Երբ ավելի դժվար է մանկապարտեզ ու դպրոց ընդունվել, քան՝ համալսարան

Այս տարի, Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ, դպրոցների ընդունելության հարցն ավելի մեծ հնչեղություն ստացավ, քան բուհերի ընդունելությունը։ Մենք աշխարհի այն եզակի երկրներից ենք, որտեղ ավելի դժվար է՝ մանկապարտեզներ ու դպրոցներ, քան՝ համալսարաններ ընդունվելը։ Դպրոցական որակյալ կրթության հանդեպ պահանջարկը, հատկապես Երևանում, մեծանում է։

Ծնողները դառնում են ավելի պահանջկոտ և հսկայական ժամանակ են ծախսում երեխայի համար լավ դպրոց փնտրելու համար։ Այս ամենին նպաստեց նաև այն քաղաքականությունը, որ ծնողն ազատ է դպրոցի ընտրության հարցում։

Սակայն ոչ միշտ են ծնողները կարողանում իրացնել դպրոց ընտրելու իրենց իրավունքը։ Օրինակ, Երևանի ֆիզմաթ դպրոցում այս տարի 1 տեղի համար դիմել է 8 երեխա։ Երևանի մնացած հայտնի դպրոցներում, ներառյալ՝ վճարովի դպրոցները, նույնպես թափուր տեղեր գրեթե չկան։

Վերջին օրերին մեծ աղմուկ է բարձրացել չինարենի խորացված ուսուցմամբ դպրոցի ընդունելության շուրջ։ Այս դպրոցը Երևանի Քանաքեռ-Զեյթուն համայնքի թիվ 103 դպրոցն է, որն արդեն ունի նորակառույց շենք։ Դպրոցում շարունակելու են դասավանդել և սովորել թիվ 103 դպրոցի ուսուցիչներն ու աշակերտները։ Քանի որ դպրոցների աշակերտների թիվը քիչ է, ապա նորակառույց շենքում լրացուցիչ աշակերտներ ընդունելու հնարավորություն է առաջացել։ ԿԳ նախարարության ներկայացուցիչը հայտարարել էր, որ դպրոցում ընդունելության քննություններ չեն լինելու։ Իսկ եթե դիմորդների թիվն առկա տեղերից շատ լինի, ապա կքննարկվի, թե ինչպես է իրականացվելու ընդունելությունը։

Կարդացեք նաև

Այստեղից սկսվել է նախարարության սխալը, քանի որ ճիշտ չէ անսահմանափակ թվով դիմումներ ընդունել, հետո նոր քննարկել ընդունելության կարգը։ Կանխարգելիչ մյուս քայլը կլիներ այն, որ սահմանված տեղերի չափով դիմումներ ընդունելուց հետո, անմիջապես դադարեցվեր գործերի ընդունումը։

Այս տարի 5-9-րդ դասարանների համար դպրոցը կարող է ընդունել շուրջ 400 աշակերտ, բայց դիմել են շուրջ 700-ը։ Եվ հիմա հարց է առաջացել, թե ինչպես պետք է ընտրվեն 400 աշակերտները։ Քանի որ նախարարությունը գործերն ընդունելու պահին չի ասել, թե ինչպես է անցկացվելու ընդունելությունը, ապա հիմա հայտնվել է բարդ իրավիճակում։ Ընդունելության ցանկացած տարբերակ ծնողների որոշակի խմբի չի բավարարում։ Օրինակ՝ քննություն չի կարող անցկացվել, քանի որ, եթե դա արվի բանավոր հարցազրույցի ձևով, ապա կլինի սուբյեկտիվ։ Եթե քննությունը լինի գրավոր, ապա պետք է աշակերտներին պատրաստվելու ժամանակ տրվի, պետք է հարցաշարեր պատրաստվեն։ Եթե առաջադիմության թերթիկի հիման վրա արվի, ապա դա էլ է սուբյեկտիվ, քանի որ մի դպրոցի «7» գնահատականը հավասար չէ մեկ այլ դպրոցի «7»-ին։ Բացի այդ, նախարարությունը հայտարարել է, որ դեմ է հանրակրթական դպրոցում սելեկցիայի սկզբունքով ընդունելությանը։

Ստեղծված իրավիճակում մնում է երկու տարբերակ։ Առաջին տարբերակը վիճակահանությունն է։ Սա լավ տարբերակ է այն առումով, որ զուտ պատահականությամբ դպրոց չընդունվելը ողբերգություն չի կարելի համարել։ Նոր շենքը, չինարենի խորացված ուսուցումը դեռևս բավարար չեն՝ պնդելու համար, որ այս դպրոցում որակյալ կրթություն է լինելու։ Չկա ոչ մի ապացույց, որ տարիներ առաջ Լինսի հիմնադրամով շքեղ հիմնանորոգված դպրոցները կրթության ավելի բարձր որակ են ապահովում, քան մյուս դպրոցները։ Հասկանալի է, որ ծնողներին գրավում են անվճար չինարեն սովորելու, Չինաստանում ուսումը շարունակելու հեռանկարները։ Ամեն դեպքում, վիճակահանության տարբերակն ընդունելի չէ ծնողների համար։ Հատկապես լավ առաջադիմությամբ երեխաների ծնողներն այս տարբերակը համարում են անարդար։

Վիճակահանությամբ դպրոց ընդունվելու տարբերակ կիրառվել է Գյումրիում երկրաշարժից հետո։ 90-ականների սկզբին Գյումրի ժամանեց Մեծ Բրիտանիայի վարչապետ Մարգարետ Թետչերը։ Առիթը Գյումրու Լորդ Բայրոնի անվան թիվ 20 դպրոցի բացումն էր, որը կառուցվել էր բրիտանական կառավարության ֆինանսավորմամբ և այդ տարիների համար բացառիկ շքեղ դպրոց էր։ Բնականաբար, տնակային պայմաններում ապրող քաղաքում նման շքեղ դպրոցի բացմանը հաջորդեց աշակերտների մեծ հոսք։ Հարցը լուծվեց վիճակահանության տարբերակով։ Մի քանի տարի այս սկզբունքը գործեց, և ծնողները չէին դժգոհում, քանի որ նախօրոք տեղյակ էին ընդունելության կանոններին։

Երկրորդ տարբերակն այն է, որ բոլոր դիմողներն ընդունվեն դպրոց։ Քանի որ նախարարությունը նախօրոք չի հայտարարել ընդունելության կանոնները, չի սահմանափակել փաստաթղթերի ընդունումը, ապա այս տարբերակն ընդունելի կլինի ծնողների համար։ Պարզապես այս դեպքում ուսուցումը պիտի կազմակերպվի երկու հերթով։ Բայց այս մոտեցումն էլ կհակասի նախարարության որդեգրած մոտեցմանը, որի համաձայն՝ դպրոցները չպետք է իրենց նախագծային հզորությունից ավելի աշակերտներ ընդունեն։ Եթե նախարարությունը գնա նման քայլի, ապա մյուս դպրոցները կարող են հարց տալ. ինչո՞ւ չինարենի խորացված ուսուցմամբ դպրոցը կարող է նախատեսվածից շատ աշակերտ ընդունել, իսկ մյուս դպրոցները չեն կարող։

Բոլոր աշակերտներին ընդունելու տարբերակը մեծ հարված կլինի նաև հարևանությամբ գտնվող դպրոցների համար, քանի որ նրանք կկորցնեն մի քանի տասնյակ աշակերտ։ Այդ տարբերակը կարող է ընդունելի չլինել նաև չինական կողմի համար, քանի որ հնարավոր է՝ նրանք չեն ցանկանում չինարենի լրացուցիչ ուսուցիչներ հրավիրել Չինաստանից։ Այդուհանդերձ, սա իրավիճակը հանգիստ հանգուցալուծելու լավագույն տարբերակն է։

Հայաստանում հիմա ստեղծվել է մի իրավիճակ, երբ շատ դժվար է լինելու պարտադրել մի տարբերակ, որը մի քանի հարյուր երեխաների ծնողների համար անընդունելի է։ Թերևս չարյաց փոքրագույնը հետևյալն է. առաջնահերթ ընդունել չինարենին տիրապետող աշակերտներին, մնացածին ընդունել վիճակահանությամբ, իսկ վիճակահանությամբ չընտրվածներին առաջարկել չինարենի անվճար արտադասարանական դասընթացներ նույն դպրոցում կամ հարևանությամբ գործող դպրոցներում՝ նախարարության ֆինանսական աջակցությամբ։ Այս պահին կարևոր է աջակցել նաև հարևան դպրոցներին, որոնք հայտնվել են անհավասար մրցակցային պայմաններում և մեծ թվով աշակերտներ կորցնելու վտանգի առջև են։

Տեսանյութեր

Լրահոս