

– Սոչիում Պուտին-Ալիև հանդիպումից հետո սեպտեմբերի 8-ին Մոսկվայում հանդիպում տեղի կունենա Փաշինյանի և Պուտինի միջև: Հաշվի առնելով ՀԱՊԿ-ում Յուրի Խաչատուրովի քրեական հետապնդումից առաջացած դժգոհությունը, Ռ. Քոչարյանի շուրջ զարգացումները, Փաշինյանի նախկին մի քանի հայտարարությունները, որոնք ըստ ամենայնի Մոսկվան այդքան էլ հաճույքով չընդունեց, ինչպիսի՞ խոսակցություն է սպասվում Մոսկվայում:

– Կարծում եմ` աշխատանքային դրական հանդիպում է լինելու: Ինչպես արդեն նշեցի, կողմերի միջև կան շփումներ նուրբ հարցերի շուրջ, և երկու կողմն էլ հակված է կոմպրոմիսի մթնոլորտում լուծելու այդ հարցերը: Բոլոր վերոնշյալ հարցերն էլ կքննարկվեն: Լավրովն արդեն ակնարկել է հանդիպման մոտավոր օրակարգը` ՀԱՊԿ, բացահայտումներ, ՀՀ ներքաղաքական զարգացումներ, և ՌԴ-ի դիրքորոշումը, վստահ եմ, Փաշինյանն ըմբռնել է, և կստացվի նորմալ խոսակցություն: Ի վերջո, ինչպես նշեցիք, հանդիպումը կայանում է Ալիևի հետ հանդիպումից հետո, և ՌԴ-ի ավանդական հավասարակշռությունը պետք է պահպանել:

– Օգոստոսի 17-ի հանրահավաքում Ն.Փաշինյանը, հերքելով հայ-ռուսական հարաբերություններում խնդիրների մասին խոսակցությունները, ասաց, որ հայ-ռուսական աննախադեպ մարդասիրական պրոյեկտ է մեկնարկելու: Ըստ որոշ լրատվամիջոցների` խոսքը Սիրիայում ռուսական պատվիրակության կազմում հայ ռազմական բժիշկների, սակրավորների ներգրավման մասին է: Ըստ որոշ գնահատականների՝ սա բավականին վտանգավոր ծրագիր է հայկական կողմի համար: Ինչո՞ւ է հայկական կողմը համաձայնել սրան:

– Սա նույնպիսի քայլ է, ինչ ավտոմատ «Կալաշնիկովի» արտադրության մեկնարկը ՀՀ-ում: Սա կոմպլեմենտարիզմի դրսևորում է: Փաշինյանը մեկնել էր Բրյուսել, հիմա նաև Քոչարյանի մեղադրանքներին է փորձում պատասխանել, որ գնում է Մոսկվա նման ծրագրով: Սա չափազանց հասկանալի է: Հավասարակշռության վերականգնում, վստահեցում, որ ոչինչ չի փոխվել, թեև մեկնել էր Բրյուսել:

Տեսանյութեր

Լրահոս