Ադրբեջանում գերության մեջ գտնվող Կարեն Ղազարյանի հարցով ՄԻՊ-ը դիմել է միջազգային կառույցներին
Ադրբեջանում գերության մեջ գտնվող Կարեն Ղազարյանի հարցով Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը դիմել է միջազգային կառույցներին: Պաշտպանի գրասենյակի տարածած հաղորդագրությունում ասված է.
«2018 թվականի հուլիսի 15-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե Ղազախի շրջանի ուղղությամբ հետ է մղել Հայաստանի զինված ուժերի, ադրբեջանական մամուլի ձևակեպմամբ, դիվերսիոն խումբ, որի անդամներից մեկը գերի Է վերցվել։
Այս հայտարարությունից անմիջապես հետո Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Ադրբեջանի կողմից նշվող անձն իրականում Տավուշի Բերդավան գյուղի բնակիչ 1984 թվականին ծնված Կարեն Ղազարյանն է, ով ունի հոգեկան առողջության խնդիրներ, չի ծառայում և երբեք չի ծառայել Հայաստանի զինված ուժերում։
Դեպքի հաջորդ օրը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին են դիմել Կարեն Ղազարյանի ծնողները և նրա մի շարք այլ մերձավոր ազգականներ: Այդ դիմումների հիման վրա ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի իրավասու ներկայացուցիչը, Պաշտպանի անմիջական հանձնարարությամբ, 2018 թվականի հուլիսի 17-ին այցելել է Տավուշի մարզի Բերդավան գյուղ և հանդիպել Կարեն Ղազարյանի ծնողներին: Տեղի է ունեցել առանձնազրույց, որի ընթացքում ծնողները պնդել են, որ Կ.Ղազարյանը երբևէ չի հանդիսացել զինվորական անձ և տրամադրել են համապատասխան փաստաթղթեր, այդ թվում՝ կապված նրա հոգեկան առողջության խնդիրների և հոգեբուժարանում բուժումներ ստանալու հետ: Ըստ ծնողների՝ իրենց տունը գտնվում է ամենամոտը հայ-ադրբեջանական սահմանին. այդ օրը տեղացել է ուժեղ անձրև և ամպրոպ, ընդհատվել է էլեկտրաէներգիան, ինչն էլ նպաստել որդու մոլորվելուն՝ գիշերը ժամը 02:30-ի սահմաններում: Ծնողները նշել են նաև, որ իրենք անհամբեր սպասում են որդուն վերադարձնելուն:
Կարեն Ղազարյանի հոգեկան առողջության խնդիրների մասին Մարդու իրավունքների պաշտպանին համապատասխան փաստաթղթեր են ներկայացրել նաև նրա մերձավոր ազգականները: Բերդավան համայնքի ղեկավարը Պաշտպանի ներկայացուցչին նույնպես պնդել է, որ Կարեն Ղազարյանն ունի հոգեկան առողջության խնդիրներ և երբևէ չի եղել զինվորական:
Վերջին օրերին Կարեն Ղազարյանի ծնողները մի քանի անգամ դիմել են Մարդու իրավունքների պաշտպանին՝ ներկայացնելով անհանգստություն այն մասին, որ մինչ օրս չունեն տեղեկություններ իրենց որդու գտնվելու մասին: Ծնողները ներկայացրել են նաև անհանգստություն Կ.Ղազարյանի կյանքի և առողջության ու նրա ֆիզիկական անվտանգության համար: Խնդրել են Պաշտպանի աջակցությունը իրենց որդու մասին տեղեկություններ ստանալու հարցում:
Հաշվի առնելով, որ առկա են Կարեն Ղազարյանի ծնողների կողմից Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված դիմումներ, ինչպես նաև այն, որ Կ.Ղազարյանը ՀՀ Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակիչ է և հանդիսանում է ՀՀ քաղաքացի, Պաշտպանի աշխատակազմում նախաձեռնվել է ուսումնասիրության ընթացակարգ:
Մարդու իրավունքների պաշտպանն ի գիտություն է ընդունել ՀՀ պաշտպանության նախարարության հրապարակած տեղեկությունն այն մասին, որ Կարեն Ղազարյանի առողջական խնդիրների և նրա վերադարձի կազմակերպման համար անմիջապես զգուշացվել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Երևանյան գրասենյակը:
Մյուս կողմից, Պաշտպանն արձանագրել Է հրապարակային տեղեկություններն այն մասին, որ Կարեն Ղազարյանի գերության մեջ գտնվելու ընթացքում ադրբեջանական իշխանությունները հետևողականորեն խոչընդոտում են ԿԽՄԿ-ի ներկայացուցիչների այցերը նրան:
Մարդու իրավունքների պաշտպանը խիստ մտահոգիչ է համարում այս տեղեկությունը` հատկապես հաշվի առնելով, որ շարունակվում են Կարեն Ղազարյանի ծնողների ու նրա այլ ազգականների շարունակական անհանգստությունները Կ.Ղազարյանի ֆիզիկական անվտանգության ու Ադրբեջանում նրան բռնությունների ենթարկելու հնարավորության մասին: Այս վիճակն անընդունելի է նաև այն տեսանկյունից, որ չնայած ԿԽՄԿ-ի միջազգային մարդասիրական մանդատին, վերջինս Կարեն Ղազարյանին տեսակցելու և, որպես հետևանք, նրա ընտանիքը Կ.Ղազարյանի մասին որևէ տեղեկություն ստանալու հնարավորություն չունեն: Այս վիճակն արդեն շարունակվում է 14 օր այն դեպքում, երբ միջազգային պահանջները սահմանում են հնարավորինս արագ, սակայն առավելագույնը յոթնօրյա ժամկետում անձի մասին տեղեկություն ստանալու նրա ընտանիքի իրավունքը: Ընդ որում, Կարեն Ղազարյանի ընտանիքը պետք է այս ժամականակահատվածում տեղեկություն ունենար նաև նրա գտնվելու վայրի մասին:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հրավիրում է մարդու իրավունքների ոլորտի միջազգային կազմակերպությունների ու միջազգային իրավապաշտպան կառույցների ուշադրությունն այս հարցին և խնդրում աջակցություն Հայաստանի քաղաքացի, Հայաստանի սահամանմերձ գյուղի բնակիչ՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող Կարեն Ղազարյանի ֆիզիկական անվտանգության ու նրա գտնվելու մասին տեղեկություններ ձեռք բերելու, նրա վերադարձին աջակցելու հարցում»: