ՈՒԵՖԱ-ն և Ադրբեջանի ԱԳՆ-ն անդրադարձել են Մխիթարյանի Ադրբեջան մեկնելուն
ՈՒԵՖԱ-ն պարզաբանել է Լոնդոնի «Արսենալ»-ի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի մասնակցությունը ադրբեջանական «Ղարաբաղ» ակումբի հետ Ադրբեջանում կայանալիք խաղին, երբ Եվրոպայի լիգայի խմբային փուլի վիճակահանությունից հետո պարզվեց, որ խմբում «Արսենալ»-ը մրցակիցներից մեկը լինելու է «Ղարաբաղ»-ը:
Սպորտային հայտնի Goal.com հանդեսի լրագրող Քրիս Ուոլթինը «Թվիթեր»-ում ներկայացրել է ՈՒԵՖԱ-ի պարզաբանումը. «ՈՒԵՖԱ-ն կատարում է ստանդարտ գործառույթներ՝ ուղարկում է ակումբներին, ֆեդերացիաներին համապատասխան նամակներ, որով ֆուտբոլիստները կարողանան վիզա ստանալ և մասնակցել ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարին»:
Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Հիքմեթ Հաջիևը ևս անդրադարձել է հայ ֆուտբոլիստին: «Ակումբներն իրենք պետք է որոշեն «Ղարաբաղ»-ի դեմ իրենց հայտացուցակը: Միայն դրանից հետո կարող ենք վերադառնալ այս հարցին: Եթե մեզ կապեն այս հարցին, ապա այդ ժամանակ կքննարկենք այն»,- Հիքմեթ Հաջիևի խոսքերը փոխանցում է 1news.az-ը:
Մոնակոյում օգոստոսի 31-ին կայացած ֆուտբոլի Եվրոպայի լիգայի խաղարկության խմբային փուլի վիճակահանության արդյունքում՝ E խմբում Լոնդոնի «Արսենալ»-ի մրցակիցներից մեկը կլինի ադրբեջանական «Ղարաբաղ» ակումբը:
2015թ.-ին Մխիթարյանը բաց էր թողել նաև ադրբեջանական «Գաբալա»-ի հետ Դորտմունդի «Բորուսիա»-ի հանդիպումը: