«Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող բոլոր ուժերը հեղափոխությանն աջակցող ուժեր են». Էդմոն Մարուքյան

«Ես ներկայացնում եմ «Լույս» դաշինքը, և եթե ինձ եք հարցնում, ուրեմն կասեմ, որ անպայման պետք է քվեարկել «Լույս» դաշինքի օգտին։ Եթե ինձ հարցնում եք, թե հեղափոխությանը որն է օգուտ, ապա պետք է ասեմ, որ այս ընտրություններում հակահեղափոխական ուժ չկա»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ արձագանքելով այն դիտարկմանը, թե հանրության համար անհասկանալի է՝ քվեարկի «Լույս» դաշինքի, թե «Իմ քայլը» դաշինքի օգտին։

Մարուքյանի խոսքով՝ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող բոլոր ուժերը հեղափոխությանն աջակցող ուժեր են. «Սրանք ՏԻՄ ընտրություններ են, քաղաքացիները պետք է ընտրեն որևէ ուժի, որպեսզի ձևավորի այդ ուժը ավագանու խմբակցություն, և եթե կունենա այնքան ձայն, որ ներկայացնի քաղաքապետ, ուրեմն՝ նա էլ պատասխանատվություն կստանձնի քաղաքը կառավարելու համար։ Տարբեր ուժեր տարբեր ֆորմատներով են մասնակցում, կոնկրետ մենք մասնակցում ենք երկու ուժի ֆորմատով՝ մենք՝ «Լույս» դաշինքով, և այո, ես բոլորին կոչ եմ անում ընտրությունների ժամանակ ձայն տալ մեր դաշինքին»։

Լրագրողի դիտարկմանը՝ խոսքը հակահեղափոխական ուժերի մասին չէ, այլ այն մասին, որ «Ելք» դաշինքը դեռևս կա, և մարդկանց մոտ հարց է առաջանում՝ ի՞նչ տարբերություն՝ կընտրեն Մարուքյանի և Արամ Սարգսյանի՞ ուժին, թե՞ Նիկոլ Փաշինյանի, նա այսպես արձագանքեց. «Թե ինչ տարբերություն կա երկու դաշինքների միջև, մենք կներկայացնենք մեր ծրագիրը։ Քաղաքացիները կտեսնեն և որ ուժին կուզեն՝ կընտրեն»։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս