«Հայաստանը կարող է օգտվել այն հնարավորություններից, որոնք ՆԱՏՕ-ն ստեղծում է Վրաստանում». Կախա Գոգոլաշվիլի
««Վեհանձն գործընկեր» զորավարժությունները ՆԱՏՕ-ի մասշտաբով այդքան էլ նշանակալի զորավարժություններ չեն, սակայն սրանք կարևոր են այնպիսի երկրների համար, ինչպիսին Վրաստանն է, Հայաստանը և այնպիսի երկրները, որոնք շատ բացեր ունեն իրենց անվտանգության ոլորտում»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց վրացի քաղաքագետ Կախա Գոգոլաշվիլին՝ անդրադառնալով Վրաստանում մեկնարկելիք զորավարժություններին ՀՀ մասնակցությանը:
Հիշեցնենք, որ ՀՀ-ն այսօրվանից Վրաստանում մասնակցելու է «Վեհանձն գործընկեր-2018» (Noble Partner-2018) տասնհինգօրյա զորավարժությանը, որին հրավիրված են մասնակցելու ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրները՝ շտաբային սպաներով կամ ստորաբաժանումներով: Այս մասին էր տեղեկացրել ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը, հավելելով, որ զորավարժությունը չի կազմակերպվում ՆԱՏՕ-ի կողմից:
«Զորավարժությանը կմասնակցի ՀՀ ԶՈՒ 4 սպաներից բաղկացած խումբը: ՀՀ ԶՈՒ սպաները կզբաղեցնեն տարբեր շտաբային պաշտոններ զորավարժության շտաբում:
Ընտրվել են միջազգային խաղաղության և կայունության առաքելություններում ՀՀ ստորաբաժանումների կողմից կատարվող խնդիրներին առնչվող պաշտոններ: Զորավարժությունն անցկացվելու է համատեղ՝ Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի և Վրաստանի զինված ուժերի կողմից, Վրաստանի Վազիանի և Նորիո ուսումնական կենտրոններում: Զորավարժությունը չի կազմակերպվում ՆԱՏՕ-ի կողմից, դրան հրավիրված են մասնակցելու ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրները՝ շտաբային սպաներով կամ ստորաբաժանումներով:
Զորավարժությանը ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչների մասնակցությունը պայմանավորված է Վրաստանի պաշտպանության նախարարության հրավերով: 2017թ. նույն զորավարժությանը ՀՀ զինված ուժերից մասնակցել է 40 հոգանոց անձնակազմ ունեցող դաշտային հոսպիտալը: 2018 թվականին ԱՄՆ աջակցությամբ ձեռք բերված և պատրաստվող դաշտային հոսպիտալի մասնակցությունը «Վեհանձն գործընկեր-2018» զորավարժությանը հնարավոր չէ, քանի որ հոսպիտալը հուլիսի 22-27-ը Հայաստանում ներգրավված է եղել միջազգային գնահատման զորավարժություններում, և մի քանի օրերի ընթացքում դրա վերատեղակայումն այլ վայր հնարավոր չէ: ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչների մասնակցության ձևաչափը և մասնակցության պայմանները համաձայնեցվել են վրացի գործընկերների հետ հունիսի սկզբին տեղի ունեցած զորավարժության պլանավորման համաժողովի ընթացքում»,- ֆեյսբուքյան իր էջում գրել էր Ա. Հովհաննիսյանը:
Վրացի վերլուծաբան Կախա Գոգոլաշվիլին ասաց, որ այս զորավարժությունները, պատահական չէ, որ ՆԱՏՕ-ի հովանու ներքո Վրաստանում են անցկացվում:
«Հաշվի առնելով Վրաստանի ՆԱՏՕ անդամակցության հեռանկարն ու ներկայումս իրատեսական գործընթացն այդ ուղղությամբ` Վրաստանում ՆԱՏՕ-ի ուսումնական կենտրոններ են գործում բավականին բարեհաջող, որտեղ ժամանակ առ ժամանակ տարատեսակ ուսումնական վարժանքներ, թրեյնինգներ ու դասընթացներ են կազմակերպվում, սա կենտրոն է, հենց այդ պատճառով «Վեհանձն գործընկեր» զորավարժություններն անցկացվում են Վրաստանում, որը կարող է ապահովել անհրաժեշտ պայմաններն այս վարժանքների համար, քանի որ կենտրոնները հագեցած են անհրաժեշտ տեխնիկայով և հնարավորություններով:
Բնականաբար, նման պատրաստվածության պայմաններում Վրաստանն իրավունք ունի նաև իրականացնել կազմակերպչական ողջ աշխատանքը՝ անցկացնելով այս միջոցառումը, որը ՆԱՏՕ-ի մասշտաբով այդքան էլ նշանակալի մի զորավարժություն չէ, սակայն սրանք կարևոր են այնպիսի երկրների համար, ինչպիսին Վրաստանն է, Հայաստանը և այնպիսի երկրները, որոնք շատ բացեր ունեն իրենց անվտանգության ոլորտում, բայց այս զորավարժություններին մասնակցությունը կամ չմասնակցությունը ՆԱՏՕ-ի ղեկավարության համար առանձնապես կարևոր չէ, քանի որ մինչ զորավարժությանը մասնակցությունը ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները խորացնելու քաղաքական հանձնառության հաստատում չէ Հայաստանի կողմից, քանի որ Հայաստանը չունի, ըստ էության, նման ցանկություն:
Բայց Հայաստանը կարող է օգտվել այն հնարավորություններից, որոնք ՆԱՏՕ-ն ստեղծում է Վրաստանում, հայ-վրացական հարաբերություններն առանձնահատուկ են: Չեմ կարծում, թե այս հարցում Հայաստանը Ռուսաստանից դժգոհություններ լսի: Կլսի այն դեպքում, երբ Հայաստանում մեծանա Վրաստանի ներկայությունն ու ազդեցությունն այդ ոլորտում, ինչը բացառում եմ, բայց համագործակցությունը կարող է խորանալ, որի միջոցով Հայաստանը կառնչվի նաև ՆԱՏՕ-ի չափանիշերին՝ հասկանալով, որ Հայաստանի համար կան հանգամանքներ, որոնք թույլ չեն տալիս հարաբերությունների խորացում ՆԱՏՕ-ի հետ»,- նման կարծիք հայտնեց Գոգոլաշվիլին: