«Սրանով մենք սահմանափակելու ենք այս խնդրի իրավական կարգավորումը». Նաիրա Զոհրաբյանի համար խնդրահարույց է օրինագծի փոփոխությունը
Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արթուր Հովհաննիսյանն ասաց, որ օրինագծում առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում որոշակի փոփոխություններ են եղել։
Նա ներկայացրեց, որ իրենք առաջարկում են, որ առաջակցության կենտրոնը բռնության դեպքով դատարան դիմելու հնարավորություն ունենա միայն բռնության ենթարկված անձի թույլտվությամբ։
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ելույթ ունեցավ՝ կառավարության ուշադրությունը հրավիրելով աջակցության կենտրոնների խնդրին, որոնք պետք է ստեղծվեն դեկտեմբերից։
Նա ասաց, որ իր համար մի քիչ խնդրահարույց է այն, որ աջակցության կենտրոնները կարող են դիմել դատարան, և դրա համար անհրաժեշտ է նաև բռնության ենթարկված անձի դիմումը.
«Մենք ձեզ հետ միասին շատ լավ գիտենք, որ շատ հաճախ ընտանիքներում բռնության ենթարկված կինը եթե անգամ մեծ ցանկություն ունի դիմել իրավապահ համակարգին, նրա վրա «դաբլ» ճնշում են գործադրում դա չանելու համար։ Կարծում եմ՝ սրանով մենք սահմանափակելու ենք այս խնդրի իրավական կարգավորումը։ Իսկապես ընտանիքում բռնությունը շատ լուրջ խնդիր է, որքան էլ արտառոց կարծիքներ հնչեն, որ դա մեր ընտանիքների ավանդույթն է, ինձ համար չի կարող ընդունելի լինել ընտանիքի մի մոդել, որտեղ բռնությունը կարող է լինել նորմա։ 2018 թվականի հինգ ամիսներին քննվել է ընտանեկան բռնության 289 դեպք, որոնցից 35-ով քրեական գործ է հարուցվել։ Այս ընթացքում գրանցվել է ամուսնու կողմից կնոջ նկատմամբ բռնության 174 դեպք, կնոջ կողմից ամուսնու նկատմամբ՝ 9 բռնության դեպք։ Վիճակագրությունն իրապես բավականին խնդրահարույց է՝ հաշվի առնելով, որ բռնության լատենտ դեպքերը, որոնք չեն հրապարակվում, շատ ավելի մեծ են։ Խնդրում եմ կառավարության ներկայացուցիչներին՝ այս խնդրով ոչ միայն ընդունենք օրենքը և անցնենք առաջ, այլ ակտիվ մեխանիզմներ կիրարկենք՝ աջակցության կենտրոնները գոնե դեկտեմբերին գործարկելու համար»։
Փոխնախարար Ա. Հովհաննիսյանն էլ պարզաբանեց, որ այսօրվա գործող օրենքում հստակ պահանջ կա, որ ենթադրյալ բռնության ենթարկված անձն ինքը պետք է համաձայն լինի, որ աջակցության կենտրոնը դիմի դատարան։