Թեհրանն ամերիկացիների հարձակման դեպքում կհարվածի ԱՄՆ-ին և Իսրայելին
Ուրբաթօրյա ավանդական աղոթքի ղեկավար եւ Իրանի Փորձագետների խորհրդի անդամ այաթոլլա Ահմադ Խաթամին օգոստոսի 22-ին հայտարարել է, որ ԱՄՆ-ը չի հարձակվի Իրաի վրա, քանզի գիտի, որ այդ դեպքում Թեհրանը հարված կհասցնի ամերիկացիներին ու Իսրայելին: Այդ մասին հայտնել է Mizan գործակալությունը:
«ԱՄՆ-ի վրա Իրանի դեմ պատերազմը թանկ կնստի: Ամերիկացիները գիտեն, որ եթե իրենք նվազագույն իսկ վնաս պատճառեն մեր երկրին, մենք կհարվածենք ոչ միայն ԱՄՆ-ին, այլեւ նրա տարածաշրջանային դաշնակցին՝ Իսրայելին»,- նշել է Խաթամին Կուրբան-բայրամի տոնակատարության առթիվ ունեցած իր ելույթում: Բացի այդ, այաթոլլան մերժել է Իրանի հետ բանակցություններ սկսելու Վաշինգտոնի առաջարկը:
«Ամերիկացիներն ասում են, որ բանակցությունների ընթացքում մենք պետք է ընդունենք բոլոր այն պայմանները, որ նրանք կառաջարկեն: Այդ դեպքում դրանք կլինեն ոչ թե բանակցություններ, այլ բռնություն»,- հավելել է Խաթամին: Նախօրյակին Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել է պաշտպանական հզոր ներուժ ունենալու անհրաժեշտության մասին՝ խուսափելու համար թշնամական պետությունների կողմից ոչնչացվելուց: «Մենք պետք է պատրաստ լինենք՝ մարտնչելու այն տերությունների դեմ, որոնք հավակնում են մեր տարածքին ու ռեսուրսներին: Եթե մենք ուժեղ չլինենք, մեզ կոչնչացնեն»,- ասել է Ռոուհանին:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 8-ին հայտարարել է, որ Վաշինգտոնը դուրս է գալիս միջուկային ծրագրի վերաբերյալ Իրանի հետ համաձայնագրից եւ վերականգնում է Իրանի դեմ բոլոր պատժամիջոցները, այդ թվում՝ պատժամիջոցներն այն երկրների նկատմամբ, որոնք բիզնես են վարում Իրանի հետ: Իրանը եւ միջազգային բանակցորդների «վեցյակը» 2015 թվականի հուլիսի 14-ին համաձայնության են հասել իրանական բազմամյա միջուկային հիմնախնդրի կարգավորման շուրջ:
Երկարատեւ բանակցություններն ավարտվել են Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի ընդունմամբ: 2016 թվականի հունվարի 16-ին հայտարարվել է ԳՀՀԾ-ի իրականացումն սկսելու մասին, որին հավանություն է տրվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւով: Այդ ծրագիրը նախատեսում է ավելի վաղ ՄԱԿ-ի ԱԽ-ի, ԱՄՆ-ի եւ Եվրամիության կողմից Իրանի նկատմամբ սահմանված տնտեսական ու ֆինանսական պատժամիջոցների վերացում: Փոխարենը Թեհրանը պարտավորվել է սահմանափակել իր միջուկային գործունեությունը՝ այն դնելով միջազգային հսկողության ներքո, հաղորդել է ՏԱՍՍ-ը: