Աղդամի մետաֆիզիկան
Ճամփորդական նոթեր
Մետաֆիզիկա բառացիորեն նշանակում է՝ ֆիզիկայից անդին, այն կողմ, ֆիզիկայից հետո: Ունենք սրա հայերեն համարժեքը՝ բնազանցություն՝ բնությունն անցնող, բնությունը զանց առնող, բնականից այն կողմ:
Աղդամը սահմանից այն կողմ է, բնականին անդին: Խոսքը, պարզ է, սովորական սահմանի մասին չէ՝ պետական, ռազմական, ընդհանրապես շոշափելի: Խոսքը չգծված, բայց դրանից ոչ պակաս իրական սահմանի մասին է: Նախկին թուրքի ծաղկուն, գեղեցիկ, մարդաշատ, իսկ այժմ՝ հայկական, անմարդաբնակ, ավեր, փլատակ, կիսավեր այգիների նռենիներով ծաղկած, լռության մեջ թաղված Ակնան դուրս է բերում սովորականի, կաղապարվածի, հասկանալիի, որոշյալի, ընդհանրապես սահմանվանից անդին:
Լռության տարածք է, մի մեծ ճգնարան, ուր իրար հպվում են երկու աշխարհները՝ բնականն ու բնազանցականը, երկիրն ու երկինքը, մարդկայինն ու աստվածայինը, և ուր այդ երկուսի հպումից, երկունքից, ինչպես հազարամյակներ առաջ, ծնվում է՝ երկներ երկին, երկներ երկիր՝ քաջություն պարգևող և քաջություն շնորհող Վահագնը: Աղդամը Վահագնի տարածքն է, Վահագնի քաղաքն է, Վահանգի վանքը:
Այստեղ ապրում են ոգիներ և ուրվականներ, բայց ոչ նախկին բնակիչներինը, այլ միանգամայն այլ՝ ոչ սովորական երկրային ծագում ունեցող ոգիներ, որոնք պատմում են անհնարինի հնարավորության, համարձակության, սահմաններից և սահմանափակումներից դուրս պրծնելու հնարավորության մասին: Այստեղ ճգնելու, միայնակ մնալու, վճիռներ կայացնելու, շրջադարձի և վերադարձի կատարյալ տարածք է: Այգաբացի արևի հատու ճառագայթները լուսավորում են փլատակները և ուշադիր հայացքի համար բացահայտում գերմարդկայինի, գերբնականի, գերքաղաքականի գաղտնիքները, Վահագնի պատգամները՝ սահման քաջանց սուր յուրանց: Սահման ռազմի, սահման երկրի, բայց և սահման մտքի, զարգացմունքի, գործի: Նեղվածքից դեպի ծավալում, դեպի լայնացում, դեպի թռիչք ուղին է ցույց տալիս Ակնավանքը՝ վեհագույնը հայոց վանքերից, հայոց թագի գանձը, ակն ու մարգարիտը:
Աղդամը դպրոց է: Այնտեղ սովորեցնում են հոգու հանդարտություն, սառնասրտություն, խաղաղություն, առնականություն: Միայնակության մեջ մեծ և վճռական որոշումներ ընդունելու արվեստ: Անկախություն, ինքնակենտրոնություն և ինքնիշխանություն: Հեռատեսություն և կողմնորոշում ճամփաբաժանին: Անշտապ շտապողականություն, պաղ մոլություն, խաղաղ ռազմատենչություն: Հայոց խաղաղությունն է Աղդամը, pax Armenica. Պարադոքսալ իմաստության դպրանոցն է, հեգելյան դիալեկտիկայի ճեմարան, Հերակլիտեսի հայրենիքը: Հեգնանքի և լրջության չտարանջատման, բոլոր հակասությունների միաձուլման, սկզբնակետը:
Այստեղ սովորեցնում են, որ մարդը մի բան է, որ պետք է հաղթահարվի, որ ճշմարտությունը գերմարդկային է, և մարդը ոչ աշխարհի կենտրոնն է, ոչ արարման իմաստը, ոչ էլ նույնիսկ բնական էվոլյուցիայի գագաթը: Որ կա ավելի քան մարդը, և որ, եթե մի օր մարդը չլինի, ոչ մի էական բան չի փոխվի տիեզերքում: Հակահումանիստական է Աղդամը, հակամարդակենտրոն, աստվածային: Գայլավանն է, գայլերի քաղաքն է, գայլաստան ու գայլավանք:
Ճամբաժանն է, հեքիաթային երեք ճամփու ընտրության խաչմերուկը, ինքն էլ հեքիաթային հուրի-փերին, Հազարան բլբուլը, չքնաղ հրեշտակ, հայոց նորահարս Աղդամը: Կա երեք ճանապարհ: Երկուսը տանում են հարմարավետ, հայտնի տեղեր, ուր եղել են բոլորը, և կա երրորդը, որը տանում է այնտեղ, ուր ոչ ոք չի եղել, բայց ուր գնացողը հաղթում և հաղթահարում է ինքն իրեն և բոլորին:
Ուժի կենտրանացում և ուժի կենտրոն է Աղդամը: Եղել է մի քաղաք, որը հզորացվել է, կառուցապատվել, շենացվել լինելու համար վերահսկող և իշխող հայկական Ղարաբաղի նկատմամբ, լինելու ֆորպոստ և պլացդարմ: Չեն լինում պարզապես քաղաքներ, հենց այնպես: Քաղաքների մակերեսն է միայն մարդանց խաղաղ ապրելը, իրար սիրելն ու առևտուր անելը: Քաղաքները ստեղծվում են որպես ուժի կենտրոններ՝ ռազմական, տնտեսական, քաղաքական: Իշխելու, վերահսկելու, կռվելու համար: Թուրքի Աղդամի ողջ գեղեցկությունը բխում էր նրա՝ հայերի դեմ ուժի կենտրոն լինելու, հայերին վերահսկելու դիրքից ու կոչումից: Աղդամը լավ, սիրուն քաղաք էր: Դրա համար էլ նա ոչնչացավ, կրակի բաժին դարձավ, մնաց ավերակ ու փլատակ: Եվ որպես փլատակ՝ նա ավելի իսկ ուժեղացավ, չդադարեց ուժի կենտրոն լինելուց, այլ է՛լ ավելի հզոր ուժի բևեռացում դարձավ: Բնակությունը ստեղծում է ուժի կենտրոնացում, բայց ամենահզոր ուժը դատարկության կուտակումն է: Բնակեցված քաղաքի ամենօրյա աղմուկին փոխարինել է հանդարտ և միաժամանակ ճակատին մոտ՝ լարված լռությունը: Այս լուռ փլատակների մեջ կուտակվում է զորություն, այնպիսի ուժ, որը երբևէ չի եղել մարդաշատ քաղաքում: Միջուկային պայթյունի կամ նեյտրոնային ռումբի զորություն: Ալքիմիական փոխակերպում, որը սևից ոսկի է սարքում:
Աղդամը մի քայլ առաջ է, առաջապահ է, ավանգարդ է, ուտոպիա: Նա դուրս է եկել սովորականի տարածքից և ուղի է նախանշում դեպի անսովոր, անհնարին թվացող, դեպի նոր ծավալում և նոր թռիչք: Նա ապրում է ապագայում, մինչ մենք սողում ենք ներկայում: Նա մաքուր, զտված էներգիա է: Ներքին ազատության մի նոր մակարդակ, անկաշկանդություն, համարձակություն, ինքնավստահություն, կապերը խզող:
Քաղաք պարտեզն է, որի մասին երազել են դարերով: Այգու վերածված քաղաք: Քաղաքների գոյության հաջորդ փուլը: Քաղաքների ապագան: Հետքաղաքային, հետմարդկային կյանքը: Գեղեցկուհի նռենին, նորահարսը, չքնաղ ռազմավարը: Այստեղ մի օր խշշալու է ջուրը, բերված սարերից տասնյակ առուներով, փլատակները մաքրվելու են, չի մնալու ոչ մի հիշողություն, և ծաղկելու են փարթամ այգիները: Կյանքը վերադառնալու է, բայց ոչ մարդու, այլ նռենիների և թզենիների տեսքով: Անթիվ-անհամար բերքեր են հավաքվելու: Իսկ ձմեռներն անցկացվելու են փիլիսոփայական հատուկ սեմինարներ՝ սահմանազանցության, ներքին լարումը նշանառու կրակոցի և վճիռների կայացման արվեստի մասին: Այստեղ՝ նռենիների ստվերների տակ, բնակվելու են իմաստուններն ու ուխտյալ ասպետները, որոնք նախագծելու են նոր թռիչքներ բոլոր ուղղություններով, այստեղ բացվելու է վահագնապաշտության դպրոցն ու գրվելու է նոր իմաստասիրություն, նոր աստվածաբանություն: Այստեղ նռենին հռչակվելու է մարդուց ավելի բարձր կյանքի ձև: Այստեղ լինելու են, և այստեղից սկսվելու են անհնարին բաներ:
Այստեղ հաղթելու է հայկական հեղափոխությունը: Հայկական ազգային հեղափոխությունը՝ միակ հնարավորը հնարավորներից և միակ ամենաանհնարինն անհնարիններից, բացարձակը, մետաֆիզիկականը, բնազանցականը: Ծնվելով այստեղ՝ նա վերադառնալու է մեծ քաղաքներ ու նվաճելու է ու ստեղծելու է նոր աշխարհներ և տիեզերքներ:
Աղդամը մեր հայրենիքն է: