«Նախարարների հանդիպումը Բրյուսելում չի անդրադառնալու ԼՂ հակամարտության գոտու իրավիճակի վրա». Մալաշենկո

«Ադրբեջանը ԵԱՏՄ-ին անդամակցության հարցը փորձում է ներկայացնել՝ որպես Ղարաբաղյան գոտում Ռուսաստանի մատուցած որևէ ծառայության դիմաց պատասխան»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսեյ Մալաշենկոն՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին, շփման գծում տեղի ունեցող զարգացումներին և Բրյուսելում նախարարների հանդիպմանը:

Հիշեցնենք, որ հուլիսի 11-ին Բրյուսելում հանդիպել են ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամադյարովը: Սա երկու երկրների արտգործնախարարների միջև առաջին հանդիպումն էր` Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից և նոր կառավարության ձևավորումից հետո:

Հանդիպմանը ներկա էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը: ՀՀ արտգործնախարարը շնորհակալություն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին` հանդիպումը կազմակերպելու համար, և ընդգծել նրանց հովանու ներքո խաղաղության գործընթացի կարևորությունն ու բանակցային դինամիկայի պահպանման անհրաժեշտությունը: Հանդիպումը, ըստ ՀՀ ԱԳՆ-ի՝ կրում էր ճանաչողական բնույթ և միտված էր միմյանց տեսակետների հետ ծանոթացմանը: Զոհրաբ Մնացականյանն ընդգծել է, որ բանակցային գործընթացն այլընտրանք չունի՝ այս համատեքստում կարևորելով խաղաղությանը նպաստող մթնոլորտի ձևավորմանը, փոխվստահության ամրապնդմանը, լարվածության նվազեցմանն ուղղված քայլերը, զինադադարի անշեղ պահպանումն ու ագրեսիվ հռետորաբանությունից հրաժարվելը։ Նա շեշտել է, որ հակամարտության բոլոր կողմերի իրատեսական ու կառուցողական ներգրավվածությունն առաջնային նշանակություն ունի տևական խաղաղության հասնելու ջանքերի արդյունավետության համար:

Խոսելով Բրյուսելյան հանդիպումից՝ Մալաշենկոն ասաց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում ընթացող բանակցությունները՝ անկախ նախարարների, միջնորդ դեսպանների հմտություններից, վերածվել են մի հարթակի, որը լինելով այս հակամարտության միջազգային միակ իրավասու հարթակը՝ իրադարձություններին արձագանքում է բավականին ուշ, անհամարժեք և անտեղի:

Այս ձևաչափով, նրա խոսքով՝ բանակցությունները միտված են նախագահների բանակցություններն ապահովելուն: «Նախարարների մակարդակով հանդիպումները բացարձակ ոչինչ չեն որոշում, ուստի ավելորդ է քննարկել այս հանդիպումը, կարծում եմ` ինչպես միշտ քննարկվել են տեխնիկական հարցեր, որոնք չեն անդրադառնալու հակամարտության գոտում առկա վտանգավոր իրավիճակի վրա»,- արձանագրեց Մալաշենկոն:

Ըստ նրա՝ այս հանդիպման դրական արդյունքը կլիներ այն, որ հայտարարվեր, թե նախարարները նախապատրաստել են նախագահների մակարդակով , այլապես որևէ արդյունք տեսանելի չէ:

«Բայց միևնույն ժամանակ՝ կա վտանգավոր իրավիճակ, որին անհրաժեշտ է ըստ արժանվույն անդրադառնալ, բայց ըստ ամենայնի կողմերը դա չեն ցանկանում»,- ասաց Մալաշենկոն: Պատերազմի վերսկսման հավանականություն Մալաշենկոն տեսնում է: «2016 թվականից առաջ ես՝ տեսնելով վտանգը, պնդում էի, որ պատերազմ չի լինի, թվում էր, թե սա պարզապես երկարաձգված հակամարտություն է, բայց 2016 թվականը և ներկայումս արձանագրվող զարգացումները ցույց են տալիս, որ 2016 թվականի ապրիլյան պատերազմը պարզապես ընդհատվել է, բայց չի ավարտվել, ինչպես և 1990-ական թթ. պատերազմը: Կողմերը պատրաստվում են պատերազմի, միջնորդները չեն հաջողում բանակցային գործընթացի ակտիվ շարունակականության ապահովման գործը, քանի որ կողմերը կամ կողմերից մեկը հակված չէ հակամարտության լուծմանը խաղի այս կանոններով»,- ասաց Մալաշենկոն:

Դիտարկմանը, որ Ադրբեջանը, ըստ ադրբեջանական մամուլի վերլուծության՝ ցանկանում է հակամարտությունը դուրս բերելով ՄԽ ձևաչափից՝ կարգավորել Մոսկվայի միջնորդությամբ՝ հօգուտ Ադրբեջանի, ուստի որոշակի աջակցություն է ակնկալում Մոսկվայից, Մալաշենկոն պատասխանեց, որ Ադրբեջանը ցանկացած երկրից, որի հետ ունի նորմալ հարաբերություններ, ակնկալում է աջակցություն, ինչպես՝ Թուրքիայից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, և այլն: Ըստ նրա՝ այդ ակնկալիքները Ռուսաստանի դեպքում գուցե չափազանցված են, քանի որ հայ-ռուսական հարաբերությունները բավականին սերտ ու ռազմավարական են, ազդեցությունը` ավելի մեծ, քան ցանկացած այլ երկրի դեպքում: «Ուստի իսկապես կան ակնկալիքներ, բայց Մոսկվան չի կարող շարժվել այն շահերով, որոնք ունեն իր գործընկերները, Ռուսաստանն ունի իր շահերը, այդ շահը պատերազմի բացառումն է Ղարաբաղում: Բայց դրանով հանդերձ՝ Ադրբեջանը ռազմատենչ հռետորաբանություն է օգտագործում՝ չբացառելով ուժային լուծումը»,- նկատեց Մալաշենկոն:

Հարցին, թե ներկայումս ռուս-ադրբեջանական հարաբերությունների օրակարգում որքանո՞վ կա Ադրբեջանի ԵԱՏՄ անդամակցության հարցը, Մալաշենկոն պատասխանեց, որ այս հարցը ժամանակ առ ժամանակ քննարկվում է տարբեր մակարդակներում՝ թե՛ Ադրբեջանում, թե՛ Ռուսաստանում:

«Ադրբեջանը, բնականաբար, սա փորձում է ներկայացնել՝ որպես Ղարաբաղյան գոտում Ռուսաստանի մատուցած որևէ ծառայության դիմաց պատասխան: Բայց Ռուսաստանը նման ծառայություն չի մատուցել հակամարտության այս տարիների ընթացքում, չի մատուցի նաև ապագայում: Այնուամենայնիվ, հարաբերությունների բաց օրակարգում այս հարցը չեմ տեսնում: ԵԱՏՄ-ն հետաքրքրված է իր աշխարհագրության ընդլայնմամբ, բայց վերջերս նման հարցին իր դիրքորոշումն էր հայտնել ՀՀ ԱԳ նախարարը՝ նշելով, որ Հայաստանը միանշանակ դեմ կլինի դրան, ինչը նշանակում է, որ այդ անդամակցությունը ներկայումս գրեթե անհնար է, քանի որ Ռուսաստանի համար կարևոր են Հայաստանի հետ հարաբերությունները, դրանց պահպանմամբ հետաքրքրված են երկու կողմերը»,- նման կարծիք հայտնեց Մալաշենկոն:

Հիշեցնենք, որ պատասխանելով ռուսական «Կոմերսանտի» հարցին, թե ինչպիսին կլինի Հայաստանի դիրքորոշումը, եթե Ադրբեջանը որոշի գնալ ԵԱՏՄ-ին անդամակցելու ճանապարհով, ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը պատասխանել էր. «Ադրբեջանն այն երկիրն է, որն այսօր շրջափակում է Հայաստանը, միակողմանի միջոցներ է ձեռնարկում Հայաստանի դեմ»:

Նա ընդգծել էր, որ Բաքուն քաղաքականություն է վարում, որն ուղղված է չնպաստելուն փոխգործակցության ցանկացած գործընթացին, վստահության մթնոլորտի ստեղծմանը, մարդկային շփումների հաստատմանը. «Մենք գործ ունենք մի երկրի հետ, որն ամեն կերպ խթանում է ատելության մթնոլորտը: Նայեք նույնիսկ տերմինաբանությանը, որն օգտագործվում է Հայաստանի և ողջ աշխարհի հայերի դեմ: ԵԱՏՄ-ն համագործակցության կազմակերպություն է: Ի՞նչ եք դուք մեզանից ակնկալում»:

Նա նաև հավելել է. «Համագործակցությանը վերաբերող հարցերը քննարկելիս մենք չենք կարող անտեսել առկա իրողությունները: Իսկ իրողություններն այնպիսին են, որ մենք ունենք ցանկացած փոխհարաբերություններից բացարձակ հրաժարման իրավիճակ, նույնիսկ՝ մարդկային շփումներից, էլ չեմ խոսում տնտեսականի մասին: Այս դեպքում ինչի՞ մասին ենք մենք խոսում: Որ մենք դիտորդ ունենանք, ով անտեսո՞ւմ է երկրներից մեկին, ով կարծում է, որ այդ երկրի հետ չարժե անգամ խոսե՞լ»:

Տեսանյութեր

Լրահոս