«Ադրբեջանը, ըստ ամենայնի, խոչընդոտելու է այդ գործընթացին, բայց այլընտրանք չկա». Դավիթ Բաբայան
Հարցազրույց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի հետ
– Պարոն Բաբայան, Ադրբեջանը վերջին օրերին կարծես ակտիվացել է, նախ՝ Ադրբեջանի քաղաքացիներն էին փորձում սահմանն անցնել, հիմա էլ զինտեխնիկայի տեղաշարժի մասին է խոսվում։ Այս պահին ի՞նչ վիճակ է շփման գծում, և այս փուլում Ադրբեջանի ակտիվությունն ինչո՞վ է պայմանավորված։
– Իրավիճակը վերահսկելի է։ Այդ ակտիվությունը նոր բան չէ, մենք գիտենք, որ հատկապես տոն օրերին Ադրբեջանն ակտիվանում է և կարող է դիմել սադրանքների։ Դա կարող է լինել զինադադարի ռեժիմի խախտում, կարող է լինել, այսպես կոչված՝ խաղաղության քայլերթ, ինչպես վերջերս էին կազմակերպել և փորձում էին ինչ-որ մարդկանց խումբ անցկացնել սահմանը։ Այսինքն՝ տարբեր տիպի սադրանքների է դիմում Ադրբեջանը, որը մեզ համար նորություն չէ։ Պարզապես ունենք այն, ինչ ունենք։
– Լայնամասշտաբ պատերազմի վտանգ կա՞ այս փուլում, Ադրբեջանը նման քայլի կգնա՞։
– Պատերազմի հավանականությունը, վտանգը միշտ էլ կա. մենք պետք է պատրաստ լինենք։ Եթե պատրաստ ենք լինում, ապա հավանականությունը նվազում է։ Եթե պատրաստ չլինենք, համախմբված չլինենք, բնական է՝ հակառակորդը դրանից պետք է օգտվի։ Ներկա դրությամբ չեմ տեսնում լայնածավալ պատերազմի որևէ հավանականություն, բայց այնուամենայնիվ, պետք է միշտ պատրաստ լինենք, որպեսզի այդ հավանականությունն իսպառ բացառենք։
– Բանակցային գործընթացում այս փուլում պասիվություն է նկատվում, ի՞նչ պետք է լինի, որ բանակցությունները նոր թափով շարունակվեն։
– Բանակցությունները չեն սպառվել, պարզապես այդ հանդիպումները պարբերական բնույթ են կրում. կարող է մի տարում ավելի շատ լինել, հետո մի ինչ-որ ժամանակահատված գա, որ քիչ լինեն։ Դա կախված է տարբեր հանգամանքներից։ Այս պահի դրությամբ գործընթացն ընթանում է, կլինեն հանդիպումներ, պարզապես պետք է նախապատրաստական աշխատանքներ կատարվեն, նաև՝ ՄԽ համանախագահող երկրների կողմից։ Համենայնդեպս, բանակցային գործընթացը փակուղում չէ կամ սառեցված չէ, պարզապես Ադրբեջանի կարծր դիրքորոշման հետևանքով գտնվում է մի յուրահատուկ փուլում։
– Խոսվում է Արցախը բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու մասին. դրա նախադրյալներն այս պահին տեսնո՞ւմ եք։
– Նախադրյալներ միշտ էլ կան, չի կարող այս հարցը կարգավորվել՝ առանց պաշտոնական Ստեփանակերտի մասնակցության՝ այն էլ բոլոր փուլերին, ոչ թե ինչ-որ մի փուլի, ինչպես Ադրբեջանն է պնդում։ Սկսած հասարակ մտքերի փոխանակումից՝ մինչև կոնկրետ պայմանավորվածություններ և քայլեր, Արցախը պետք է ներկա լինի։ Բնական է, որ Ադրբեջանը, ըստ ամենայնի, խոչընդոտելու է այդ գործընթացին, բայց այլընտրանք չկա։ Ժամանակի ընթացքում պետք է վերականգնվի, այլ տարբերակ չկա։ Դրա համար շատ պետք է աշխատենք, հասկանանք, որ երկար ժամանակ է պահանջվելու։
– Առաջիկայում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այց տարածաշրջան նախատեսվո՞ւմ է, Դուք ունե՞ք տեղեկություններ։
– Գիտեմ, որ պարբերաբար պետք է այցելեն, բայց այս պահին կոնկրետ ժամանակացույց չկա։ Ակնկալում ենք, որ պետք է այցելեն։
– Պուտին-Ալիև հանդիպման օրակարգում եղել է նաև Արցախի հարցը. ինչ-որ կարևոր մեսիջ կա՞ր Արցախի կողմի համար։
– Ամենակարևորն այն է, որ Ռուսաստանը ևս մեկ անգամ ընդգծել է, որ կողմնակից է խաղաղ կարգավորմանը և ամեն ինչ անելու է այդ ուղղությամբ։ Դա ամենակարևոր մեսիջն է, իսկ մնացածն արդեն երկկողմ հարաբերությունների տիրույթում է գտնվում։ Չեմ կարծում, որ ռուս-ադրբեջանական հարաբերությունները պետք է դիտարկենք հայ-ռուսական հարաբերությունների ներքո։ Պարզապես պետք է այնպես անենք, որ հավասարակշռվածությունը պահպանենք. ամեն ինչ արվում է այս տեսանկյունից և պետք է դա շարունակական լինի։
– Առաջիկայում նախատեսվում է նաև Փաշինյան-Պուտին հանդիպում. Արցախյան կողմն այդ հանդիպումից ի՞նչ ակնկալիքներ ունի։
– Ակնկալում ենք, որ այդ հանդիպումն էլ ավելի կամրապնդի հայ-ռուսական հարաբերությունները՝ բոլոր ասպարեզներում, լինի տնտեսական, ռազմաքաղաքական, և իհարկե, դրական դերակատարություն կունենա տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման հարցում։