ԱՄՆ-ի հարյուրավոր թերթեր դատապարտել են Թրամփի քաղաքականությունը ԶԼՄ-ների նկատմամբ
ԱՄՆ-ի հարյուրավոր թերթեր պաշտպանել են բողոքի կոլեկտիվ ակցիան ազգային ԶԼՄ-ների նկատմամբ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականության դեմ` օգոստոսի 16-ին զետեղելով խմբագրական հոդվածներ, որոնք դատապարտում են նախագահի հարձակումները երկրում մամուլի ազատության վրա: Այդ մասին օգոստոսի 15-ին Associated Press գործակալությանը հայտնել է Մարջորի Փրիթչարդը՝ The Boston Globe թերթի պատասխանատու խմբագիրը, որը հանդես է եկել որպես այդ ակցիայի նախաձեռնող:
«Մենք ժողովրդի թշնամիները չենք»,- գործակալությանը հայտարարել է Փրիթչարդը, նշելով, որ վերջին ժամանակներս Թրամփը մեկ անգամ չէ, որ հենց այդպես է անվանել ամերիկացի լրագրողներին: Նա հիշեցրել է, որ նախագահը քանիցս ազգային ԶԼՄ-ներին մեղադրել է ստի մեջ, ինչը, նրա կարծիքով, մշտապես առկա է ինչպես իր ու իր ընտանիքի անդամների, այնպես էլ իր վարչակազմի աշխատանքի վերաբերյալ հրապարակումներում եւ հեռուստատեսային հաղորդումներում:
Փրիթչարդի խոսքով՝ «թերթերի կոլեկտիվ պատասխանը» կազմակերպելու գաղափարը դարձել է վերջին շաբաթներին Թրամփի «հակալրագրողական հռետորաբանության» ուժեղացման հետեւանքը: «Ես հուսով եմ, որ (այս ակցիան) ընթերցողներին կօգնի հասկանալու, որ գրոհն առաջին ուղղման (ԱՄՆ-ի Սահմանադրության, այդ թվում՝ երկրում խոսքի եւ մամուլի ազատության վերաբերյալ) վրա անթույլատրելի է»,-ասել է Փրիթչարդը:
Օգոստոսի 2-ին Ուիլքս-Բար քաղաքում (Փենսիլվանիայի նահանգ) իր կողմնակիցների հետ կայացած հանդիպմանը Թրամփը կրկին հայտարարել է, որ ամերիկյան ԶԼՄ-ները չարաշահում են ազատ մամուլը եւ այլեւս ճշմարիտ տեղեկատվություն չեն տրամադրում մարդկանց: «Նրանք այն այլեւս չեն փոխանցում, այլ միայն պատմություններ են հորինում»,-հայտարարել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը: