Ռումբ՝ կառավարության տակ
Այս անգամ խոսքն Ամուլսարի հանքավայրի մասին է, և առանց ձեր համբերությունը չարաշահելու՝ համառոտ հիշեցնեմ նախապատմությունը, ու անցնենք առաջ։
Արդեն 2 ամիս է՝ մի քանի տասնյակ մարդ փակել են Ամուլսարի հանքավայր տանող ճանապարհը և թույլ չեն տալիս, որպեսզի աշխատակիցները հասնեն աշխատավայր։ Շահագործող ընկերությունը՝ «Լիդիան Արմենիա»-ն, արդեն կատարել է մոտ մի քանի հարյուն միլիոն դոլարի ներդրում և դեռ չի սկսել շահագործել հանքը. դեռ շինարարությունը պետք է ավարտեն։ Սակայն արդեն 2 ամիս է՝ ընկերության աշխատանքը փաստացի կանգնեցված է, ինչը ֆինանսական կորուստներ է առաջացնում այս ընկերության համար։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հորդորներն ու անգամ Ամուլսար կատարած այցն ու շահագրգիռ կողմերի հետ հանդիպումն արդյունք չտվեցին, ճանապարհները չբացվեցին։
Օգոստոսի սկզբին հայտարարվեց, որ Ամուլսարի հարցով ձևավորվել է փաստահավաք խումբ, որի կազմում ներգրավված են համայնքների ներկայացուցիչներ, քաղաքացիական հասարակության և մեդիայի ներկայացուցիչներ, ոլորտի մասնագետներ ու փորձագետներ:
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանը տեղեկացրեց, որ խմբի առաջին նիստից հետո 12 աշխատանքային օրվա ընթացքում փաստահավաք խումբը պետք է ավարտի իր աշխատանքներն ու ամփոփի գործունեությունը:
Սա միակ հույսն էր, որ Ամուլսարի հարցը վերջնական լուծում կստանա։ Այսինքն՝ վստահություն վայելող նոր կառավարության ձևավորած խումբը հստակ կասի՝ որքանո՞վ են պահպանված բնապահպանական նորմերը, որքանո՞վ է Ամուլսարի հանքավայրը բնապահպանական տեսանկյունից վտանգավոր։
Օգոստոսի 27-ին տեսչության ղեկավար Արթուր Գրիգորյանը հայտարարեց, որ ստուգման արդյունքում բացահայտվել են «նոր էկոլոգիական գործոններ», որի հիման վրա որոշում է կայացվել Բնապահպանության նախարարությանն առաջարկել ուժը կորցրած ճանաչել Ամուլսարի հանքի շահագործման բնապահպանական եզրակացությունը և ընկերությանը հանձնարարել զերծ մնալ որոշակի գործողությունների կատարումից (այդ թվում՝ շինարարական աշխատանքներից), մինչև նոր փորձաքննական եզրակացություն տրամադրելը։
Հիմա ամենահետաքրքիր պահը։
Մեզ՝ միամիտներիս, թվում էր, որ ստուգումը պետք է գոնե նախնական պատասխանի հանրությանը հուզող հարցերին՝ ինչպես է հանքի շահագործումն ազդելու Սևանի ջրերի, Ջերմուկի վրա ազդեցության, մարդկանց առողջության վրա, ինչ վտանգներ կան ցիանիդի օգտագործման հետ կապված, և այլն։
Բայց պարզվում է՝ փաստահավաք խմբի կազմած այս զեկույցում նշված զեկույցի մասին խոսք չկա։ Փոխարենը՝ նշվում է 1 բուսատեսակի և 1 կենդանատեսակի մասին։ Ըստ Արթուր Գրիգորյանի՝ հանքավայրի տարածքում հայտնաբերվել է Կարմիր գրքում գրանցված «Ոզնաթուփ մեխակ» բուսատեսակ և «Ապոլո» տեսակի թիթեռ։ Սրանք են «նոր էկոլոգիական գործոնները»։
Դատելով սոցցանցերի օգտատերերի արձագանքներից՝ շատերը զարմացած էին՝ սա՞ է Ամուլսարի ամբողջ վտանգը, և սա՞ է այն հիմքը, որի վրա պետք է դադարեցնել նախագիծը։
Ի դեպ, տեսչության պետը մի հետաքրքիր արտահայտություն է անում իր խոսքում. «Նախնական ստուգման ակտից դուրս ենք թողել այնպիսի դրույթներ, որոնք կարող էին վեճի տեղիք տալ՝ իրավական տեսանկյունից խոցելի լինել»: Ասել է թե՝ ուրիշ բաներ էլ կան, բայց չենք ասում, որովհետև «տակից դուրս չենք գա»։ Բայց դե դա խնդիր չի. Բնապահպանական տեսչության պետը համոզված է, որ՝ «մի թիթեռի առկայությունն էլ բավարար է, որպեսզի փորձաքննական եզրակացությունն ուժը կորցրած ճանաչելու առաջարկ ներկայացվի»։ Մի խոսքով, գրեթե բացահայտ ասվում է, որ իրենց նպատակը եղել է ամեն գնով մի բան գտնել ու կանգնեցնել Ամուլսարի շինարարությունը։
Տեսչության պետը նաև նշել էր, որ նշված կենդանատեսակի վրա ազդեցությունը չի գնահատվել նախկինում և փորձաքննության չի ենթարկվել։ Ու այն տրամաբանությունն էր առաջ տանում, որ եթե այս հարցում թերություն կա, ուրեմն մյուս (ասենք՝ ջրերի վրա ազդեցության մասով) հարցերով էլ թերություններ կլինեն։ Դրա համար՝ եկեք առայժմ դադարեցնենք, հետո կմտածենք։
Համաձայնեք, որ շատ ունիկալ մտածելակերպ է։ Օրինակ, պետական հիմնարկներում ծխելն արգելված է, բայց գաղտնիք չէ, որ բարձրաստիճան որոշ պաշտոնյաներ և պատգամավորներ իրենց կաբինետներում ծխում են։ Ուրեմն՝ նրանց սենյակից մոխրաման կամ մոխիր հայտնաբերելու դեպքում եկեք նրանց լիազորությունները դադարեցնենք (թեկուզ, եթե անթերի և արդյունավետ են աշխատում), որովհետև եթե այս հարցում օրենքը խախտել են՝ հնարավոր է՝ այլ, ավելի լուրջ հարցերում էլ խախտած լինեն։ Հետո առանց շտապելու կստուգենք, եթե խախտումներ չգտանք՝ թող վերադառնան աշխատանքի։ Իսկ թե ի՞նչ վնաս կկրի տվյալ ոլորտն այդ ընթացքում, մեզ չի հետաքրքրում։
Սակայն պարզվում է՝ սա էլ դեռ ամենը չէ։ Պարզվում է՝ տեսչության պետը պարզապես աղավաղում է փաստերը, երբ ասում է, որ նշված կենդանատեսակի վրա ազդեցությունը չի գնահատվել նախկինում և փորձաքննության չի ենթարկվել։ Պարզվում է՝ ընկերության ԲՍԱԳ հաշվետվության մեջ նշվում է (գլուխ 4.10, էջ 89,91), որ 2013թ. ելակետային ուսումնասիրությունների ժամանակ ընկերության կողմից տարածքում հայտնաբերվել է 60 տեսակի թիթեռ, այդ թվում նաև՝ Ապոլո (Parnassius apollo) տեսակը, որը նախկինում առնչվում էր առաջարկվող դատարկ ապարների լցակույտի տեղամասի հետ: Նշվում է նաև, որ համաձայն ՇՄԱԳ փորձաքննության ներկայացված նախագծի՝ դատարկ ապարների լցակույտի տեղադիրքը փոխվել է, որի արդյունքում տեսակի կենսամիջավայրը դուրս է մնացել հանքի անմիջական ազդեցության գոտուց, այդ իսկ պատճառով ՇՄԱԳ հաշվետվությունում չի ընդգրկվել: Բացի այդ էլ՝ որևէ գիտական հիմք չկա պնդելու, թե այդ վայրը հանդիսանում է բնակատեղի այդ տեսակի համար։ Այսինքն՝ թիթեռի մասով եզրակացությունը լրիվ «թիթեռ նկարել» է։
Իսկ բույսի՝ «Ոզնաթուփ մեխակի» պատմությունը լրիվ զավեշտ է։ Պարզվում է՝ ընկերությունը շինարարությունը սկսելուց առաջ բուսաբանության ինստիտուտի մասնագետների խմբի միջոցով հատուկ որոնումներ է իրականացրել Գնդեվազ գյուղի շրջակայքում և Ամուլսար լեռան տարածքում, և այս բուսատեսակը նշված տարածքում չի հայտնաբերվել: Իսկ տեսչության ներգրավված կենսաբանը, որը հայտնաբերել է այդ բույսը, համոզված չէ, որ դա հենց այդ բույսն է։ Նշվել է, որ դա «ամենայն հավանականությամբ» կարող է լինել «Ոզնաթուփ մեխակ»։ Ընդ որում, եթե դա իրոք այդպես է, ապա Կարմիր գրքում գրանցված բուսատեսակը քաղելու համար տվյալ մարդը պետք է պատասխանատվության ենթարկվի։
Տեսչության հայտարարության մեջ նաև նշվում է, թե դիմել են ՀՀ գլխավոր դատախազին՝ «Լիդիան Արմենիա» ՓԲԸ կողմից առանց ընդերքօգտագործման իրավունքի լեռնային զանգված արդյունահանելու փաստի կապակցությամբ՝ տվյալ արարքում հանցակազմի առկայությունը պարզելու և սահմանված կարգով ընթացք տալու համար: Սակայն այստեղ էլ պարզվում է, որ տեսչական խմբի ներկայացուցիչներն իսկ ընդունել են, որ փոսորակից դուրս բերված զանգվածը օգտակար հանածոյի արդյունահանում համարվել չի կարող։
Անգամ մասնագետ չլինելով և պարզապես համադրելով տեսչական մարմնի հաղորդագրությունն ու ընկերության արձագանքը, կարելի է հասկանալ, որ սա բացարձակ ոչ պրոֆեսիոնալ մոտեցում է։
Սակայն սա դեռ վտանգավոր չէ։ Վտանգավորն այն կլինի, եթե Բնապահպանության նախարարությունն այս թղթի հիման վրա որոշի սառեցնել ընկերության գործունեությունը։ Դա ոչ միայն տնտեսությանը կզրկի ստացվելիք հարկերից և այլ տնտեսական էֆեկտներից, այլև մեծ հավանականությամբ՝ արբիտրաժի միջոցով հսկայական վնաս կհասցնի Հայաստանի ֆինանսներին (փոխհատուցման տեսքով) և հեղինակությանը՝ որպես վստահելի ներդրումային գործընկեր։
Իսկ երկրորդ՝ ածանցյալ վտանգն այն է, որ եթե թիթեռ ու բույս գտնելու հիմնավորմամբ ստուգվեն Հայաստանի հանքարդյունաբերական (և այլ ոլորտների) ընկերությունները, միգուցե պարզվի, որ Հայաստանյան ընկերությունների 99%-ը պետք է փակվի։ Խիստ կասկածում ենք, որ Հայաստանում կարելի է գտնել 3-4 ընկերություն, որը գործունեություն սկսելուց առաջ գումար կծախսի և մասնագետների օգնությամբ կուսումնասիրի, թե իր տարածքում ինչ թփեր ու միջատներ կան։
Պարզ ասած, այս գործելաոճով՝ Բնապահպանության և ընդերքի տեսչությունը ռումբ է դնում կառավարության տակ և ռումբի գործադրման վահանակը տալիս նրա ձեռքը։ Մնում է հուսալ, որ կառավարությունն այդ ռումբը՝ իր վահանակով, հետ կվերադարձնի տերերին։
Այս ամենի մեջ, սակայն, մի դրական կետ կա։ Տեսչական մարմնի այս զավեշտալի թուղթը կառավարությանը իրավունք է տալիս հանգիստ խղճով բացել Ամուլսար տանող ճանապարհներն ու թույլ տալ ընկերությանն աշխատել, քանի որ որևէ լուրջ վտանգ չի հայտնաբերվել։ Այսինքն՝ հանրությունը կարող է հանգիստ լինել, Սևանի ջրերը չեն թունավորվի, «երկգլխանի երեխաներ չեն ծնվի»…
Իսկ հայտնի անեկդոտի պես, «եթե ձուկ չես պահում, ուրեմն համասեռամոլ ես» տրամաբանությամբ առաջ շարժվելու դեպքում, նորից ենք կրկնում, կարելի է Հայաստանում արգելել գրեթե բոլորի և ամեն ինչի գործունեությունը։ Այդ թվում՝ Բնապահպական տեսչության և նրա պետի, քանի որ մինչև պաշտոնի նշանակվելը նա Ամուլսարի դեմ պայքարող ակտիվիստ էր, ինչը նշանակում է, որ չէր կարող անկողմնակալ լինել։