Վերջին օրերի իրադարձությունները հակասում են Հայաստանի նոր ղեկավարության հայտարարություններին. Սերգեյ Լավրով․ РИА Новости
«Հայաստանում իրադարձությունները ընթանում են Հայաստանի նոր իշխանությունների` իրենց քաղաքական նախորդներին հետապնդելուց հրաժարվելու մասին հայտարարություններին հակառակ»,- նշել է ՌԴ ԱԳ նախարար Ս.Լավրովը:
«Ռուսաստանը` որպես Երևանի դաշնակից, միշտ հետաքրքրված է եղել հայկական պետության կայունությամբ, քանի որ այնտեղ տեղի ունեցողը չի կարող մեզ չանհանգստացնել, այդ թվում նաև ԱՊՀ տարածքում գործող այն կազմակերպությունների նորմալ աշխատանքի տեսանկյունից, որոնցում մասնակցում է Հայաստանը»,- ասել է նա:
«Վերջին օրերին մենք մի քանի անգամ մեր մտահոգությունը հասցրել ենք հայկական ղեկավարությանը,- ավելացրել է նախարարը,- հույս ունենք, որ իրավիճակն ամեն դեպքում կառուցողական ճանապարհով կընթանա»:
Նրա խոսքերով` այս տարվա մայիսին Հայաստանում քաղաքական ճգնաժամի ժամանակ Մոսկվայում «մեծ բավականությամբ նշում էին, որ արդյունքում այդ ճգնաժամի լուծումը գտնվել է բոլոր առաջատար կուսակցությունների մասնակցությամբ փոխհամաձայնության հիման վրա»: «Մենք հույս ունեինք, որ հիմնվելով այդպիսի արդյունքի վրա`բոլոր քաղաքական ուժերը, նախ և առաջ Հայաստանի նոր ղեկավարությունը, նոր իշխանությունները հետագայում ևս միասնական մոտեցումներ առաջ կքաշեին ու կամրապնդեին ազգային համաձայնությունը»,- նկատել է Լավրովը:
«Բայց վերջին օրերի իրադարձությունները ակնհայտորեն խախտում են այդպիսի դրական տրամադրվածությունը, հակասում են Հայաստանի նոր ղեկավարության վերջերս հնչեցված հայտարարություններին այն մասին, որ ինքը մտադրություն չունի կազմակերպել իր նախորդների` քաղաքական մոտիվներով հետապնդումը»,- եզրափակել է նա:
Հայաստանի Հատուկ քննչական ծառայությունը հուլիսի 26-ին երկրի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք առաջադրեց 2008թ. մարտի 1-ին բողոքի ակցիաները ցրելու ժամանակ սահմանադրական կարգի տապալման քրեական գործի շրջանակներում:
Մեկ օր անց նա կալանավորվեց 2 ամսով: Ինքը`Քոչարյանը, մեղադրանքը սարքած քաղաքական հետապնդում է համարում: Ավելի վաղ Հայաստանի նախկին պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը ներգրավվել է որպես մեղադրյալ ու ներկայումս հետախուզվում է 2008թ. մարտին բողոքի ցույցերը ցրելու գործի հետ կապված: Նույն քրեական գործով մեղադրանք է առաջադրվել նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին, ով 2008թ. ծառայել է Հայաստանի Զինված ուժերում: Խաչատուրովը կալանքից ազատվել է գրավի միջոցով:
Պատրաստեց 168.am-ը