Reise-Stories-ի հրապարակումը՝ Հայաստանի մասին
Գերմանական Reise-Stories ճամփորդական կայքէջը ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության աջակցությամբ հոդված է հրապարակել Հայաստանի վերաբերյալ` «Հայաստան – հիասքանչ բնությունը հանդիպում է 3000-ամյա մշակույթի պատմությանը» վերնագրով:
«Երբ առաջին անգամ մեկնում ես Հայաստան, հասկանում ես, որ արժե այցելել այս երկիրը, որն աշխարհում առաջինն է պետականորեն ընդունել քրիստոնեությունը: Հայաստանի մայրաքաղաք Երևանը աշխարհի ամենահին քաղաքներից է: Այստեղ է գտնվում Մատենադարանը, որտեղ պահպանվում են շուրջ 15.000 հայկական և 5.000 արտասահմանյան ձեռագրեր: Ձեռագրերի շատ նմուշներ եզակի են և մի քանի հարյուր կամ հազար տարվա պատմություն ունեն, ինչպես օրինակ` 986թ. Սանասարյան Ավետարանը կամ 12-րդ դարի աշխարհի քարտեզը:
Երևանում անպայման անհրաժեշտ է նաև այցելել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: Հուշահամալիրի տարածքում տարբեր երկրների քաղաքական գործիչներ, ի հիշատակ ցեղասպանության 1,5 միլիոն անմեղ զոհերի, ծառեր են տնկել: Մայրաքաղաք Երևանից մոտ 60 կմ հեռավորության վրա է գտնվում Սևանա լիճը` Հայաստանի կապույտ մարգարիտը: 1272 կմ² տարածքով այս լիճը ավելի քան երկու անգամ մեծ է, քան գերմանական Բոդենզեե լիճը: Դեպի հարավ տանող ճանապարհին է գտնվում Նորադուզի գերեզմանատունը: Այստեղ կան 9-16-րդ դարերի բազմաթիվ եզակի խաչքարեր:
Արարատ լեռը, որն ունի 5137մ բարձրություն և որի գագաթը տարվա մեծ մասը պատված է ձյունով, գտնվում է Թուրքիայի տարածքում: Լեռը հայերի ազգային խորհրդանիշն է: Մինչ 1915թ. Ցեղասպանությունը Արարատի շրջակայքում հայեր են բնակվել: Ըստ Աստվածաշնչի` մեծ ջրհեղեղից հետո Արարատ լեռան վրա է հանգրվանել Նոյյան տապանը: Տպավորիչ այս լեռը մոտիկից տեսնելու համար կարելի է գնալ Խոր Վիրապ վանք: Այս սրբավայրը հայտնի ուխտատեղի է»: