Բաժիններ՝

Ամուլսարի հարակից համայնքների մի խումբ բնակիչներ գործազուրկ դառնալու մտավախություն ունեն

Գնդեվազ, Գորայք, Սարավան և Ջերմուկ բնակավայրերի այն բնակիչները, ովքեր աշխատում են «Լիդիան Արմենիա» ընկերությունում, մտահոգություն են հայտնում, քանի որ մեկ ամսից ավելի հարկադրված պարապուրդի են մատնված:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ համայնքների բնակիչները ներգրավված են ընկերության ինչպես հետազոտական և շինարարական աշխատանքներում, այնպես էլ սոցիալական ծրագրերի իրականացման գործընթացներում:

Աշխատանքների դադարեցումը պայմանավորված է այն հանգամանքով, որ Ամուլսարի հանք տանող ճանապարհները մի շարք քաղաքացիներ մեկ ամսից ավելի փակել են: Նրանք պահանջում են չշահագործել հանքը՝ բնապահպանական խնդիրներից խուսափելու համար: Քանի որ հանքում իրականացվող աշխատանքների բնականոն ընթացքը խաթարվել է, «Լիդիան Արմենիա» ընկերությունը դադարեցրել է ֆինանսավորումը, այդ թվում նաև վարձակալած տարածքների համար համայնքներին կատարվող վճարումները, իսկ ընկերության ստեղծած աշխատատեղերում ընդունված բնակիչներին անհայտ ժամանակով արձակուրդ է հատկացվել:

«Արդեն տասը տարի որպես լաբորանտ աշխատում եմ Գորայքի լաբորատորիայում: Գյուղում չի եղել այլ աշխատատեղ: Եթե աշխատանքները չվերսկսվեն, դա կազդի ոչ միայն մեր, այլ նաև գյուղի մյուս ընտանիքների սոցիալական վիճակի վրա, որովհետև այսօր ինձ նման մոտ 1500 մարդ մնացել են առանց աշխատանքի: Մտածում եմ այլ աշխատանք գտնելու մասին, բայց տարբերակ չկա»,- անհանգստանում է Գորայքի բնակիչ, լաբորանտ Մարինե Հովհաննիսյանը:

Կարդացեք նաև

2018 թվականի ապրիլ ամսվա դրությամբ «Լիդիան Արմենիա» ընկերության և Ամուլսարի ծրագրի կապալառուների մոտ աշխատել է 1460 մարդ, որոնցից 464-ը՝ Ամուլսարի հարակից համայնքներից (Ջերմուկ/Կեչուտ – 294, Գնդեվազ – 93, Գորայք – 48, Սարավան – 29):

Սարավան բնակավայրի վարչական ղեկավար Ռազմիկ Մանուկյանը նշում է, որ բոլորի մոտ բնապահպանական առումով մտահոգություններ միշտ եղել են, բայց ընկերության աշխատակիցների կողմից բազմիցս կազմակերպված ժողովների և քննարկումների ժամանակ մասնագետների կողմից ներկայացվել է Ամուլսարում նախատեսվող աշխատանքների ընթացքը:

«Երբ սկսում էին աշխատանքները, այդ ժամանակ ոչ մի վտանգ չկար: Մենք նույնպես ցանկանում ենք, որ կառավարության կողմից աշխատանքային խումբ ստեղծվի և որքան հնարավոր է շուտ հիմնավոր և ճշգրիտ պատասխան տան: Մենք էլ ենք մտահոգվում էկոլոգիայի և մեր ու մեր երեխաների առողջության համար: Բայց սխալ է հիմա առանց փաստերի, քմահաճույքից ելնելով փակել և չթողնել աշխատել»,- ասում է Սարավանի ղեկավարը:

Թեև Ջերմուկ քաղաքում ավելի շատ են այցելուներ լինում, և կարելի էր կարծել, թե այստեղ աշխատատեղերի սակավության խնդիրը այդքան էլ արտահայտված չէ, սակայն հանգստավայրի բնակիչները ևս աշխատանքը կորցնելու մտավախություն ունեն:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Ջերմուկ քաղաքի բնակիչ Կարեն Բադալյանը պատմեց, որ մեկ ու կես տարի աշխատում է «Լիդիան Արմենիա»-ում և իրականացնում է չափագրման աշխատանքները:

«Աշխատում ենք արտասահմանյան մասնագետների հետ՝ նորագույն և բարձր տեխնոլոգիաներ օգտագործելով: Այդ տեխնոլոգիաները չեմ տեսել Հայաստանում: Բացի այն, որ մենք աշխատում ենք, ձեռք ենք բերում նաև փորձ և գիտելիք: Բարձրացել է մարդկանց կենսամակարդակը, բարձր ֆինանսավորում կա, բարձր աշխատավարձ են վճարում: Նման կայուն աշխատանք և աշխատավարձ ունենալով՝ մարդիկ կարողանում են հոգալ իրենց կարիքները»,- ասում է ջերմուկցին:

Բնակիչները սպասում են Ամուլսարի շուրջ ստեղծված իրավիճակը քննարկելու նպատակով աշխատանքային խմբի ձևավորմանը և այդ խմբի կողմից իրականացվող ուսումնասիրությունների արդյունքներին:

Աշխատանքային խմբի ստեղծման մասին ավելի վաղ հայտարարել էր ՀՀ վարչապետի տեղակալ Տիգրան Ավինյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս