«Վերին Լարսի խնդիրը լուծելի է. կառավարությունը պետք է մոդեռնիզացնի իր մոտեցումը». Գագիկ Մակարյան

Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանի կարծիքով՝ Վերին Լարսի անցակետում ստեղծված խնդիրներում քաղաքական պատճառներ միշտ էլ կան։ 168.am-ի հետ զրուցում նա ասաց, որ ո՛չ վրացական կողմին է վստահում, ո՛չ ռուսական։

Հիշեցնենք, որ օրեր շարունակ Վերին Լարսում մեքենաների կուտակումներ կան, ինչի մասին ահազանգել էր նաև ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արմեն Փամբուխչյանը՝ հորդորելով  քաղաքացիներին խնդիրների դեպքում կամ մանրամասներին ծանոթանալու համար զանգահարել տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարությունում գործող թեժ գիծ՝ (010) 59-01-04:

Ստեղծված իրավիճակի վերաբերյալ Գագիկ Մակարյանը նշեց, որ քաղաքական արհեստական խոչընդոտները պարզապես քողարկվում են տնտեսական դժվարությունների, անհասանելիության կամ անցակետի թույլտվողականության հնարավորությունների ներքո։

«Ես կարծում եմ, որ, եթե վրացիներն ինչ-որ բան փոխել էին կանոնակարգերի ձևակերպումներում, որոնք առիթներից մեկը եղան, և, չգիտես ինչու՝ չեն տեղեկացրել, պետք է այստեղ կառավարությունը հետամուտ լինի՝ խորանալու և պատժելու։ Եթե Վրաստանի կառավարությունը դա թափանցիկ ներկայացրել է կայքերում՝ ԵՄ ստորագրված որոշման հիման վրա, որ նա անցնում է եվրոպական էլեկտրոնային կառավարման փաստաթղթավորման մեթոդներին, և մենք ուշադրություն չենք դարձրել, կամ, եթե մեր դեսպանությունն ուշադրություն չի դարձրել, ուրեմն պետք է համապատասխան մարդիկ պատժվեն, կամ մեր դժգոհությունը պետք է պետական մակարդակով արտահայտենք։ Եթե նաև մեր պաշտոնյաների մեղքով է, նրանք պետք է պատժվեն, որովհետև այդ բացթողումներն արդեն տարիներ շարունակ կրկնվում են, և մենք շատ հաճախ ուշացումով ենք իմանում ամեն ինչի մասին»։

Վերին Լարսի խնդիրը, ըստ տնտեսագետի՝ տարիներ շարունակ չի լուծվում, որովհետև մի քանի նախարարություններ պետք է միահամուռ աշխատեն այդ հարցի շուրջ, ոչ թե համարեն, որ դա միայն մեկ նախարարության խնդիրն է. «Իհարկե, Վերին Լարսի լուծումները բարդ են, բայց դրանք կան։ Ինձ շատ  հետաքրքրում է, թե նախորդ կառավարության  ժամանակ, երբ Վրաստանի իշխանությունների հետ կար համաձայնություն՝ Աբխազիայի տարածքով ալտերնատիվ ճանապարհ բացելու մասին, և այդ ճանապարհի գործարկումը մինչ օրս տեղի չունեցավ, հիմա այն ի՞նչ փուլում է գտնվում։ Լավ կլիներ, որ մեր համապատասխան գերատեսչությունները հետամուտ լինեին շարունակելու այդ բանակցությունները կամ իմանալու՝ ինչո՞ւ նախնական պայմանավորվածությունները չեն գործում, էլի քաղաքակա՞ն շահ է, ինչ-որ երրորդ երկի՞ր միջամտեց, խանգարեց, թե՞ ուղղակի մենք հետևողական չենք, որովհետև դա ավելի շատ մեզ է պետք, քան որևէ մեկին»։

Հարցի լուծումը, ըստ Մակարյանի՝ նաև քաղաքական կողմ ունի. «Եթե մենք, հատկապես՝ Վերին Լարսի կետով Ռուսաստանին մատակարարում ենք թարմ մրգեր, բանջարեղեն և պահածոներ, պետք է հասկանանք, որ Ռուսաստանը ոչ թե մեզ լավություն է անում, որ թույլ է տալիս իր երկրում դրանք վաճառել, այլ ռուսական կողմի հետ պետք է այնպես բանակցել, որ դա ի շահ քո ժողովրդի է, որ դու ստանում ես օրգանական, էկոլոգիապես մաքուր սնունդ, ստանում ես հայկական արևահամ մրգեր, բանջարեղեն, և այլն։ Եվ հետևաբար, եթե ռուսական կողմում կան խնդիրներ, ապա այդ խնդիրները պետք է միանգամից հավերժական ձևով լուծվեն։ Նաև ռուսական կողմի հետ պետք է բանակցել, որ, եթե Վերին Լարսում, օրինակ, տեղեր կան, որ պետք է թունելներ կառուցվեն, որպեսզի ճանապարհի անցանելիությունն ապահովվի ամենախրթին հատվածներում, և միայն Հայաստանի բյուջեն բավարար չէ, ապա ռուսական կողմի հետ կարելի է  համագործակցել նման պրոյեկտներ կատարելու համար։ Տեսեք՝ երկրներն իրար հետ բանակցում են, գազի, ճանապարհների մասին են, չէ՞, խոսում, որ անցկացնեն երկաթգիծ, գազամուղ, և այլն։ Ադրբեջանն է անընդհատ իր շահագրգռվածությունն արտահայտում՝ հատկապես Հայաստանին մեկուսացնելու համար։ Ինչո՞ւ նույն տրամաբանությամբ մենք Վրաստանի և Ռուսաստանի հետ չենք կարողանում այդ ճանապարհի խնդիրը լուծել. եթե կարիք կա՝ համատեղ ուժերով շինարարություն կատարել, եթե կարիք կա՝ այնտեղ չինական կողմին խառնել, կամ Հայաստանն ու Իրանը միանան և Վրաստանով ստեղծեն այդ ուղին, որ այդ 4 երկրներն օգտվեն»։

Ըստ մեր զրուցակցի՝ Վերին Լարսի խնդրի վրա ուշադրություն է դարձվում միայն այն ժամանակ, երբ խնդիրները սրվում են. «Բայց պետք է ամբողջ տարվա ընթացքում փորձել կարգավորել դա։ Մյուս կողմից էլ, այս կուտակումը նաև լոգիստիկայի խնդիր է։ Ես պարզ ասեմ, որ էլի կառավարությունը կարող էր լուծել՝ աջակցելով մասնավոր բիզնեսին։ Դա այն է, որ բոլորը գիտեն՝ պտուղ, մրգեր, բանջարեղենը սեզոնային են, բոլորը ձգտում են այս 3-4 ամսվա ընթացքում, ինչքան հնարավոր է՝ արտահանել։ Պահածո արտադրողները մի կողմից են արտադրում, ու արագ-արագ ուզում արտահանել, մրգերն ու բանջարեղենն էլ սեզոնային են։ Պետությունն ինչո՞վ կարող է օգնել։ Կարող է ստեղծել սառնարաններ, որ դրանք սառեցվեն, որոշակի ժամանակահատված պահպանվեն և ավելի հանգիստ ռեժիմով արտահանվեն, ոչ թե պիկն ընկնի 3 կամ 4 ամսվա վրա։ Երկրորդ՝ պահածո արտադրողներին օգնել՝ ստեղծելու միջանկյալ կիսամշակված ֆաբրիկատներ, որոնք սառնարաններում պահվեն, և դրանք չհարկվեն, քանի որ դեռ չեն դարձել վերջնական արտադրանք։ Եվ, ասենք, թույլ տան, որ պահածո արտադրողները տարվա մյուս ամիսներին նույնպես կարողանան արտադրել և հավասարաչափ արտահանել, այլ ոչ թե հիմա խեղդված՝ բոլորը ձգտում են չորս ամսում դա անել»։

Մյուս լուծումը, տնտեսագետի խոսքով՝ այն կարող է լինել, որ պետությունը կարող է Վերին Լարսի բեռը թեթևացնել, եթե լաստանավերի ճանապարհը բռնի՝ փորձելով օգնել բիզնեսին՝ լաստանավեր վարձելու, գնելու կամ այլ տեսանկյուններից.

«Քանի անգամ այդ հարցը բարձրացվել է, ասել են՝ թող բիզնեսն ինքը փող հավաքի, լաստանավ գնի, որով կարողանա բեռներ տեղափոխել, բայց բիզնեսն էլ չի կարողանում դա անել, կամ այդքան մեծ գումարներ չեն կարողանում հավաքել, իրար հետ լեզու չեն գտնում։ Դա պետությունը պետք է անի։ Չորրորդ՝ պետությունը կարող է վարձակալել և սուբսիդավորել ավիաբեռնափոխադրում՝ հաշվի առնելով իր արտահանողների ջանքերը, կարևորությունը երկրի և արտահանման ծավալների աճի տեսանկյունից՝ նաև այդպիսի ուղիներ փորձի գտնել։ Այսինքն՝ հարցը լուծում ունի, այստեղ մենք միայն կառչած չմնանք Վերին Լարսի խնդրից, և միայն այդ կետի վրա անընդհատ կուտակումներ լինեն։ Իհարկե, նախարարությունը նաև պատճառաբանում է, որ հիմա ֆուտբոլի սիրահարներն են վերադառնում կամ տուրիզ0ի շրջան է ՝ Ռուսաստանից Հայաստան են գալիս մեքենաներով, կամ հակառակը՝ այստեղից են գնում, բայց իմ ասած ուղիների դեպքում, մանավանդ, եթե թարմ մրգերի, բանջարեղենի և պահածոների բաշխումն ըստ սեզոնների պետությունը մի փոքր օգնի լուծել, այդպիսի մեծ կուտակումներ չեն առաջանա»։

Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահը կարևորում է նաև հավելյալ արժեքների ստեղծումը. «Պետք է նաև այնպիսի արտադրանքների մասին մտածել, որոնք օժտված են հավելյալ արժեքով և թույլ կտան արդեն ավիացիայի և այլ ճանապարհով տեղափոխել, այսինքն՝ օրգանիկ սնունդ կամ այլ արտադրանքներ, նոր տիպի փաթեթավորումներ կամ ավելի թանկ ապրանքներ, որոնք ոչ թե միայն ավտոճանապարհով կարող են գնալ, այլև այլ ուղիներով։ Կառավարությունը պետք է մոդեռնիզացնի իր մոտեցումը. ոչ թե ամեն անգամ տրադիցիոն ընդունի, որ Վերին Լարսում խնդիր կա, բոլորս էլ գիտենք՝ ինչ կարող ենք անել, եղանակն է, լեռները փլուզվում են, փակում են ճանապարհը, բնությունն է… ո՛չ, բնությունը հաղթահարելու բազում լուծումներ կան, ու շատ երկրներ այդ լուծումները լավ գիտեն։

Մենք շատ օրիգինալ լուծումներ ենք տեսել աշխարհում՝ Չինաստանի, Ճապոնիայի, ԱՄՆ-ի կողմից՝ հատուկ կամուրջներ՝ ծովի տակով, ծովի վրայով, այստեղ էլ պետք է մտածել՝ ինչպիսի արժեք է պետք, ինչպիսի գումարներ, դիմել նաև դոնորների և մասնավոր բիզնեսին կամ հիմա այս կոռուպցիայի դեմ պայքարում կուտակված գումարները օգտագործենք, և գուցե լրիվ այլ ճանապարհ պետք է ընտրենք անցնելու։ Պետք է համառ և համարձակ լուծումների գնալ, ոչ թե ներշնչել, որ խնդիրն անլուծելի է, բարդ է, ներշնչել, որ, դե, մենք ի՞նչ կարող ենք անել, սա միայն մեզնից կախված չէ, սա Վրաստանի, Ռուսաստանի սահմանին է, մենք այստեղից այնտեղ ի՞նչ կարող ենք անել։ Այդպես չմտածենք, այլ մտածենք էֆեկտիվ և համարձակ լինել»։

Տեսանյութեր

Լրահոս