
«Հայաստանում ռազմարդյունաբերության ոլորտի զարգացումը կրում է մշտական ու ծրագրված բնույթ»

Հայաստանը խստորեն հետևում է ռազմաարդյունաբերական համալիրի զարգացման իր պետական ծրագրի վեկտորներին, ինչպես նաև ռազմատեխնիկական և ռազմաարդյունաբերական զարգացման ռազմավարությանը:
EADaily-ին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: «Հայաստանում ռազմարդյունաբերության ոլորտի զարգացումը կրում է մշտական ու ծրագրված բնույթ՝ անկախ երկրում այս կամ այն քաղաքական ուժի՝ իշխանություն լինելուց և պաշտպանության նախարարի անձից»,- ասել է նա:
Դավիթ Տոնոյանի խոսքով՝ շեշտը դնում են այնպիսի զինատեսակների ստեղծման վրա, որոնք թույլ են տալիս բավարարել հայկական բանակի յուրահատուկ պահանջմունքները: «Ինչպես նաև դրանք լուծումներ են, որոնք ունեն մեծ ներուժ իրենց նշաձողը սահմանելու զենքերի միջազգային շուկայում: Այդ նեղ մասնագիտացված լուծումների մեջ կարելի է առանձնացնել օպտոէլեկտրոնային ու ռադիոէլեկտրոնային հայտնաբերման սարքերը, թիրախավորման, ցամաքային ու օդային հեռահար կառավարման միջոցները, ոչնչացման ավտոմատացված համակարգերը»,- հավելել է ՀՀ պաշտպանության նախարարը:
Դավիթ Տոնոյանը նշել է, որ ռազմաարդյունաբերական ոլորտում առկա գիտատեխնիկական ներուժի լիակատար իրացման համար իրենք իրականացնում են կազմակերպչական և հարկային գործընթացների բարելավում, ինչպես նաև զբաղվում են ներդրումների ներգրավման ու համատեղ ձեռնարկությունների ստեղծման հարցերով: