Զինված ուժերն այսուհետեւ կունենան ավելի հարմարավետ համազգեստ և արդիական կոշիկներ
ՀՀ զինված ուժերի զինծառայողների համար այսուհետ համազգեստը կլինի ավելի հարմարավետ, իսկ կոշիկներ՝ արդիական:
Լրագրողների հետ զրույցում Զինված ուժերի թիկունքի վարչության իրային ծառայության պետ, գնդապետ Վահան Պապյանը նշեց, որ նախորդ տարվանից, մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմի համազգեստի և կոշկեղենի կրման ժամկետը կառավարության որոշումով սահմանվել է 6 ամիս՝ նախկինում 8 ամսվա փոխարեն:
Պապյանի խոսքով պահեստային զորամասերում ժամկետները սահմանված են 8 ամիս:
«Սահմանային դիրքերում մարտական հերթապահություն իրականացնող ժամկետային զինծառայողը երկու տարվա ընթացքում ստանում է 4 լրակազմ: Բացի այդ, մենք 2018 թվականից սկսած պլանավորել ենք ևս մեկ լրակազմ՝ տոնական համազգեստ: Այդ համազգեստը տոնական հանդիսությունների, արձակուրդների դեպքում է տրվելու, որպեսզի զինծառայողը հասարակության մեջ դուրս գալիս ունենա կոկիկ դաշտային համազգեստ: Այն համազգեստը, որը կրում է զորամասում, միանշանակ, նախատեսված է միայն մարտական պատրաստության մեջ գտնվելու համար»,- նշեց գնդապետը:
Անդրադառնալով համազգեստի որակին, ԶՈւ թիկունքի վարչության իրային ծառայության պետն ընդգծեց, որ համազգեստի չմաշվելը խոսում է բամբակի բացակայության մասին:
«Համազգեստի երանգների խամրելու առաջին գործոնը այն սխալ լվանալու արդյունքն է: Նախատեսված է լվանալ ոչ ավելի, քան 30 աստիճան ջրում, համապատասխան ոչ սպիտակեցնող փոշիներով: Այս ամենը հստակ գրված է պիտակի վրա, ուղղակի պետք է ուշադիր լինել: Ամբողջ բանակի համազգեստները, ինչպես նաև անկողնային պարագաները լվացվում են քաղաքացիական լվացքատներում»,- ասաց Վահան Պապյանը:
Գնդապետը նշեց, որ աշխատանքներ են տարվում արդիական կոշկեղեն ձեռք բերելու ուղղությամբ:
2018 թվականին ձեռք կբերվեն նաև լրացուցիչ ներդիրներ՝ ամառային և ձմեռային՝ երկուական զույգի հաշվով, յուրաքանչյուր զինծառայողին:
«Անց է կացվելու մրցույթ և նոր ձեռք բերված կոշիկների ներդիրները ավելի հարմարավետ պետք է լինեն»,- ընդգծեց Վահան Պապյանը:
Կոշիկների տակացուների ամրացման համար այժմ Հայաստանում աշխատանքներ են իրականացվում, որպեսզի դրանք ոչ թե կոճգամով, այլ նոր տեխնոլոգիաներով ամրացվեն: Գնդապետն ընդգծեց, որ Հայաստանում արդեն իսկ կա նոր տեխնոլոգիաներով տակացուների արտադրման փորձ:
«Այդ կոշիկները պետք է փորձաշրջան անցնեն, այսինքն՝ զինծառայողը պետք է հագնի և 3 ամիս անց որակը կերևա: Տարբերակներ ենք փորձել, որ ամենաշատը 3 ամիս անց դրանք պիտանի չեն եղել:
Փորձաշրջանի համար նախատեսվում է ձեռք բերել 10-ը հազար նման կոշկեղեն, և եթե տակացուները անցնեն քննությունը՝ կդառնան զինվորների մշտական համազգեստի մաս: