«Փաշինյանը Բրյուսելում երկու կարևոր մեսիջ տեղ հասցրեց». Աղասի Ենոքյան

Քաղաքագետ Աղասի Ենոքյանը կարևորում է վարչապետի բրյուսելյան հանդիպումը։ «Բավական հակառուսական հանդիպում էր, եթե հիշենք Թրամփի նկատողությունը Գերմանիային, թե՝ մենք փող ենք ծախսում՝ Եվրոպայում անվտանգություն ենք ապահովում, դուք դրա փոխարեն Ռուսաստանին եք հարստացնում, նրա հետ գազային գործարքներ եք կնքում։ Մակեդոնիան ընտրվեց ՆԱՏՕ-ի անդամ, ինչին Ռուսաստանը դեմ էր երկար ժամանակ, և առաջին անգամ հայտարարվեց, որ Վրաստանը կանդամակցի ՆԱՏՕ-ին։ Մենք երկու կողմից շրջապատված կլինենք ՆԱՏՕ-ական երկրներով, ինչը Հայաստանի դերը կարևորում է Ռուսաստանի համար, և այս առումով հանդիպումը կարևոր էր»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետը։

Հայաստանի համար, ըստ Ենոքյանի՝  նույնպես էական էր հանդիպումը, որովհետև հեղափոխությունից հետո նոր վարչապետը ներկայացավ ՆԱՏՕ-ին, ունեցավ հանդիպումներ, և երկու կարևոր մեսիջ տեղ հասցրեց. «Արցախի հիմնահարցի կարգավորման գործում Արևմուտքը կարևոր դեր ունի, մինչև հիմա մենք վախենում էինք, որ պրոռուսական քաղաքականություն է վարվում։ Եվ Արևմուտքի համար կարևորվեց Հայաստանի դերը՝ որպես ժողովրդավարական երկիր, խոսքն այն էր, որ ժողովրդավարական երկրին պետք է աջակցի Արևմուտքը՝ ի հակադրություն Ադրբեջանի, որը տոտալիտար երկիր է։ Փաշինյանը նշեց, որ այստեղ ոչ միայն Արցախի խնդիրն է, այլ ժողովրդավարության պայքարն է՝ ընդդեմ Ադրբեջանի»։

168.am-ի հարցին՝ Ռուսաստանն այս ամենին խանդով չի՞ վերաբերվում, նա պատասխանեց, որ Հայաստանում են պարզունակ նայում այդ հարցին՝ հանկարծ Ռուսաստանին չբարկացնենք, բայց երկրներն առաջ են շարժվում ազգային շահերով.

«Թավշյա հեղափոխությամբ Ռուսաստանը կորցրել է Հայաստանի վրա ազդեցության մի կարևոր գործոն՝ օլիգարխիան։ Դա նշանակում է, որ նա ավելի մեծ ուշադրություն պետք է դարձնի արցախյան կարգավորմանը, որն իր կողմից Հայաստանի վրա ազդեցության գործոն է, և կփորձի այդտեղ ավելի մեծ լծակներ ձեռք բերել։ Եթե Արցախում լինեն սրացումներ, դա կլինի ոչ թե խանդից կամ բարկությունից, այլ Ռուսաստանի ազգային շահերից, որովհետև մենք տեսնում ենք, որ Ռուսաստանում խնդիրներ կան։ Եթե մենք կարողանանք շատ լուրջ դարձնել Եվրոպայի և ԱՄՆ-ի գործոնը, համանախագահների կողմից կարողանանք լրջագույն երաշխիքներ ձեռք բերել, Ադրբեջանի համար դժվար կլինի պատերազմ սկսելը։ Բայց դրա համար միայն բրյուսելյան այցը բավարար չէ, անհրաժեշտ է ամենօրյա դիվանագիտական աշխատանք»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս