Զոհրաբ Մնացականյանը Նյու Յորքում խոսել է Հայաստանի համար նորարարական ոլորտի կարևորությունից
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հուլիսի 17-ին Միավորված ազգերի կազմակերպության կենտրոնակայանում նախագահեց «Նորարարությունը, հանրօգուտ ներդրումները և Կայուն զարգացման նպատակները որպես բարեփոխումների խթանման գործիք» խորագրով բարձր մակարդակի քննարկումը, որը կազմակերպվել էր ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության, Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) և ՄԱԿ-ում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության մշտական ներկայացուցչության կողմից:
Միջոցառման բանախոսներն էին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Հակոբ Արշակյանը, Սփյուռքի փոխնախարար Բաբկեն Տեր-Գրիգորյանը, Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգող Շոմբի Շարփը և «Wicastr» ընկերության գործադիր տնօրեն Արմին Սաիդին։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից:
Միջոցառումը նվիրված էր Կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ) իրականացման ուղղությամբ Հայաստանի փորձին՝ հիմնված նորարարությունների և մասնավոր հատվածի հետ գործընկերության վրա։ Մեր երկրում տեղի ունեցած թավշյա հեղափոխության համատեքստում բանախոսների կողմից ներկայացվեց նոր կառավարության բարեփոխումների օրակարգը և դրա իրականացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը:
Իր ելույթում ՀՀ ԱԳ նախարարն ընդգծեց, որ Հայաստանի համար նորարարական ոլորտը կարևոր նշանակություն ունի տարբեր շահառուների համախմբման միջոցով զարգացման ծրագրերին լավագույն լուծումներ մշակելու գործում։ ԱԳ նախարարը բարձր գնահատեց Կայուն զարգացման նպատակների ազգայնականացման գործում ՄԱԿ-ի կառույցների հետ Հայաստանի շարունակական արդյունավետ համագործակցությունը։ Նա նաև կարևորեց նոր գաղափարների և ստեղծարարության գործում ՄԱԿ-ի հետ ձևավորված սերտ փոխգործակցությունը` ընդգծելով այն խորացնելու մեր երկրի շահագրգռվածությունը։
Անդրադառնալով Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում Կայուն զարգացման նպատակներին առնչվող գործունեությանը՝ ԱԳ նախարարը նշեց, որ Հայաստանի համար պատիվ է մաս կազմել Ֆրանկոֆոնիայի մեծ ընտանիքին և սերտ համագործակցություն ծավալել կրթության, մշակույթի, բարձր տեխնոլոգիաների, նորարարության և այլ ոլորտներում։
Եզրափակելով իր խոսքը՝ ԱԳ նախարարը նշեց, որ Հայաստանը կարևորում է նորարարությունը, որը հնարավորություն է ընձեռնում ստեղծագործելու և նյութականացնելու նոր գաղափարները` դրանք ներդնելով մեր երկրի սոցիալ-տնտեսական զարգացման մեջ։ Հայաստանի պարագայում արդեն իսկ առկա են կարևոր նախաձեռնություններ, որոնք էական հաջողություն են արձանագրել այդ ուղղությամբ․ ԹՈՒՄՈ, ՍՄԱՐԹ կենտրոն, Dasaran.am և այլք, որոնց գործունեությունն անցյալ տարի ներկայացվել է նաև ՄԱԿ-ի կենտրոնակայանում։ Կառավարությունը մեծապես խրախուսում է այս նախաձեռնությունները։ Կայուն զարգացման նպատակների ողջ հայեցակարգը կառուցված է նորարարական, ստեղծագործական գաղափարների վրա՝ կայուն զարգացում ապահովելով դրանք ներդնող երկրներին։ «Սա այն է, ինչին մենք ձգտում ենք», – շեշտեց ԱԳ նախարարը։