Դավիթ Հարությունյանը՝ 2008թ. Ընտրախախտումների վերաբերյալ ՀՔԾ-ի հայտարարության մասին
««Դուք Հանրապետականն օրինական էիք համարել…» ձևակերպումը չի համապատասխանել այն իրողություններին, որոնք եղել են այս երկրում: Իսկ իրողությունները հետևյալն էին՝ նմանատիպ վեճերը լուծվում էին Սահմանադրական դատարանում, որի ակտերը վերջնական էին ընդունման պահից: Եվ ես վստահեցնում եմ՝ դուք չեք գտնի մի ժողովրդավարական երկիր, որտեղ որևէ մի կառույց, լինի ԱԺ, գործադիր իշխանություն, քննչական մարմիններ, դատախազություն, որոնք վիճարկեն ՍԴ ընդունած ակտերը»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ ԳՄ անդամ, արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը՝ անդրադառնալով 2008թ. ընտրությունների մասին ՀՔԾ-ի հայտարարությանը:
ՀՔԾ-ն, հիշեցնենք, նշել է, որ «պարզվել է, որ 2008 թվականի փետրվարի 19-ին անցկացված՝ ՀՀ նախագահի ընտրության նախապատրաստման և անցկացման ընթացքում տեղի են ունեցել այնպիսի ընտրախախտումներ, որոնք, ըստ հասարակության լայն շերտերի, խախտել են այդ ժամանակ գործող ՀՀ Սահմանադրության 4-րդ հոդվածում ամրագրված` ընտրական իրավունքի հիմնական սկզբունքները, որի արդյունքում ժողովուրդը զրկվել է ազատ ընտրությունների միջոցով իր իշխանությունն իրականացնելու հնարավորությունից: Ընտրությունների ընթացքում կատարված մեծածավալ խախտումները, որոնք հասարակական կազմակերպությունների, տարբեր իրավապաշտպան կառույցների և քաղաքացիների կողմից վերագրվել են ՀՀ գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանի և գործող վարչապետ՝ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի կողմնակիցներին, առաջացրել են հանրության մեծ մասի զայրույթը, և 2008 թվականի փետրվարի 20-ից սկսած Երևանի Ազատության հրապարակում կազմակերպվել են նախագահի մյուս թեկնածուներին սատարող բազմահազար քաղաքացիների զանգվածային հրապարակային խաղաղ միջոցառումներ, երթեր, շուրջօրյա հանրահավաքներ…»:
Ըստ Հարությունյանի՝ եթե դա պաշտոնական է, նշանակում է՝ վիճարկել ՍԴ ակտը:
Նա նշեց, որ մտավախություն չունի՝ որևէ գործ քննելու հետ կապված. «Եթե եղել են ընտրախախտումներ, իհարկե, պետք է քննվեն»:
168.am-ի հարցին, թե ի՞նչ է կլինի, եթե ի վերջո պարզվի, որ ընտրակեղծիքներն ազդել են ընտրությունների արդյունքների վրա, այն թեկնածուն, որն իրականում հաղթել էր և որի իրավունքները ոտնահարվել են, Դ.Հարությունյանը պատասխանեց, որ ընտրությունները վիճարկելու որոշակի եղանակ կա, և վերջնական որոշումից հետո դա համարվում է իրավական առումով փաստ: