100 օրվա մեսիջները․ ի՞նչ է փոխվել շարքային քաղաքացու կյանքում

Օգոստոսի 17-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշել է Հանրապետության հրապարակում ամփոփել իր վարչապետության 100 օրը։ Երբ նախորդ կառավարությունն ինչ-ինչ ցուցանիշներ էր հրապարակում, ընդդիմախոսները իրավամբ հակադարձում էին, թե այդ դրական ցուցանիշներն ի՞նչ ազդեցություն են ունեցել շարքային քաղաքացու կենսամակարդակի վրա։ Այս հարցը հիմա էլ է արդիական․ ի՞նչ է  փոխվել  այս 100 օրվա մեջ շարքային քաղաքացու կյանքում, նրա կյանքի որակի վրա կա՞ արդյոք  որևէ դրական ազդեցություն։

Բարոյահոգեբանական մթնոլորտ

Որպես դրական փոփոխություն՝ շատերը սիրում են  մատնանշել բարոյահոգեբանական մթնոլորտը, սեփական ուժերի նկատմամբ ժողովրդի  հավատի վերականգնումը, մարդկանց դեմքի ժպիտը, վերջապես՝ կոռուպցիոն բացահայտումները։ Բայց  չպետք է մոռանալ, որ բարոյահոգեբանական մթնոլորտն ու հավատի վերականգնումը սոցիալ-հոգեբանական երևույթ են և, որպես կանոն, արագ սպառվող կապիտալ։ Առավել ուշագրավ են միմյանց հաջորդող սկանդալային  բացահայտումներն ու աղմկոտ գործերը։ Հասարակությունը մի շոկը դեռ չմարսած ստանում է հաջորդ չափաբաժինը, ոգևորվում է դրանից,  ակտիվ քննարկումներ ծավալում սոցցանցերում, մի մասի մոտ  անգամ վերակենդանանում է վաղուցվանից մոռացված՝ «գործ տալու» ու մատնություն գրելու ջիղը, երկրում էլ գլխավոր գործող անձինք դառնում են ԱԱԾ ու ՀՔԾ պետերը։ Բայց արդյոք  այս ամենն ազդո՞ւմ է շարքային քաղաքացու  կյանքի որակի վրա, ով ամենօրյա աշխատանքով ընտանիքի բարեկեցության հարցն է հոգում ու ով  առանձնապես  հետաքրքրված չէ «ուշագրավ» տեսարաններով:

Արդյունք ապահովող ծրագրերի բացակայություն

Կարդացեք նաև

Նոր իշխանությունների կողմից դեռ որեւէ ուշագրավ  սեփական ծրագիր, (նկատի ունեմ իրենց մտքի արգասիք հանդիսացող:- հեղ) չի  հայտարարվել  կամ իրականացվել։  Տնտեսության զարգացման միջոցառումների ծրագիր նոր կառավարությունն առանձնապես չունի։  Շարունակվում են նախորդ կառավարության մշակած՝ տնտեսության, էներգետիկայի, գյուղատնտեսության,անգամ՝ սոցիալական ապահովության  ոլորտների մի քանի ծրագրեր։  Օրինակ՝ նույն կենսաթոշակային բարեփոխումները, Իրանի և ԵԱՏՄ–ի միջև ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագրի ստորագրումը, Մեղիի ազատ տնտեսական գոտու,  Մասրիկի  արեւային էլեկտրակայանի, գյուղատնտեսության ոլորտում հակակարկտային ցանցերի և այլ ծրագրերը: Ընդ որում, կիսատ մնացած ծրագրերը շարունակելիս հարկ չի էլ համարվում նշել, որ դրանք նախորդ կառավարության մշակածներն էին:

Վարչապետը Տավուշի մարզում օրերս հայտարարեց, որ hունիսին տնտեսական ակտիվության ցուցանիշը 9,6 տոկոս է կազմել։ Իհարկե, սա լավ ցուցանիշ է, բայց  հանուն արդարության պետք է ասել, որ ավելի շատ նախորդ տեխնոկրատ  կառավարության ձեռնարկած քայլերի արդյունքն է և հիմնականում շարունակվում է  իներցիայով։ Մի դիտարկում ևս․ ապրիլյան օրերին, երբ ապագա վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետական կառույցների աշխատակիցներին  կոչ էր անում միանալ գործադուլին, կառավարության ֆինանսատնտեսական  բլոկը բավականին լարված աշխատում էր՝  փորձելով ամեն ինչ անել, որ անկայուն իրավիճակը տնտեսության վրա չանդրադառնա։ Ու, բարեբախտաբար, եղան պետական մտածողությամբ պաշտոնյաներ, ովքեր  այդ օրերեին պետական համակարգի անխափան աշխատանքի կոչ արեցին։

Հասկանալի է, որ այս կառավարությունը ժամանակավոր է, բայց անգամ մինչև ընտրություններ երկիրը տնտեսության զարգացման թեկուզ կարճաժամկետ հստակ ռազմավարություն պետք է ունենար (կառավարության ծրագրի հռչակագրային դրույթները դժվար է ռազմավարություն համարել)։

Որոշումներ կայացնելու անկարողություն

Նոր իշխանությունների կողմից բավականաչափ վճռականություն չի նկատվում հատկապես կնճռոտ հարցերին լուծում տալու հարցում։ Սրա վառ օրինակն է «Լիդիան Արմենիա» ընկերության  շուրջ ստեղծված իրավիճակը։ Խնդրի կարգավորումն անընդհատ ձգձգվում է՝ հղում կատարելով ձևավորված աշխատանքային խմբին։ Այս հապաղումը  բացասական հետևանքներ  կարող է ունենալ ինչպես ընկերության, այնպես էլ Հայաստանի համար։ Իհարկե,  երբեմն ցավոտ,  բայց  ռացիոնալ որոշում կայացնելու հարցում կարևոր դեր ունեն ճիշտ կադրերը,  իզուր չէ ասված, որ «կադրերն են որոշում ամեն ինչ», իսկ  նոր կառավարությունում կառավարման գործընթացները խորությամբ պատկերացնող անձինք շատ քիչ են․ պետք է նաև քաղաքական գործչին հստակ տարբերել պետական գործչից,  դրանք տարբեր որակներ են պահանջում։

Արժեքային ճգնաժամ կամ ինստիտուցիոնալ հիշողության խզում

Բավական տհաճ էր, երբ  պետական կոկրետ ինստիտուտի ստեղծման, դրա կայացման մեջ մեծ ներդրում ունեցող մարդիկ նոր իշխանությունների կողմից  միանգամից դուրս շպրտվեցին՝ առանց շնարհակալական գեթ մեկ  խոսքի:  Այդպիսին էին,  օրինակ, Միգրացիոն  ծառայության ղեկավար Գագիկ Եգանյանի, ԲՈՀ-ի ղեկավարի դեպքերը: Վերջիններս միայն մամուլից էին իմացել, որ իրենց պաշտոնում արդեն նշանակում է եղել, ընդ որում՝ դեռ առանց իրենց ազատման հրամանի (սա էլ անթույլատրելի փնթիություն է պետական համակարգի համար, որը շարունակվում է մինչեւ հիմա):

Մինչդեռ սրանք ամենևին մանրուքներ չեն: Նախկինների արածը գնահատելու, բացթողումները չկրկնելու, ինտիտուցիոնալ մեխանիզմները պահպանելու ու կատարելագործելու վրա են հիմնված արևմտյան ժողովրդավարությունները: Ամերիկյան ցանկացած պետական մարմին մտնելիս կարող են հատ-հատ պատմել, թե որ ղեկավարն ինչ ներդում է ունեցել, կառույցի կայացման  ճանպարհին երբ ու  ինչ կարևոր  փոփոխություն է եղել, ու անխտիր գնահատվում է բոլորի դերը:

Կյանքը ցույց տվեց, որ մենք չենք կարողանում նման մշակույթ ստեղծել, մենք ամեն անգամ քանդում ենք հինը՝ առանց հիմքի զրոյից անհասկանալի ինչ-որ բան կառուցելու համար:  Այս առումով  թերևս միակ դրական օրինակը պաշտպանության նախարարության դրոշի հանձնման արարողությունն էր Վիգեն Սարգսյանից Դավիթ Տոնոյանին: Բայց սա էլ եզակի իրադարձությունն էր, պայմանավորված բացառապես այս երկու անձանց՝ որպես պետական գործիչ ունեցած բարձր որակներով: Իսկ հիմնականում, շատ գերատեսչությունններում հիմա ինտիտուցիոնալ խզում է տեղի ունենում, քանի որ կամ միջին օղակները նույնպես հեռացել են, որոնք պահպանում ու փոխանցում էին տարիներով ձևավորված ավանդույթներն ու մեխանիզմները, կամ նոր նախարարները չգտեն ինչպես վարվել իրենց նոր ժառանգության հետ:

Կարելի է խոսել նաև արտաքին քաղաքականության ու շատ ուրիշ բաների մասին։ Բայց միևնույն է, եզրակացությունը դրանից չի փոխվելու․ այս երեք ամսում արդյունք ստեղծող աշխատանք,  քաղաքացու կենսամակարդակի բարձրացմանն ուղղված ծրագրեր  այդպես էլ չեն իրականացվել (թերևս միակ «շոշափելի» արդյունքը գյուղմթերքի անհասկանալի ու անտրամաբանական թանկացումներն են)։ Շեշտը դրվել է մարդկանց տեսարաններով կերակրելու վրա, որոնց պակաս, կարելի է արդեն կանխատեսել, որ գոնե մինչև ընտրություններ,  հաստատ չենք ունենա։ Իսկ վերոշարադրյալ դիտարակումներն անհանգստացնող են ու ամենևին չեն տեղավորվում նոր ու առողջ համակարգերի ձեւավորման տրամաբանության մեջ:

Տեսանյութեր

Լրահոս