
Կառավարությունը մոտ 280 մլն դրամ հատկացրեց համայնքներում սուբվենցիոն ծրագրեր իրականացնելու համար

Գործադիրի որոշմամբ ՀՀ մարզպետարաններին կհատկացվի 278 մլն 999.5 հազար դրամ՝ համայնքներին պետբյուջեով արդեն իսկ նախատեսված սուբվենցիաներից բացի այլ սուբվենցիաներ տրամադրելու նպատակով:
Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, որ համայնքներում տնտեսական ենթակառուցվածքների զարգացման դեպքում ծրագրի արժեքի մինչև 60 տոկոսը համաֆինանսավորվում է պետբյուջեից, իսկ սոցիալական ենթակառուցվածքների՝ մանկապարտեզի, մշակութային տների կառուցման, վերանորոգման գործընթացի պարագայում` պետության կողմից համաֆինանսավորվում է ծրագրի արժեքի մինչև 40 տոկոսը։
«2018 թ. առաջին հինգ ամսում համայնքները ներկայացրել են 185 ծրագրային հայտեր, որոնցից սուբվենցիաներ ստանալու համար ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի կայացած երեք նիստերի ընթացքում քննարկվել և հանձնաժողովի հավանության է արժանացել 84-ը:
Ներկայումս ընթանում է հավանության արժանացած ծրագրերի իրականացման մրցութային գործընթացը»,- ասաց նախարարը:
Նշված ծրագրային հայտերը հիմնականում ուղղված են համայնքներում կապիտալ ներդրումներին` մասնավորապես. համայնքներում փողոցների, այգիների, պուրակների, խաղահրապարակների բարեկարգմանը, համայնքային շենքերի, մշակութային տների, մանկապարտեզների, հանդիսությունների սրահների կառուցմանն ու նորոգմանը, խմելու, կոյուղու, ոռոգման ջրագծերի կառուցմանն ու նորոգմանը և գիշերային լուսավորության անցկացմանը:
Որոշման նախագծով նախատեսվում է ապահովել ՀՀ տարածքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի ծրագրերի իրականացումը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ կառավարությունը սուբվենցիաների ծրագրով պատրաստ է այս տարի հատկացնել 10 մլրդ դրամ և հավելեց, որ գործադիրն այս ոլորտում դեռևս չի կարողանում աշխուժություն ապահովել: «Մենք խոստացել ենք սուբվենցիաների ծրագրերով 10 մլրդ դրամ հատկացնել այս տարի, բայց առայժմ թվերը պտտվում են 200-300 մլն դրամի շրջանակներում»,- նկատեց Նիկոլ Փաշինյանը:
Պապիկյանը նշեց, որ այս տարի կլինի սուբվենցիաների ծրագրերի ևս երկու փուլ, ծրագրերը քննարկման փուլում են:
«Այնուամենայնիվ, 10 մլրդ դրամն այս տարի սպառել չենք կարող, առաջարկում եմ 2019-ի հայտերը ստանալ նոյեմբերից, որպեսզի տարեսկզբից ծրագրերը հնարավոր լինի սկսել»,- ասաց նա: