Ինչո՞վ բացատրել հայկական ռազմական հոգեբանության պաշտպանական բնույթը
Հայ ժողովրդի ազատագրական շարժումը պատմական բարդագույն ճանապարհ է անցել, նախքան այն կհայտնվեր 20-21-րդ դարերում, այսինքն՝ այսօրվա դրության մեջ։ Այդ ճանապարհը չափվում է միացյալ Հայաստանի, միասնական ազգային պետության ստեղծման երեքդարյա լարված փնտրտուքներով։
Եվ 1918թ. Առաջին Հանրապետությունը, և 1991թ. Երրորդ Հանրապետությունը մենք Հայաստան ենք կոչել, այլ ոչ՝ Արևելյան Հայաստան, ինչը նշանակում է, որ ժողովուրդն ազգային պետությունն ընկալում է՝ որպես 2 կեսերի՝ Հայրենիքի Արևմտյան և Արևելյան հատվածների, մեկ ամբողջություն։
Ի դեպ, Առաջին Հանրապետության կառավարությունը ժողովրդին ու աշխարհին հղված իր ուղերձի մեջ հայտարարում էր, որ ինքը հանդես է գալիս ազատ, անկախ ու միասնական Հայաստանի անունից։ Երրորդ Հանրապետությունն իրեն հռչակեց՝ որպես Առաջին Հանրապետության իրավահաջորդ։
Հայ ժողովուրդը շուրջ 1000 տարվա ընթացքում փոխել է իր հայացքն աշխարհի նկատմամբ, հարստացել պայքարի նոր գործիքներով։ Ժողովուրդն այդ դարերի ընթացքում և հատկապես անկախության վերջին տասնամյակներին սկսեց հասկանալ, որ իրականությունն իսկապես պետք է տեսնել։ Շատ անգամ են փոխվել և դեռ կփոխվեն Հայաստանի առաջնայնություններն ու տարածաշրջանում ու աշխարհում նրա ներկայության և ազդեցության կոորդինատները։ Մենք չենք պատրաստվում երկար դիմանալ Ադրբեջանի շրջափակմանը ու անհրաժեշտության դեպքում մեր շահերը կհետապնդենք պատմական Արցախի դաշտային հատվածում։
Իրական զինված պայքարը՝ ինչպես Արևելյան Հայաստանում, այնպես էլ՝ Արևմտյանում, գրեթե միաժամանակ սկսվեց։
Ֆիդայական խմբերն ու ջոկատները յուրաքանչյուր ռազմիկի վարքագծի, բարոյականության, պատվի և արժանապատվության խիստ մոդել ձևավորեցին։ Որպես կանոն՝ ֆիդայիները մարտնչում էին Օսմանյան կայսրության՝ իրենց թվով անհամեմատ գերազանցող կանոնավոր ուժերի դեմ։ Այստեղից էլ՝ մարտը մղելու պաշտպանական տակտիկան։ Ֆիդայիները չէին ցանկանում, որ իրենց հարազատները, մտերիմները, տեղի հայ բնակչությունը, որոնց իրենք պաշտպանում էին, իշխանությունների հետ ինչ-որ տեսակի մեծ բարդություններ ունենային։ Այստեղից էլ՝ ֆիդայիները պաշտպանական հոգեբանությունը բարոյական էին համարում։
Ի դեպ, այս փորձը պահպանվել է և Առաջին համաշխարհային պատերազմի, և Առաջին Հանրապետության ժամանակ, և Արցախյան պատերազմի ընթացքում Երկրապահի մոտ։ Ֆիդայիների ու Երկրապահի ջոկատների կառուցվածքը, հրամանատարների ընտրությունը և կանոնադրական այլ հարաբերություններ բավականին մոտ էին միմյանց, ու շատ բան արվում էր՝ հայացք գցելով նախորդ փորձին։
Առաջին Հանրապետության համար մարտունակ բանակ ստեղծելու համար Արամ Մանուկյանը բանակը ստեղծելու շրջանում ստիպված եղավ ազատվել որոշակի տիպի հրամանատարներից ու նրանց տեղակալներից։
Պաշտպանության համախտանիշն արտահայտվեց Սարդարապատի ժամանակ։ Փոխանակ հաջողությունը զարգացնեինք ու Արաքսն անցնեինք՝ հակառակորդին թույլատրելի հեռավորության վրա հետապնդելով, մենք աշխարհազորայինների բանակը կանգնեցրինք Արաքսի ձախ ափին՝ հղում անելով Բաթումի պայմանագրին։ Այսօրվա դիրքերից դա սխալ որոշում էր։
Երկրի նկատմամբ ունեցած իր վերաբերմունքով բանակն ունի ոչ միայն ուրիշ հոգեբանություն, ուրիշ արժեքներ, մարտական առաջադրանքը լուծելու այլ մոտեցում, պատասխանատվության այլ բեռ, քան երկրապահը։ Երկրապահ, ինչպես նաև՝ ֆիդայի դառնում էին բացառապես որպես մարտիկ ծնված մարդիկ, այն դեպքում, երբ բանակը ձևավորվում է հենց ժողովրդից՝ շատ որակներով ու բնութագրիչներով տարբեր մարդկանց վերակազմավորելով՝ որպես միասնական խելացի, շարժունակ, կառավարումը լավ զգացող մարտունակ օրգանիզմ։ Բանակը պարզապես հարազատ տունը չի պաշտպանում կամ հարազատ գյուղը, քաղաքը, այլև Հայրենիքը, նրա Շահերը, նրա Պատմությունը, նրա Մշակույթը, քաղաքական, տնտեսական և այլ սահմաններ։
…Այդպես ստացվեց Երրորդ Հանրապետության ժամանակ հայկական բանակաշինության շրջանում։ Հենց հայկական բանակի արհեստավարժ ռազմական ղեկավարության շնորհիվ (Նորատ Տեր-Գրիգորյանց, Քրիստափոր Իվանյան, Արկադի Տեր-Թադևոսյան և շատ ուրիշներ) հնարավոր եղավ ոչ միայն կասեցնել հակառակորդին, այլև նրան շպրտել շատ հեռու՝ դեպի արևելք՝ ազատագրելով պատմական Հայրենիքի որոշակի հատված։
Կրկնում եմ, բանակը մտածում և ապրում է ոչ երկրապահի կամ ֆիդայիների կատեգորիաներով։ Ժամանակակից բանակն այլ աշխարհայացք ու առաջնահերթություններ ունի։
Մարդու, հատկապես՝ երիտասարդ մարդու կյանքն աշխարհի բոլոր առաջատար բանակների ղեկավարության հոգածության կենտրոնում է։ Այսօր ամենաժամանակակից զենքերով ու դրանք գործածելու հմտությամբ ռազմատեխնոլոգիական հագեցածությունը հավասար կլինի անձնական խիզախությանն ու բարձր բարոյական ոգուն։
ԵՐԲԵՔ չպետք է կրկնվի Քառօրյա պատերազմի իրավիճակը, ուր, ինչպես ես ասել էի իմ՝ 2016թ. ապրիլի 7-ի հարցազրույցի մեջ, կորուստների ողջ մեղքն ընկած է բանակի ղեկավարության վրա։ Ավելացնեմ, որ զինադադարի համաձայնությունն ու թող որ աննշան տարածքների հանձնումը՝ որպես մեղք, ընկած է երրորդ նախագահի վրա։
Երկրի ղեկավարությունն իրեն որպես ռազմական կոնֆլիկտի սուբյե՞կտ, թե՞ օբյեկտ է դիտարկում։
Երբ ադրբեջանցիներին պետք է, նրանք պատերազմ են սկսում, երբ տեսնում են, որ գործը պարտության է գնում, զինադադար են խնդրում՝ վստահ լինելով, որ հայերը միայն կպաշտպանվեն։
Եվ մեզ մոտ այդպես նրանց հետ 2 անգամ է եղել՝ 1994 և 2016թթ.։
Բանակն իր գործը պետք է հասցնի իր տրամաբանական ավարտին, եթե անգամ երկրի ղեկավարությունը գնում է զինադադարի՝ զիջելով հաշտարար ուժերի համառությանը։ Այդպիսի որոշիչ ժամերի զորահրամանատարին ներելի է վերևից եկած Հրամանին ականջալուր չլինելը։ Այդպես են վարվել շատ զորահրամանատարներ, քանի որ նրանք իրական խնդիրն էին տեսնում, տեսնում էին ղեկավարության սխալները, զգում էին բանակի ուժը, իրենց պատվի սպաներ էին զգում, երկրի քաղաքացիներ, Հայրենիքի որդիներ, ու ողջ պատասխանատվությունը վերցնում էին իրենց վրա։
Ռուբեն Անգալադյան
22 հուլիսի 2018թ., Լոս Անջելես