Բաժիններ՝

Որոշում, որը կարող է քրեակատարողական համակարգը ցնցումների ենթարկել

Երեկ Կառավարության նիստում Քրեակատարողական բժշկության նոր հայեցակարգի շրջանակներում միաձայն շրջադարձային որոշում ընդունվեց։ Խոսքը Երևանում՝ 500, իսկ մարզերում՝ 100 և ավելի մահճակալ ունեցող հիվանդանոցներում հատուկ ազատազրկված անձանց համար բաժանմունքներ բացելուն է վերաբերում։ Ասել է թե՝ կալանավորված անձանց ու դատապարտյալների համար հատուկ բաժանմունքներ պետք է կահավորվեն, ուր վերջիններս կկարողանան բուժում ստանալ։

Գաղափարը միգուցե լավն է ու, անշուշտ, բարի նպատակներ է հետապնդում։ Բոլորն իրավունք ունենք պատշաճ բժշկական օգնություն ստանալ, բայց արդյո՞ք մոդելը կաշխատի Հայաստանում։

Նախորդ 3 տարիներին ազատազրկված անձանց փախուստի 2 դեպք է արձանագրվել, և երկուսն էլ՝ քաղաքային բուժհաստատություններից։ Ընդ որում, վերջին դեպքում, երբ «Արմենիա» ԲԿ-ից փորձեցին զենքի գործադրմամբ կալանավորին փախցնել, ողբերգությունը կանխվեց միայն քրեակատարողական ծառայողի անձնուրացության ու աչալրջության և իրավիճակը ճիշտ գնահատելու շնորհիվ։ Թե ի՞նչ կարող էր լինել հակառակ դեպքում, մտածելն իսկ սարսափելի է։

Դեռ չենք խոսում հիվանդանոցի խուճապի, հանցագործին վնասազերծելու մանրամասների, այնտեղ բուժվող անձանց ու բուժանձնակազմի հոգեկան սթրեսային վիճակի մասին։

Կարդացեք նաև

Հիմա պատկերացրեք ազատազրկված անձանցով լի մի ամբողջ բաժանմունք ու դրա հետ կապված՝ անվտանգության ռիսկերը։

Այս պահին մի կողմ ենք թողնում այն հանգամանքը, թե ինչպես են տարբեր առողջական խնդիրներ ու համապատասխան բուժման կարիք ունեցող հիվանդները միևնույն տարածքում բուժվելու, երբ, ինչպես գիտենք, հիվանդանոցային բաժանմունքները խիստ մասնագիտացված են, և ուրեմն ինքնին նաև բավականին բարդ աշխատանքային պայմաններ են ստեղծվում նաև հիվանդանոցային բուժանձնակազմերի վրա։

Ավելի կարևոր հանգամանք են նրանց անվտանգության, քաղաքային բուժհաստատությունների նորմալ կենսագործունեության, ավելորդ լարվածությունից խուսափելու, միջանցքներում մարդկային կուտակումների, հնարավոր անկանխատեսելի իրավիճակի խնդիրները զրոյական դարձնելու և սրանցից բխող այլ հարցեր։

Արդյո՞ք պետությունը ներկայիս աշխատավարձի պայմաններում գտել է հնարը համակարգն այնքան գայթակղիչ դարձնելու, որ պահպանություն իրականացնող ծառայողների թվաքանակի խնդիր չունենա, արդյո՞ք վերջիններիս պատրաստվածության մակարդակն այնպիսին կլինի, որ անկանխատեսելի իրավիճակում արագ կողմնորոշվելու խնդիր չի առաջանա, արդյո՞ք փաստ է, որ ազատազրկված անձանց մոտ այցելության եկած յուրաքանչյուր ոք իրավագիտակցության այն մակարդակը կունենա, որ կհասկանա, որ չի կարող տեսնել իր հիվանդին, քանզի այն, որ նա քաղաքային բուժհաստատությունում է բուժվում, դեռ չի նշանակում, որ ազատ է, ու կարող է այցելուներ ընդունել, արդյո՞ք պահպանություն իրականացնող անձինք ու նրանց ղեկավարները չեն տրվի գայթակղությանը, ու մենք հիվանդանոցային խրախճանքների ու դրանց հետևանքների ակնդիրը կամ ունկնդիրը չենք դառնա, արդյո՞ք սովորական քաղաքացին, հիվանդը, վերոնշյալ ռիսկերը հաշվի առնելով՝ կնախընտրի բուժվել այն հիվանդանոցում, ուր կան վերը նշված բաժանմունքները…

Մյուս կողմից էլ այս որոշման ու դրա իրագործման պայմաններում իսկապես անհասկանալի է դառնում «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի գործունեությունն առհասարակ, որքան էլ որ Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը փորձեց հիմնավորել դրա գոյության ձևաչափի անհրաժեշտությունը։ Եվ եթե ընդունենք, որ այդ անհրաժեշտությունը կա, մի՞թե խտրականություն չի դրվում ազատազրկված անձանց մեջ, երբ մեկը պետք է բուժվի քաղաքային բուժհաստատությունում, իսկ մյուսը՝ քրեակատարողական հիմնարկի պայմաններում։

Սրանք հարցեր են, որ հավանաբար ծագելու են, ու սրանք այն հարցերը չեն, որոնց կարելի է տեղում հրատապ լուծում տալ, և սրանք այն հարցերն են, որոնցից յուրաքանչյուրը մյուսի հետ սերտ փոխկապակցված է, և, Աստված մի արասցե, որ տեղում դրանք լուծելու անհրաժեշտություն առաջանա։

Եվ վերջում, բնականաբար, գաղափարի իրագործումը ծախսատար է, և այդ գումարներով քրեակատարողական հիմնարկների բուժմասերն ու «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկը պատշաճ սանիտարահիգիենիկ տեսքի բերելը, անհրաժեշտ նորագույն սարքավորումներով հագեցնելը, բժշկական արհեստավարժ անձնակազմով համալրելը մի՞թե առավել շահավետ չէ նշված ռիսկերից խուսափելու տեսանկյունից։

Ինչևէ, որոշման իրագործմանը դեռ 1-2 տարի ժամանակ կա, և հուսանք, որ աշխատանքային պրոցեսում համակարգը ցնցումների չի ենթարկվի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս