«Չափի զգացում. ինչո՞ւ են Մոսկվայում դժգոհ Երևանում ընթացող գործընթացներից». Սերգեյ Մարկեդոնով

Ռուսաստանցի հայտնի քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը telegra.ph-ում հոդված է հրապարակել, որում նա անդրադարձել է Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գերատեսչությունների և փորձագիտական շրջանակների միջև օր-օրի սրվող հռետորաբանությանը, որը հղի է ծայրահեղ հետևանքներով։

Ստորև ներկայացնում ենք հոդվածը։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մտահոգություն է արտահայտել Հայաստանի իրադարձությունների կապակցությամբ։ Նրա խոսքերով՝ դրանք հակասում են հայաստանյան նոր ղեկավարների հայտարարություններին իրենց նախորդներին քաղաքական մոտիվներով հետապնդելու մտադրության բացակայության վերաբերյալ։

Այն բանից հետո, երբ Հայաստանում փոխվեց կառավարությունը, իսկ նրա գլուխ կանգնեց ժողովրդական զանգվածային բողոքի ցույցերի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանում շատ փորձագետներ ու լրագրողներ հանդես եկան բարեկամ երկրում տեղի ունեցածի քննադատական գնահատականներով։ Սակայն մինչև վերջին ժամանակները ՌԴ բարձրաստիճան պաշտոնատար անձինք ձեռնպահ էին մնում հայկական նոր ղեկավարության հասցեին բացասական մեկնաբանություններից։ Կրեմլը ամեն կերպ ընդգծում էր հայկական տարբեր քաղաքական ուժերից իր հավասարահեռությունը։ Ուրեմն ինչո՞վ է պայմանավորված հռետորաբանության ներկայիս փոփոխությունը։

Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի նկատմամբ քրեական հետապնդման որոշումները մտահոգեցին Մոսկվային։ ԶԼՄ-ներում հրապարակումների ընդհանուր մասը նրանց՝ ռուսաստանյան բարձրաստիճան ղեկավարների ու զինվորականների և «բիզնեսի գեներալների» հետ ունեցած կապն է։

Հազիվ թե այլ կերպ կարողանար լինել՝ հաշվի առնելով այն փաստը, որ Քոչարյանն իր պաշտոնը զբաղեցնում էր 10 տարի, իսկ Խաչատուրովը 8 տարի գլխավորում էր հայկական Զինված ուժերի գլխավոր շտաբը և Երևանի կողմից առաջադրվել էր ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնին։ Նկատենք, որ այդ պաշտոնը նրան բաժին էր հասել ոչ առանց Մոսկվայի պատկառելի լոբբիստական աջակցության մեղմ ասած՝ Կազմակերպության մնացած գործընկերների բարդ արձագանքի պայմաններում։

Բայց, կարծում եմ, Մոսկվային ոչ այնքան Քոչարյանի ու Խաչատուրովի գործի ընթացակարգային պահերն են հուզում, որքան այն, որ ներկայիս իշխանությունների՝ նախորդներին մեղադրելու փորձերը կարող են Հայաստանի ներսում նոր սուր խնդիրներ սադրել։ Ոչ միայն իշխանական հարթակի, այլև բիզնեսի։ Եվ այդ տուրբուլենտությունը իր հերթին կդառնա Արցախում կամ հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով լարվածության հիմք։ Այդ դեպքում Մոսկվան, ի հավելումն Դոնբասում և Սիրիայում ունեցած խնդիրների, կստանա ևս մեկ լուրջ ճգնաժամ՝ Թուրքիայի, Ւրանի, ԱՄՆ-ի ու ԵՄ-ի հնարավոր ներգրավվածությամբ։ Եվ բոլորովին էլ փաստ չէ, որ ՀԱՊԿ-ի ու ԵԱՏՄ-ի բոլոր դաշնակից երկրները կողջունեն ու կաջակցեն Մոսկվայի ու նրա դաշնակից Երևանի մոտեցումներին։ Որպես հետևանք՝ նոր իշխանությունների գործողություններին սկեպտիկ վերաբերմունքը։

Այս ամենը, սակայն, չի նշանակում, որ Ռուսաստանն ու Հայաստանն անպայման սուր կոնֆլիկտի մեջ կմտնեն։ Վերջիվերջո, Մոսկվայի ու նրա դաշնակիցների միջև հակասություններ ի հայտ են գալիս ոչ առաջին անգամ։ Բայց այս դեպքում ծայրահեղ կարևոր է երկու սխալներ չգործելը։

Նախ, պետք է հնարավորինս խուսափել հանրային վեճերի հաճախականացումից։ Եղած խնդիրները կարելի է և պետք է դուրս չհանել դեպի արտաքին աշխարհ՝ լուրեր, ֆեյքեր՝ չսադրելու ու չլարելու համար առանց այդ էլ զգացմունքներով ծանրաբեռնված ինֆորմացիոն տարածքը։

Եվ երկրորդ՝ Հայաստանի ներքին խնդիրները պետք է հստակ առանձնացնել արտաքին քաղաքական համագործակցությունից։

Հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների կործանումը վտանգավոր է ՌԴ-ի՝ առհասարակ Անդրկովկասում ունեցած նրա ազդեցության համար։ Եվ պետք է հնարավորինս թույլ չտալ, որ այդ ճեղքը լայնանա։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս