Փոլ Բիլզերյանը հայ և թուրք ժողովուրդների միջև ատելությունը վերացնելու միակ ելքը Թուրքիայի կողմից Ցեղասպանության ճանաչումն է համարում
Փոլ Բիլզերյանը, ով օրեր առաջ որդիների՝ Դենի և Ադամի հետ այցելել էր Հայաստան, ճամփորդության մասին գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում.
«Ես նոր եմ վերադարձել Հայաստան կատարած ամենահիասքանչ ուղևորությունից, որտեղ ես ականտես եղա իմ երկու որդիների՝ Դենի և Ադամի երդմնակալությանը, երբ վերջիններս ՀՀ քաղաքացիություն էին ստանում»,- գրել է ավագ Բիլզերյանը՝ նշելով, որ Հայաստանը բազմաթիվ դրական փոփոխությունների է ենթարկվում:
«Որպես չորս մեծ տատիկ-պապիկների ժառանգ, ովքեր սպանվել են 1915 թվականի Ցեղասպանության ժամանակ, ես կհորդորեի Հայաստանի կառավարությանը և բոլոր ապագա կառավարություններին հետևել համաշխարհային պատմության մեծագույն առաջանորդ Նելսոն Մանդելայի օրինակին և փորձել միավորել տարբեր վայրերում գտնվող բոլոր հայերին՝ Հայաստանը բոլոր հայերի համար ավելի լավ տեղ դարձնելու նպատակի շուրջ»,- գրել է ամերիկահայը:
Փոլ Բիլզերյանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղ կատարած այցին և Ադրբեջանի կառավարության կողմից Դենի նկատմամբ հետախուզում հայտարարելուն.
«Հայաստան կատարած այցի ժամանակ Դենը, Ադամը և ես այցելեցինք Լեռնային Ղարաբաղ, որտեղ մի քանի պատերազմներ են տեղի ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև, վերջինը՝ 1992-1994 թվականներին: Առավոտյան ես կարդացի որ Ադրբեջանի կառավարությունը իմ որդուն՝ Դենին կալանավորելու մասին որոշում է կայացրել՝ Ղարաբաղ այցելելու համար: Այս աշխարհում շատ առաջնորդներ կան, բայց նրանցից շատ քչերն են լավը: Որքան հեշտ է լավ, հավատարիմ երիտասարդ տղամարդկանց ուղարկել դեպի մահ՝ չմտածված քաղաքական նպատակներ հետապնդելով»:
Փոլ Բիլզերյանն իր գրառման մեջ նշել է նաև, որ որդին՝ Դենը, փոխել է իր օրակարգը, որպեսզի կարողանա մեկ օր ավել անցկացնել Հայաստանում և այցելել Ցեղասպանության հուշահամալիր.
«Դժվար է պատկերացնել, որ որևէ կառավարություն կարող է որոշել սպանել մոտ 2 մլն անմեղ կանանց, տղամարդկանց և երեխաների, սակայն դա հենց այն է, ինչ արել է թուրքական կառավարությունը 1915-ին: Որքան սարսափելի է եղել այդ արարքը, այնքան աններելի է այն, որ կառավարությունը շարունակում է հերքել կատարվածը: Հայ և թուրք ժողովուրդների միջև գոյություն ունեցող ատելությունը վերացնելու և ներողամտության հասնելու միակ ելքը Թուրքիայի կողմից Ցեղասպանությունը ճանաչելն է: Միայն այդ պարագայում կսկսվի ապաքինումը»:
«Ադրբեջանի ժողովուրդը արժանի է ավելի լավին: Եթե կառավարությունը չի կարող իր ժողովրդին առաջնորդել ճիշտ ուղղությամբ, ապա ժողովուրդը պետք է փոխի իր առաջնորդներին: Դա ոչ միայն ճիշտ է Ադրբեջանի և Թուրքիայի, այլև աշխարհի բոլոր կառավարությունների համար»,- ամփոփել է Բիլզերյանը՝ գրառմանը կցելով Ջոն Լենոնի «All We Are Saying is Give Peace a Chance» երգը, որը, ըստ նրա՝ պետք է երգեն բոլոր դպրոցներում և խորհրդարաններում, «հիմա և հետո»:
I just returned from a most wonderful trip to Armenia where I proudly witnessed my two sons, Dan and Adam, being sworn…
Gepostet von Paul Bilzerian am Donnerstag, 30. August 2018