Անմեղության կանխավարկածի մասին
«Նոր Հայաստանում» անմեղություն կանխավարկած կոչվող շատ կարևոր իրավական սկզբունքին կարծես ոչ մեկն ուշադրություն չի դարձնում։ Ավելին, այս սկզբունքը սկսել է ստորադասվել ավելի «բարձր» նպատակների, մասնավորապես՝ կոռուպցիայի դեմ պայքարին, նախկին աղմկահարույց գործերի բացահայտմանը (կամ այդ մասին հայտարարություններին), ու հնչում են արդարադատության համար բավականին վտանգավոր կարծիքներ, թե՝ «էլ ի՞նչ անմեղության կանխավարկած՝ պարզ է, որ հանցագործ է»։ Մյուս վտանգավոր միտումն այն է, որ քրեական դատավարության այս կարևորագույն ու ժողովրդավարական համարվող սկզբունքին սկսել է փոխարինել հասարակական սուբյեկտիվ կարծիքը, որի ձևավորողն էլ, որքան էլ որ իրավական տեսանկյունից տարօրինակ չթվա, դարձել է նախաքննական մարմինը։
Վերջին աղմկոտ գործերի դեպքում նախաքննական մարմնի կողմից փորձ է արվում հանրության շրջանում ձևավորել կոնկրետ վերաբերմունք նախաքննության փուլում գտնվող գործերի ֆիգուրանտների նկատմամբ։ Իրավական տեսանկյունից սա անթույլատրելի ու նաև վտանգավոր մոտեցում է՝ անկախ նրանից, թե ովքեր են այդ ֆիգուրանտները՝ սրիկաներ, հանցագործներ, թե հանիրավի մեղադրվողներ։
Դեռ հուլիսի 6-ին Մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Արման Թաթոյանը հանդես էր եկել հայտարարությամբ՝ նշելով, որ «անմեղության կանխավարկածի չպահպանումը կարող է խաթարել արդարադատության ողջ գործընթացը, ինչպես նաև ձևավորել անձի մեղավորության՝ որպես հաստատված փաստի մասին հասարակական ընկալում, կամ նպաստել դրան»: Այս հայտարարությունը, սակայն, այդպես էլ մնաց օդում։
Անմեղության կանխավարկածի սկզբունքի խախտումը հատկապես ցավալի հետևանք ունեցավ «Հայաստան» համահայկական հիմնադրամի համար՝ իսպառ զրոյացնելով այս կառույցի վարկանիշը, այն դեպքում, երբ զգույշ ու օրենքին տառին համապատասխան գործելու դեպքում հնարավոր կլիներ դրանից խուսափել։ Նախկինում էլ ՀՔԾ-ի հաղորդագրությունների հետ կապված՝ ՄԻԵԴ-ի մեր գործընկերները միշտ վերապահում են ունեցել, անգամ «02» հաղորդաշարի պարագայում միշտ նշվել է անմեղության կանխավարկածի խախտման մասին, բայց հիմա այս երևույթը կարծես ավելի է խորանում ու անգամ նորմալ է համարվում։
Անմեղության կանխավարկածի խախտման ակնհայտ օրինակ էր նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին առաջադրված մեղադրանքի հետ կապված ՀՔԾ պետի հարցազրույցը։ Ի դեպ, այս գործի հետ կապված զարգացումները հատկապես հետաքրքիր ուսումնասիրության թեմա կարող են լինել իրավաբանների համար։
Մի կողմ թողնենք կոնկրետ անձին և այն, որ առաջին անգամ գործ է հարուցվում «Վիկիլիքսի» արտահոսքի և ենթադրությունների վրա կառուցված դիվանագիտական «դեպեշների» հիման վրա, շատ ավելի հետաքրքիր է ՀՔԾ պետի հայտարարությունների ոճն ու իմպերատիվ բնույթը (մասնագիտական տեսանկյունից բավականին ոչ պրոֆեսիոնալ.- Ա.Վ.)։ Տպավորություն էր, որ եթերում արդեն դատարանի վճիռն է հնչում, մինչդեռ մեղադրանքը, ինչպես պարզվեց, ժամեր առաջ էր առաջադրվել, նախաքննական մարմինը դեռ աշխատում է, բայց ՀՔԾ ղեկավարն արդեն համոզված հայտարարություններ է անում Հ1-ի եթերում՝ ձևավորելով գործի նկատմամբ կանխակալ վերաբերմունք ու այդ կերպ արդեն իսկ հարցականի տակ դնելով արդար դատաքննության սկզբունքի իրացումը։
Ցավոք, պատմությունից դասեր մենք այդպես էլ չենք սիրում քաղել, ու արդարության նկատմամբ հավատ ձևավորելու փոխարեն՝ կարծես թե արդարադատության հերթական կաղ համակարգը ստեղծելու ճանապարհին ենք նախընտրում։