«Մի փոքր անսովոր իրավիճակ է ստեղծվում Ռուսաստանի իշխանությունների համար». Էդգար Վարդանյան
«Այս փուլում, կարծում եմ, կողմերը փորձում են հասկանալ, թե ինչպիսի խնդիրներ գոյություն ունեն, և ինչպես պետք է այդ խնդիրները լուծվեն, հատկապես՝ այն հանգամանքը, որ Հայաստանի ներկայիս իշխանությունները խոսում են այն մասին, որ իրենք առաջնային պետք է համարեն իրենց սեփական շահերը, և, բնականաբար, այստեղ պետք է զուտ շահերի համընկնումների դաշտում մենք գործենք, հարաբերվենք Ռուսաստանի և բոլորի հետ»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց քաղաքագետ Էդգար Վարդանյանը՝ մեկնաբանելով ներկայիս հայ-ռուսական հարաբերությունները:
Ըստ նրա՝ սա, բնականաբար, մի փոքր անսովոր իրավիճակ է ստեղծում Ռուսաստանի իշխանությունների համար, և նրանք ստիպված են հասկանալ, թե ինչ է դա իրականում ենթադրելու:
Քաղաքագետի կարծիքով՝ հիմա հենց այդ փուլն է, և ակնհայտ է, որ կան խնդիրներ, դրանց մասին խոսել են ՀՀ իշխանությունները, ասել են, որ պետք է բոլոր տեսակի հարցերը բարձրացնեն, լուծումներ գտնեն.
«Մյուս կողմից պետք է նշել, որ ՀՀ նոր իշխանություններն ասել են, որ կտրուկ շրջադարձեր ՀՀ արտաքին քաղաքականության բնագավառում չեն լինելու, և ՀՀ-ն ցանկություն ունի ՌԴ-ի հետ ավելի բարձր մակարդակի հարաբերություններ ունենալու: Դրան հակասող որևէ բան չի արվել ՀՀ իշխանությունների կողմից, որը կարող էր անհանգստության առիթ դառնալ Ռուսաստանի համար, բայց Ռուսաստանը տեսնում է, որ Հայաստանը սկզբունքային է իր քաղաքականությունում, և բոլոր տեսակի խնդիրները բարձրաձայնում է, կոշտ հրապարակային հայտարարություններ է անում, վկա՝ Փանիկ գյուղում տեղի ունեցած միջադեպը»:
Դիտարկմանը, որ ռուսական վերլուծաբանները «սադրանք» են որակում Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը ՆԱՏՕ-ի վեհաժողովին, սակայն ՀՀ-ն նախկինում էլ մասնակցել է ՆԱՏՕ-ի խաղաղապահ գործողություններին, և Սերժ Սարգսյանն էլ մասնակցել է համանման վեհաժողովների, Է.Վարդանյանը պատասխանեց, որ այստեղ խնդիրը մի փոքր այլ է:
Նա հիշեցրեց, որ անցյալ տարի օգոստոսին ՆԱՏՕ-ի զորավարժություններն էին, վրացական կողմը հայտարարեց, որ նաև Հայաստանն է մասնակցելու, հետո ՀՀ-ն ասաց, որ իր համաձայնությունը չի տվել, և սխալմունք կա, թեև ակնհայտ էր, որ ի սկզբանե եղել է նման մտադրություն, այլապես՝ նման հայտարարություն չէր արվի վրացի պաշտոնյաների կողմից, և հավանաբար վերջին պահին է հայկական կողմը հրաժարվել մասնակցել.
«Նման վարքի հիմքում ընկած էր Ռուսաստանի դժգոհությունը: Կարծում եմ՝ այն ժամանակվա ՀՀ իշխանությունները չէին ցանկացել հակառակվել Կրեմլին, որը, ամենայն հավանականությամբ, դժգոհություն էր հայտնել հարցի վերաբերյալ: Այս պարագայում, կարծում եմ, ՀՀ գործող իշխանությունները ցույց են տալիս, որ իրենք որևէ բան չեն խախտում, և իրենց այս մասնակցությունը սովորական պրակտիկա է, չի հակասում ՀԱՊԿ-ի իրենց պարտավորություններին, և տարատեսակ հնարավոր դժգոհություններ, որ կարող են լինել Ռուսաստանի կողմից, դա չի կարող զսպող հանգամանք լինել ՀՀ-ի համար:
Մենք ամեն դեպքում պետք է արձանագրենք, որ պաշտոնական Մոսկվան որևէ դժգոհություն այս առթիվ չի հայտնել, իսկ փորձագետները չեն ներկայացնում պաշտոնական Մոսկվան, և ոչ բոլոր փորձագետներն են խոսում այդ ոճի մեջ: Բայց նաև մենք հասկանում ենք, որ այդ փորձագետները որոշակի շրջանակներ ներկայացնում են, այդ թվում՝ մերձկրեմլյան շրջանակներ, փորձում են ազդեցություն գործել ՀՀ իշխանությունների վրա, և դա նաև ինչ-որ տեղ ներկրեմլյան գործընթաց է»:
Քաղաքագետը նշեց, որ այն, ինչ տեղի է ունենում, կանխատեսելի էր, և հեղափոխության օրերին էլ տեսնում էինք, որ պաշտոնական Մոսկվան այլ դիրքորոշում ուներ, բայց որոշ ռուսական ԶԼՄ-ներ ոչ ադեկվատ քննադատական մոտեցում էին ցուցաբերում, և վախերով էին պարուրված այդ մոտեցումները թավշյա հեղափոխության նկատմամբ:
Հարցին՝ մամուլի ասուլիսում ՀՀ վարչապետի հնչեցրած միտքը, որ ինքը չի հավատում, որ Ադրբեջանի սադրանքի դեպքում Ռուսաստանը չի զսպի նրան, արդյոք ազդա՞կ էր ռուսական կողմին, Է.Վարդանյանը պատասխանեց, որ դա հիշեցում էր բոլորին, որ Ռուսաստանն այստեղ ունի շահեր, և ՌԴ շահերից է բխում ՀՀ շահերին դեմ գնացող որևէ գործողություն չիրականացնելը, և զուտ քաղաքագիտական հաշվարկի հիման վրա Ռուսաստանը պետք է Հայաստանի շահերին հակասող քաղաքականություն չվարի.
«Դա մեսիջ էր բոլոր նրանց, որոնք փորձում են Պուտինի ու նրա շրջապատի վրա ազդեցություն ունենալ, փորձել այնպես անել, որ որոշակի փոփոխություն արձանագրվի ռուսական արտաքին քաղաքականությունում: Տեսնում էինք, որ վերջին շրջանում որոշ ռուս փորձագետներ հայտնվում էին Ադրբեջանում, մասնակցում Ադրբեջանի արտաքին քաղաքական հակահայ քարոզարշավին: Եվ փաստացի այդ շրջանակներին է ուղղված այս մեսիջը, որ ամեն դեպքում դա իրենց չի հաջողվի՝ փոխել Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը, որովհետև ՌԴ-ն ինքը շահագրգռված է, որ դա չփոխվի:
Դա մեսիջ է բոլորին, որ Հայաստանը պաշտպանելու է իր ազգային շահերը, շատ լավ գիտակցում է դրանք, և Ռուսաստանի հետ ռազմավարական դաշնակցային հարաբերությունները հիմնված են այդ փոխշահավետ համագործակցության վրա և, այնպես չի, որ միայն Հայաստանն է շահագրգռված նրանում, որ Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ ունենա, այլ նաև Ռուսաստանն է շահագրգիռ, գուցե ավելի շատ, որովհետև ՌԴ-ն է ցանկանում չկորցնել իր դիրքերը Հարավային Կովկասում և ցանկանում է ամրապնդել դրանք, այսինքն՝ ՀՀ շահերին դեմ գնացող քաղաքականություն չպետք է վարի, ու տարածաշրջանում չլինի լայնածավալ ռազմական գործողություններ»: