«Չի բացառվում, որ փախստականների անվան տակ թաքնված լինեն ահաբեկիչներ. նրանք չեն կարող սահմանն անցնել». Դավիթ Բաբայան
«Սա միանշանակ սադրանք է. առաջին դեպքը չէ, որ նման սադրիչ գործողություններ են փորձում իրականացնել կամ հայտարարում են դրա մասին»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով Ադրբեջանի որոշ քաղաքացիների կազմակերպած «ակցիային», որոնք իբր փախստականներ են և որոշել են այցելել իրենց ծննդավայր Ակնայի (Աղդամի) շրջանի Թազաքենդ գյուղ:
Դավիթ Բաբայանն ընդգծեց՝ պարզապես որոշ պրովոկատորներ, պոպուլիստներ փորձում են ժողովրդի զգացմունքներն օգտագործելով և չարաշահելով՝ իրենց կեղտոտ նպատակներն իրականացնել, հակահայկական երանգ հաղորդել իրենց գործողություններին և դրանով ցույց տալ, թե իրենք հայրենասեր են.
«Բնական է, որ սա ինքնին պրովոկացիա է, որովհետև պարզապես տեխնիկական հնարավորություն չկա նրանց համար՝ սահմանն անցնելու, որովհետև սա ոչ միայն սահման է, այլև՝ առաջնագիծ։ Բացի դրանից՝ մենք բազմիցս հայատարարել ենք, որ պատրաստ ենք Ադրբեջանի հետ ցանկացած հարց քննարկել բանակցային սեղանի շուրջ, այդ թվում նաև՝ փախստականների խնդիրը»,-ասաց նա։
ԱՀ նախագահի մամուլի խոսնակը նկատեց՝ փախստականների խնդիրը մարդասիրական խնդիր է և չի կարող առանձին լուծվել՝ առանց կարևորագույն ռազմաքաղաքական հարցերի ի սպառ լուծման.
«Եթե դա չլինի, այդ մարդիկ նորից դառնում են թիրախ։ Խոսելով փախստականների մասին՝ մենք չպետք է դիտարկենք միայն ադրբեջանցի փախստականների հարցը. Ադրբեջանից մոտ 700 հազար հայ է գաղթել, տեղահանվել։ Այդ մարդիկ նույնպես իրավունք ունեն վերադառնալու։ Եթե հայ փախստականը չի վերադառնում, ուրեմն՝ խոսել ադրբեջանցի փախստականների մասին պարզապես անիմաստ է, որովհետև սա պետք է լինի զուգակցված գործընթաց։ Բացի դրանից՝ այստեղ կա քաղաքացիության խնդիրը։ Մենք միշտ ասել ենք, որ Արցախը ազատ երկիր է և եթե այդ մարդիկ ուզում են դառնալ Արցախի քաղաքացիներ, պետք է համապատասխան հայտով դիմեն Արցախի հանրապետությանը և խնդրեն քաղաքացիություն, մենք էլ սահմանված կարգով կքննարկենք այդ ամենը, այլ տարբերակ պարզապես չկա»։
Բաբայանը համոզված է՝ խնդիրը չի հասնի նրան, որ նրանք հասնեն սահման.
«Սա սադրիչ գործողություն է և այդ փախստականների անվան տակ չի բացառվում, որ թաքնված լինեն ահաբեկիչներ, Ադրբեջանի հատուկ ստորաբաժանումնների ներկայացուցիչներ, որոնք փորձեն օգտագործել որոշ մարդկանց՝ որպես վահան, իրենք ներթափանցեն և ինչ-որ դիվերսիոն գործողություններ կատարեն։ Բացի դրանից՝ նման քայլերը պարզապես անհեթեթ են, որովհետև կրկնում եմ՝ մարդասիրական հարցերը կարող են լուծվել միայն կարևորագույն ռազմաքաղաքական հարցերի լուծումից հետո։ Այսինքն՝ Ադրբեջանի և Արցախի ճանաչումը մեկը մյուսի կողմից՝ որպես առանձին, ինքնիշխան երկրներ, սահմանի հստակեցում, բազմաթիվ այլ հարցերի լուծում, դրանից հետո միայն կարելի կլինի խոսել մարդասիրական հարցերի մասին։ Այս մարդկանց այցելությունը սահմանին վտանգավոր է նույն այդ մարդկանց համար և պատասխանատվությունը լրիվությամբ լինելու է ադրբեջանական կողմի վրա»։
Ըստ որոշ տեղեկությունների և ֆեյսբուքյան հրապարակումների՝ մի խումբ ադրբեջանցիներ Բարդա-Աղդամ ավտոմայրուղու 4-րդ կիլոմետրից լուսանկար են հրապարակել։ Նշվում է, որ «ակցիայի» կազմակերպիչներին` Ջամալ Էհմադովին տարել են ոստիկանության Աղդամի բաժին, իսկ Աքիֆ Նաղիին` Թարթառի բաժին։