«Ադրբեջանը պատերազմ է նախապատրաստում, և նման իրավիճակում Մնացականյանի հայտարարությունները կարելի է անվանել կապիտուլյացիա». Կոլերով

Հարցազրույց ՌԴ առաջին կարգի պետական խորհրդական, ռուսական «Ռեգնում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր, քաղաքական վերլուծաբան Մոդեստ Կոլերովի հետ

– ՀՀ-ի և ՌԴ-ի Անվտանգության խորհուրդների ղեկավարների հանդիպումից հետո տարածված հաղորդագրությունում տեղ էր գտել ԼՂ հակամարտության կարգավորման Ռուսաստանի դիրքորոշումը` ղարաբաղյան հակամարտության խաղաղ և փուլային կարգավորում: Թեև որոշ ժամանակ անց հաղորդագրությունը խմբագրվեց և «փուլային կարգավորում» ձևակերպումը կրճատվեց հաղորդագրությունից, հայտնի է, որ ԼՂ հակամարտության փուլային կարգավորման վերաբերյալ ՌԴ պաշտոնյաները, այդ թվում՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ժամանակ առ ժամանակ հայտարարություններ են անում, թեև հայկական կողմը պնդում է, որ ԼՂ հակամարտությունը պետք է կարգավորվի փաթեթային լուծմամբ փուլային իրականացմամբ: Իրականում ի՞նչ հակասություններ կան կարգավորման փաթեթների հարցում ՀՀ-ի և ՌԴ-ի միջև, ի՞նչ նկատի ունի ՌԴ-ն փուլային կարգավորման ներքո:

– Առաջին հերթին ես հակասական դիրքորոշումներ եմ տեսնում Հայաստանի ներսում: Սկզբից եղավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը կարգավորման գործընթացում ԼՂ ներգրավման անհրաժեշտության մասին, իսկ հետո եղավ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հայտարարությունն առ այն, որ կարգավորումը տեղի է ունենալու հին կանոնների համաձայն: Երբ Հայաստանը դադարի ինքն իրեն հակասել, երբ ՀՀ ԱԳ նախարարը դադարի հերքել իր ղեկավարին` վարչապետին, այդ ժամանակ մենք կմեկնաբանենք նման հարցերը: Իսկ մինչ դա ՀՀ վարչապետը դիրքորոշում է հայտնել, որը ճիշտ է, լավ, արժանի, անհրաժեշտ, իսկ արտգործնախարարն այն հերքել է:

– Չի հերքել, ասել է…

– Հերքել է:

– Պարոն Կոլերով, նախարարը չէր հերքել, պարզապես նշել էր, որ դա նոր մոտեցում չէ, հայկական կողմը միշտ է դրան ձգտել:

– Ոչ, հերքել է, ես պնդում եմ, որ հերքեց: Թույլ տվեք` իմ կարծիքը հայտնեմ: Իմ կարծիքով` Մնացականյանը հերքեց, հրաժարվեց Նիկոլ Փաշինյանի մոտեցումից: Քանի դեռ նման իրավիճակ է, մեկնաբանելու ոչինչ չեմ տեսնում: Այսպիսին է Ռուսաստանից երևում իրավիճակը Հայաստանի ներսում:

Եթե այստեղ են հակասություններ, իմաստ չեմ տեսնում այլ հակասություններ մեկնաբանել, որոնք Հայաստանի ներսում չեն:

– Իրավիճակը ղարաբաղաադրբեջանական շփման գծում ու Նախիջևանի ուղղությունից ադրբեջանական գործողություններն անհանգստացնող են` զորավարժություններ, դիրքային փոփոխություններ, զինտեխնիկայի ու զորքերի կուտակումներ, ռազմատենչ հռետորաբանություն, չեն դադարում խոսակցությունները պատերազմի մասին: Ի՞նչ կարծիք ունեք Դուք ստեղծված վիճակի մասին:

– Ես միանգամից կասեմ` նախապատրաստվում է պատերազմ: Եվ նման իրավիճակում, երբ Ադրբեջանը պատերազմ է նախապատրաստում, Մնացականյանի հայտարարությունները սկանդալային են, անհամարժեք ու անընդունելի: Նա ցույց է տալիս, թե ոչ մի նոր բան տեղի չի ունենում, ցույց է տալիս, թե չի եղել պատերազմ 2016 թվականի ամսին: Լավ, Սերժ Սարգսյանի աշխատակազմը ևս նման բան էր անում, նրա իշխանությանը տապալեցիք ու կրկնում եք նույնը: Այդ դեպքում ինչո՞ւ տապալեցիք: Այսքանը: Մենք Մոսկվայում նստած՝ չենք հասկանում: Մեզ մոտ հարցեր են ծագում:

Դուք հստակեցրեք, թե ով է ներկայումս Ձեր գլխավորը` վարչապե՞տը, թե՞ ԱԳ նախարարը, իսկ մենք հետո կմեկնաբանենք: Կրկին պատերազմի մասին, պատերազմ պատրաստվում է, պատերազմի շեմին նման հայտարարությունները, որոնք Մնացականյանն է անում, կարելի է անվանել կապիտուլյացիա, իսկ վարչապետի հայտարարությունները` ադեկվատ:

– Ինչո՞ւ է Ադրբեջանը, ըստ Ձեզ, ակտիվորեն պատրաստվում պատերազմի հենց ներկայումս:

– Ադրբեջանը միշտ է պատրաստվել պատերազմի, ցանկացած հեղաշրջում թուլացնում է երկիրը, այդ հեղաշրջմանը մասնակցել է, ինչպես Ադրբեջանն է պնդում, Ադրբեջանը:

– Ըստ Ձեզ՝ ինչպե՞ս է հնարավոր մասնակցություն հեղաշրջմանը:

– Հենց այդպես` հնարավոր է, Ալիևն արեց նման հայտարարություն, որևէ մեկը նրան չհերքեց:

– Բայց Ալիևը շատ այլ հայտարարություններ ևս անում է, դա լուրջ չի ընկալվում:

– Այո, անում է շատ հայտարարություններ, բայց քանի որ ներկայումս Հայաստանում խառը ժամանակահատված է, հարմար պահ է Ադրբեջանի համար իր խաղադրույքները բարձրացնելու համար: Փոխարենը՝ սկզբունքային դիրքորոշում ստանձնել, վերահաստատել այն, վեհաստատել Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը, ի՞նչ է անում ԱԳ նախարարը, նա նահանջում է՝ դրանով իսկ աջակցելով նրանց, ովքեր կարծում են, որ Հայաստանը նահանջում է: Ադրբեջանը տեսնում է նահանջող Հայաստան, հենց այդ պատճառով էլ հարձակվելու է:

– Ե՞րբ դա տեղի կունենա՝ ըստ Ձեզ:

– Մինչև ձմեռ:

– Հաշվի առնելով Ռուսաստանի ազդեցությունը տարածաշրջանում և հարաբերությունները հակամարտող երկրների հետ, ՌԴ դիրքորոշումը կարևորվում է: Այս փուլում ինչպիսի՞ն է լինելու այն:

– Ռուսաստանը դիրքորոշումը վերահատատվել է բազմիցս` ոչ մի պատերազմ, կատեգորիկ կերպով արգելվում են բոլոր ռազմական գործողությունները:

– Կա տեսակետ, որ առանց Ռուսաստանի՝ Ադրբեջանը չի սկսի ռազմական գործողություններ և ներկայումս սպասում է Ռուսաստանի «թույլտվությանը»:

– Իսկ 2016 թվականի ապրիլին Ադրբեջանը թույլտվություն հարցրե՞ց Ռուսաստանից: Կարծում եմ` ոչ: Ադրբեջանին թույլտվություն անհրաժեշտ չէ:

– Մնացականյան-Մամեդյարով Բրյուսելյան բանակցություններից ի՞նչ արդյունքներ կարելի է ակնկալել:

– Դրանք նախ՝ բանակցություններ չեն, այլ՝ կոնսուլտացիաներ, ոչինչ չեմ ակնկալում, սա երկխոսության պահպանում է, ոչ ավելին:

– Պարոն Կոլերով, ռուս քաղաքագետ Ալեքսանդր Դուգինը նշել էր, որ ՀՀ նախկին նախագահը պատրաստվում էր 5 շրջանները հանձնել Ադրբեջանին, սակայն ՀՀ-ում հեղափոխությունից հետո այդ պայմանավորվածությունները զրոյացվեցին: Որքանո՞վ են արժանահավատ այս տեղեկությունները: Հնարավո՞ր է, որ հենց այս պատճառով է ադրբեջանական կողմը ներկայումս նախապատրաստում պատերազմ, ինչպես Դուք եք պնդում:

– Դուգինն ի՞նչ պաշտոն է զբաղեցնում, երեկ ի՞նչ պաշտոն էր զբաղեցնում կամ քսան տարի առաջ, նա ունեցե՞լ է երբևէ այնպիսի պաշտոն, որը թույլ տա մեզ մեկնաբանել նրա շարադրությունները: Հայաստանում կարծում են, որ նա կապեր ունի, իսկ Ադրբեջանում և Թուրքիայում գիտեն, թե նա է գլխավոր որոշում կայացնողը: Մեկնաբանելն անիմաստ է:

Տեսանյութեր

Լրահոս