Կբավարարի՞, արդյոք, Եվրոպան Փաշինյանի պահանջը

Հուլիսի 12-ին Բրյուսելում ավարտվեց ՆԱՏՕ-ի երկօրյա գագաթաժողովը, որի արդյունքները, ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարների գնահատմամբ՝ գոհացուցիչ են։ Չնայած գագաթաժողովը սկսվեց դժգոհություններով, խնդիրների շուրջ բուռն քննարկումներով, քննադատություններով, ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարների հավաքն ավարտվեց այն ամրագրմամբ, որ «ՆԱՏՕ-ն միասնական է, քան երբևէ»:

Բրյուսելյան գագաթաժողովի գլխավոր ինտրիգը պտտվեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՆԱՏՕ-ին ԱՄՆ անդամակցության հնարավոր դադարեցման շուրջ, սակայն, ինչպես ցույց տվեցին գագաթաժողովի շրջանակում ծավալված քննարկումներն ու ելույթները, բոլոր հարցերում ՆԱՏՕ-ի անդամ երկրները համաձայնություն ձեռք բերեցին: Ամենակարևոր ձեռքբերումն այն էր, որ կոնսենսուս ձևավորվեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի` ՆԱՏՕ-ի գործընկերներին ուղղված ռազմական ծախսերն ավելացնելու պահանջի շուրջ, քանի որ ամերիկյան կողմը դժգոհություն ունի, որ ԱՄՆ-ն է կատարում դաշինքի ֆինանսավորման ծախսերի մեծ մասը:

Ելույթներից պարզ դարձավ նաև, որ այս գագաթաժողովի ընթացքում չի արծարծվել ՆԱՏՕ-ն լքելու ԱՄՆ-ի ցանկության հարցը: Եվրոպացի առաջնորդների մեկնաբանությունների համաձայն՝ գագաթաժողովն արդյունավետ էր նաև կայացված որոշումների տեսանկյունից, որը ՆԱՏՕ-ին թույլ է տալիս լայնածավալ հակամարտություն ունենալ իր գլխավոր հակառակորդի հետ:

Հայաստանի Հանրապետության համար ՆԱՏՕ-ի այս գագաթաժողովն ուշագրավ էր ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցության տեսանկյունից: Սա ոչ միայն վարչապետ Փաշինյանի մասնակցությունն էր ՆԱՏՕ-ի գագաթաժողովին, որն անհայտորեն չէր կարող որևէ բանով առանձնանալ՝ հաշվի առնելով ՀՀ-ՆԱՏՕ հարաբերությունների բնույթը, այլև սա Փաշինյանի առաջին այցն էր Եվրոպա, որը ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի առաջնորդների հետ հանդիպելու հնարավորություն դարձավ:

Ինչպես և ակնկալվում էր, ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակում Փաշինյանը ոչ ֆորմալ, աշխատանքային հանդիպումներ ունեցավ ԵՄ ղեկավարության` Դոնալդ Տուսկի, Ժան-Կլոդ Յունկերի, Ֆեդերիկա Մոգերինիի, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի և մի շարք երկրների առաջնորդների հետ: Վարչապետ Փաշինյանը ելույթ ունեցավ ՆԱՏՕ-ում Աֆղանստանում վճռական աջակցության առաքելությանը նպաստող պետությունների և կառավարությունների ղեկավարների հանդիպմանը՝ վերահաստատելով Հայաստանի հանձնառությունը.

«Մենք պատրաստ ենք շարունակել մեր ներգրավվածությունն առաքելությանը մինչև 130 հոգանոց զորախմբով: Մենք նաև հայտնել ենք մեր պատրաստակամությունը՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի Կայուն գործընկերության առաքելությանը, երբ այն գա փոխարինելու Կայուն աջակցություն առաքելությանը»:

ՆԱՏՕի հռչակագրում ավանդական ձևակերպումներ

ՀՀ վարչապետը մասնակցել է ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակում անցկացվող վերոնշյալ միջոցառմանը, սակայն չի միացել գագաթաժողովի ամփոփիչ հռչակագրին, որում ավանդական անդրադարձ կար նաև ԼՂ հակամարտության կարգավորմանը: Ամփոփիչ հռչակագրի 67-րդ կետի 2-րդ մասում ասվում է.

«Մենք շարունակում ենք աջակցել մեր բոլոր գործընկերներին արտաքին ու անվտանգային քաղաքականությունում անկախ ու ինքնիշխան որոշումներ կայացնելու հարցում՝ զերծ արտաքին ճնշումներից ու հարկադրանքից: Մենք շարունակում ենք աջակցել Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի ու Մոլդովայի տարածքային ամբողջականությանը, անկախությանը և ինքնիշխանությանը: Այս համատեքստում մենք շարունակում ենք աջակցել ջանքերին՝ ուղղված Հարավային Կովկասում, ինչպես նաև Մոլդովայի Հանրապետությունում հակամարտությունների խաղաղ կարգավորմանը՝ հիմնվելով այս սկզբունքների և միջազգային իրավունքի նորմերի, ՄԱԿ Խարտիայի և Հելսինկիի եզրափակիչ ակտի վրա: Մենք հորդորում ենք բոլոր կողմերին կառուցողական լինել և ավելի մեծ քաղաքական կամք դրսևորել առկա բանակցային ձևաչափերի շրջանակում հակամարտությունների խաղաղ կարգավորման համար»:

Հռչակագրում, ինչպես միշտ, չեն մեջբերվել միջազգային իրավունքի մյուս կարևոր սկզբունքները՝ ժողովուրդների ազատ ինքնորոշման և՛ ուժի, և՛ ուժի սպառնալիքի չկիրառման, որի պատճառով Փաշինյանը չի միացել հռչակագրին:

«168 Ժամի» հետ զրույցում լեհ վերլուծաբան Կոնրադ Զաշտովտն ասաց, որ հակամարտությունները նուրբ թեմաներ են, որոնց հարցում խորանալու մտադրություն ՆԱՏՕ-ն չունի, բայցև չի կարող չանդրադառնալ Վրաստանի և Մոլդովայի հարցում տարածքային ամբողջականությանը:

«Հռչակագիրն այս տեսանկյունից է պետք դիտարկել: Դրանում նորություններ չկան, երկրները նաև իրենք են բանակցում իրենց շահերն առաջ մղելու համար, այս դեպքում դեռ հայտնի չէ՝ ՀՀ նոր իշխանությունները հասցրե՞լ են դա անել, թե՞ ոչ: Այնուամենայնիվ այս ձևակերպումներում Հայաստանի համար վտանգներ չեմ տեսնում, նման ձևակերպումներ եղել են վերջին գագաթաժողովների ժամանակ»,- ասաց Զաշտովտը:

Հարցին, թե Ադրբեջանի քաղաքականության վրա ինչպե՞ս կանդրադառնա այն հանգամանքը, որ հռչակագրում շեշտադրվում են ՄԱԿ Խարտիան և Հելսինկիի եզրափակիչ ակտը, որոնք հաճախ է ադրբեջանական կողմն օգտագործում ԼՂ հակամարտության հարցում ի օգուտ իրեն, Զաշտովտն ասաց, որ այս դեպքում ճկունություն է պահանջվում հայկական դիվանագիտությունից. «Նման նուրբ հարցերի ժամանակ պետք է մեկնաբանվեն բոլոր հարցերը»:

Փաշինյանի առաջին շփումը ԵՄ պաշտոնյաների հետ

Բացի ՆԱՏՕ-ի շրջանակում իր ելույթից, Փաշինյանը Բրյուսելում հանդես է եկել նաև «Կարնեգի Եվրոպա» հետազոտական կենտրոնում, ինչպես նաև շփվել հայկական և տեղական լրատվամիջոցների հետ: Իր բոլոր ելույթներում Փաշինյանը շեշտադրել է Հայաստանում ժողովրդավարության հաստատումը, կոռուպցիայի դեմ պայքարը, Ղարաբաղյան հակամարտության գոտում Ադրբեջանի ստեղծած իրավիճակը և Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականությունը ժողովրդավարության դեմ: Մեզ հետ զրույցում ֆրանսաբնակ վերլուծաբան Կայծ Մինասյանն ասաց, որ Փաշինյանի այցը Բրյուսել առաջին կապն էր արևմտյան առաջնորդների հետ: Նրա գնահատմամբ՝ առաջին շփման համար ամեն ինչ լավ ընթացավ:

«Այն ավելին է, քան Նիկոլ Փաշինյանի կերպարի հաջողությունը, որի ելույթն ու վարքը խախտում է Սերժ Սարգսյանի անմխիթար վիճակը: Դեռ վաղ է ասել, թե Հայաստանն ինչ-որ բան ձե՞ռք է բերել, թե՞ ոչ: Նիկոլ Փաշինյանը ձեռք է բերել լեգիտիմություն և տեսանելիություն, սակայն դեռևս հայտնի չէ, թե արդյո՞ք Հայաստանը շահել է արևմտյան կողմի համակողմանի համակրանքը: Մնացածի համար մենք ստիպված կլինենք սպասել»,- ասաց Մինասյանը:

Փաշինյանը Բրյուսելից հեռացավ դժգոհ

ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակում ՀՀ ղեկավարի հանդիպումները ԵՄ առաջին դեմքերի հետ ՀՀ-ում ստեղծված նոր իրավիճակում ՀՀ-ԵՄ հարաբերություններում նոր հանգրվանի մեկնարկը պետք է տային: Հետաքրքրական արձանագրումներ հնչեցին Մոգերինիի և Տուսկի հետ Փաշինյանի հանդիպումների ընթացքում: ԵՄ ներկայացուցիչները Փաշինյանին վստահեցրեցին, որ Հայաստանն իր նախաձեռնած բարեփոխումների ճանապարհին կարող է հենվել Եվրամիության վրա: Սակայն Բրյուսելից Փաշինյանը հեռացավ ոչ այնքան գոհ: ՀՀ վարչապետ Փաշինյանին չեն բավարարում եվրոպացի պաշտոնյաների ոգևորված հայտարարությունները, վարչապետը Հայաստանի ուղղությամբ քաղաքականության փոփոխություն է ակնկալում:

Բրյուսելի օդանավակայանում, ամփոփելով իր այցը Բրյուսել, ՀՀ վարչապետը բավականին կոշտ տոնայնությամբ ասել է. «Ես իմ բոլոր հանդիպումներում ասում եմ՝ ժողովրդավարությունը մեզ համար արտաքին քաղաքական կողմնորոշում չէ, այլ՝ արժեքային համակարգ, և հույս ունեմ, որ Եվրամիությունում էլ, մասնավորապես, հենց այդպես են ընկալում իրավիճակը։ Եվ ասում եմ, որ քանի որ ժողովրդավարությունը մեզ համար համոզմունք է և արժեքային համակարգ է, ես որևէ կասկած չունեմ, որ մենք ժողովրդավարական բարեփոխումները մինչև վերջ կտանենք, և հաջողություն կարձանագրվի:

Վերադարձ նախկին ռեժիմին չի լինելու՝ ես դա բացառում եմ միանշանակ և ես նաև ընդգծում եմ, որ մենք, իհարկե, մեր միջազգային գործընկերների աջակցությամբ շատ ավելի արագ կարող էինք իրականացնել այդ բարեփոխումները, բայց նաև ընդգծում եմ, որ մենք, այսպես ասած, հայցորդի կամ խնդրարկուի կարգավիճակում չենք, մենք մեր անելիքները գիտենք, մեր գործընկերները պետք է ճշտեն իրենց անելիքները:

Եվ ինչու եմ այսպես ասում, որ, ըստ էության, մեր հեղափոխությունից հետո մենք մասնավորապես Եվրամիությունից լսել ենք բազմաթիվ հայտարարություններ, ողջունող հայտարարություններ, բայց, ըստ էության, քաղաքականության մեջ առայժմ որևէ շոշափելի փոփոխություն չկա, այսինքն՝ Եվրամիության քաղաքականությունը նույնն է, ինչ չորս ամիս առաջ, երեք ամիս առաջ: Կարծում ենք, որ կա՛մ պետք է այդ հայտարարությունների ոգևորված տոնայնությունն իջեցնել, կա՛մ քաղաքականությունն էականորեն փոխել»։

Բրյուսելյան այցի օրերին Euronews-ին տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նաև նշել է, որ Հայաստանը զարգացնում է իր հարաբերությունները Ռուսաստանի, նաև՝ ՆԱՏՕ-ի և Արևմտյան երկրների, Եվրամիության և ԱՄՆ-ի հետ:

«Այնպես որ, չենք պատրաստվում վերափոխել մեր արտաքին քաղաքականությունը»,- հավելել է նա: «168 Ժամի» հետ զրույցում պատասխանելով հարցին, թե որքանով են տեղին ՀՀ վարչապետի դժգոհությունները ԵՄ-ից, եթե նա հայտարարում է, որ արտաքին քաղաքականության վեկտորները չեն փոխվելու՝ Ֆրանսիայի Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի վերլուծաբան Կայծ Մինասյանն ասաց, որ Նիկոլ Փաշինյանն իրատեսական է, նա հույս ունի հայտարարությունները գործի վերափոխել՝ ակնկալելով ուժեղ քայլեր եվրոպացիներից: Բայց նրա խոսքով՝ Հայաստանի վարչապետին 3 հանգամանք է խոչընդոտում:

«Առաջինն այն է, որ Բրյուսելը գտնվում է ճգնաժամի մեջ (միգրանտներ, Ուկրաինա, հաստատություններ): Երկրորդն այն է, որ Արևմուտքում, ինչպես Ռուսաստանում, քաղաքական ղեկավարները հետաքրքրվում են թավշյա հեղափոխության ապագայով: Նրանք դեռ դիտարկման փուլում են: Երրորդը Ղարաբաղյան հարցի ապագան է: Գործընթացը փակուղում է»,- ասաց Կայծ Մինասյանը: Ըստ նրա, Նիկոլ Փաշինյանը պետք է համբերատար լինի:

Մինասյանի կարծիքով, վարչապետն իրավունք ունի օպտիմալացնել Հայաստանի հավասարակշռված դիրքորոշումը: «Մի կողմից՝ Երևանը Ռուսաստանի դաշնակիցն է, որի հետ պետք է խոսի հավասարը հավասարի դիրքերից: Մյուս կողմից՝ Երևանը ցանկանում է օգտվել տարածաշրջանում ժողովրդավարության առաջընթացից՝ խրախուսելով արևմտյան երկրներին հենվել Հայաստանի վրա՝ որպես Հարավային Կովկասում ժողովրդավարացման և խաղաղության գործոն: Ռուսներին Նիկոլ Փաշինյանն ասում է. «Դուք այլընտրանք չունեք, աջակցեք ինձ, որովհետև Հայաստանը ձեր դաշնակիցն է, բայց այսուհետ պահանջող դաշնակից է»:  Արևմտյան երկրներին Նիկոլ Փաշինյանը պատմում է. «Դուք այլընտրանք չունեք, աջակցեք ինձ, քանի որ Հայաստանը ժողովրդավարության համար անում է այն, ինչ 1991-ից ի վեր խնդրել է»:

Նիկոլ Փաշինյանը ցանկանում է փոխել մտքերը` հաշվի առնելով ռազմավարական հավասարակշռության պարադիգմը` Հայաստանը Ռուսաստանի դաշնակից, բայց Արևմուտքի գործընկեր: Սա է նաև թավշյա հեղափոխություն, Ռուսաստանի և Արևմուտքի մտածողության փոփոխություն»,- նման կարծիք հայտնեց Կայծ Մինասյանը:

ԵՄում կվերլուծեն Փաշինյանի պահանջները

Թեմայի վերաբերյալ իր կարծիքը հայտնեց նաև եվրոպացի քաղաքագետ Կոնրադ Զաշտովտը՝ նշելով, որ Փաշինյանը Հայաստանին դիրքավորում է՝ որպես ժողովրդավարության օջախ Հարավային Կովկասում՝ ակնկալելով, որ Եվրամիությունը Հայաստանում կայացած ժողովրդավարական գործընթացի կայացման համար «շնորհակալություն» կհայտնի Հայաստանին, թեև Հայաստանը պնդում է, որ ժողովրդավարությունը Հայաստանի արժեքային համակարգն է, ոչ թե քաղաքակրթական ընտրությունը:

Զաշտովտի կարծիքով, այնուամենայնիվ, Եվրամիության կողմից փոփոխություններ կլինեն, թե ինչ մասշտաբով՝ դժվար է ասել, քանի որ Եվրոպացի պաշտոնյաներն ամեն կերպ փորձում են Հայաստանում տեղի ունեցածը և ներկայումս տեղի ունեցող բարեփոխումները որակել՝ որպես եվրոպական գործընթաց, իսկ Փաշինյանը փորձում է հստակեցնել, որ դա արժեքային համակարգ է: Նրա խոսքով՝ ԵՄ-ում փորձում են հասկանալ, թե ինչ է կատարվել:

«Ամեն դեպքում ԵՄ-ն մշտապես Հայաստանի ամենախոշոր դոնորն է եղել: Ըստ իս՝ ԵՄ-ում կվերլուծվեն նաև Փաշինյանի պահանջները կամ դժգոհությունները: Կարծում եմ` երկու կողմում էլ որոշակի դժգոհություն և սպասելիքներ կային, որոնք չբավարարվեցին և չեն բավարարվի, քանի որ հանգամանքները թույլ չեն տալիս: Այնուամենայնիվ, ըստ իս, Եվրամիության քաղաքականությունում փոփոխություն կլինի, արդեն որակի գումարների մասին խոսք էր գնում, բայց թե ինչպես այս ամենը կարտացոլվի քաղաքականության մեջ՝ կդժվարանամ նշել, քանի որ Եվրամիության համար ևս կան հանգամանքներ և խնդիրներ, ինչպես Հայաստանի դեպքում Ռուսաստանի հետ հարաբերությունները»,- ասաց Զաշտովտը:

Տեսանյութեր

Լրահոս