Մագնիում. անփոխարինելի տարր օրգանիզմի համար
Մագնիումը բազմաթիվ քիմիական գործընթացների է մասնակցում և կարևոր դեր ունի օրգանիզմում: Այս տարրի անբավարար մակարդակի դեպքում օրգանիզմում կարող են մի շարք խնդիրներ նկատվել:
Setmar.ru-ի հաղորդմամբ՝ այս տարրը հատկապես կարևոր է մկանային համակարգի, սրտի, երիկամների առողջության համար: Եթե մշտապես հյոգնածություն եք զգում, նկատվում են սրտի աշխատանքի խանգարումներ, ջղաձգումներ և մկանային ցավեր, ամենայն հավանականությամբ, օրգանիզմին չի բավականացնում մագնիումի մակարդակը:
Մագնիումը մասնակցում է նյութափոխանակության համակարգի աշխատանքին, նպաստում սպիտակուցների, ճարպերի և ածխաջրերի մասնատմանը: Այս տարրը նպաստում է էներգիայի արտադրմանը: Մագնիումն անհրաժեշտ է նաև կենտրոնական նյարդային համակարգի աշխատանքի համար: Այն կարևոր է նաև ոսկորների, եղունգների և մազերի ամրության համար:
Մագնիումի անբավարար մակարդակի դեպքում կարող են նկատվել հետևյալ նշանները.
- ցիստիտ, երիկամների առողջության հետ կապված խնդիրներ
- աղիների աշխատանքի հետ կապված խնդիրներ
- դեպրեսիա, անքնություն
- սիրտ-անոթային համակարգի խնդիրներ
- հիպերտոնիա
- դիաբետ, հիպոգլիկեմիա
- գինեկոլոգիական խնդիրներ կանանց շրջանում
- կարիես
- օստեոպարոզ:
Մագնիումի անբավարար մակարդակի առաջին նշաններն են ախորժակի անկումը, գլխացավը, սրտխառնոցը, թուլությունը, հոգնածությունը:
Նորմայից մագնիումի մակարդակի նվազումը կանխելու համար հարկավոր է ուշադրություն դարձնել սննդակարգին՝ դրանում ներառելով մթերք, որը հարուստ է այս տարրով: Մագնիումով հարուստ են լոբազգիները, սերմերը, ընդեղենը: Սննդակարգ ներառեք քունջութի սերմեր, որոնք նաև մեծ քանակով կալցիում են պարունակում: Հիշեք, որ մթերքի վերամշակման արդյունքում մագնիումի քանակը կարող է նվազել:
Հաճախակի ալկոհոլի օգտագործման դեպքում վիտամին D-ն ամբողջությամբ չի յուրացվում, իսկ մագնիումի յուրացման համար շատ կարևոր է վիտամին D-ի բավարար մակարդակն օրգանիզմում:
Չափից շատ շաքար օգտագործելու դեպքում ևս մագնիումն ամբողջությամբ չի յուրացվում և արագ դուրս է բերվում օրգանիզմից: Մագնիումի դուրսբերմանը նպաստում են նաև սուրճի, հակաբիոտիկների, միզամուղների օգտագործումը:
Եթե նկատում եք մագնիումի անբավարար մակարդակին բնորոշ նշաններ, դիմեք մասնագետի, ով համապատասխան հետազոտություններից հետո անհրաժեշտության դեպքում հավելումներ կնշանակի:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը