«Դատարկ աթոռները ոչ մեկին հետաքրքիր չեն». Թեժ քննարկում ԱԺ-ում

Այսօր ԱԺ-ում Ընտրական օրենսգրքի փոփոխությունների հարցով աշխատանքային խմբի նիստի ժամանակ ընտրողների ցուցակները մաքրելու մասին «Ելք» խմբակցության առաջարկը բուռն քննարկումների տեղիք տվեց:

«Ելքի» պատգամավոր ԼենաՆազարյանը նշեց, որ իրենց տվյալներով՝ մոտ 200 հոգի, ամենայն հավանականությամբ, արտերկրում են: Ըստ նրա՝ պետք է ստեղծվի արագ արձագանքման խումբ, որ քաղաքացին կարողանա ընտրության օրն արագ վերականգնել իր քվեարկելու իրավունքը:

ՀՀԿ-ական ներկայացուցիչ Վիգեն Սարգսյանը հարցրեց, թե ոստիկանությունը պետք է արշա՞վ սկսի, անվավեր անձնագրերով մարդկանց դռնեդո՞ւռ անցնի: Ըստ նրա՝ պետք է հատ-հատ ստուգել, նոր ընտրողին հանել ցուցակներից, որովհետև խուլ գյուղերում շատերին անձնագիր պետք չի լինում, և վավերականությանը չեն հետևում: Վ.Սարգսյանի խոսքով՝ երկու խնդիր կա՝ անձնագիր տալը պետության սուրբ պարտականությունն է, բայց ընտրության օրը պետությունը չի կարող անձնագիր չունեցող բոլոր քաղաքացիների համար անձնագիր տպել:

ՀՀԿ պատգամավոր Արփինե Հովհաննիսյանն իր հերթին՝ հարցադրում արեց, թե արդյոք վավերականությունն անցած լինելն այնպիսի՞ հիմք է, որը պետք է նախատեսված լինի անձին ընտրողների ցուցակից հանելու համար:

ՀՀԿ ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը ստուգեց և հայտնաբերեց, որ իր անձնագիրը 1.5 տարի վավեր չէ: Նրա խոսքով՝ լրացուցիչ ցուցակները պատուհաս են եղել: Հարությունյանը պնդեց, որ չգնան ընտրությունների լրացուցիչ ցուցակներով. «Սա անվստահության ամենամեծ աղբյուրներից մեկն է»:

«Ելքի» ներկայացուցիչ Գրիգորի Դոխոյանը ճշտեց, որ ոչ թե լրացուցիչ, այլ առանձին ցուցակի մասին է խոսքը:

Դ.Հարությունյանն առանձին ցուցակն ընդունելի համարեց և ընդգծեց սարքի կարևորությունը, որ անձնագրի անվավերականության դեպքում ոստիկանական ձայն է արձակում:

«Ելքն» առաջարկում է նաև Հանրային հեռուստառադիոընկերությամբ քաղաքական ուժերի միջև բանավեճերը պարտադիր դարձնել, ու եթե մի կողմը հրաժարվի, կլինի բանավեճ «դատարկ աթոռի» հետ:

«Ի՞նչ է նշանակում՝ պարտադիր բանավեճ, եթե մի կողմից՝ գնում է կուսակցության ղեկավարը, մյուս կողմից՝ 15-րդ համարի «զոռբային» են ուղարկում»,- հարցադրում արեց Դ.Հարությունյանը՝ ընդգծելով, որ կշիռների հարաբերակցությունը պետք է պահվի: Ըստ նրա՝ Հանրայինը պետք է պարտավոր լինի ապահովել եթեր, երբ քաղաքական ուժերն իրար մեջ կորոշեն, որ ուզում են բանավիճել: Նա նկատեց, թե հաճախ մի քաղաքական ուժ մի «ավտոբուս պասաժիր» է ունենում, շատերի անուները չեն հնչում, չեն երևում:

Լ.Նազարյանի խոսքով՝ առհասարակ հայաստանյան իրականությունում քաղաքական բանավեճերն ընդունված չեն, ընտրողը չի կարողանում տեսնել, թե ով է ավելի պատրաստված: Նա համաձայնեց, որ բանավեճը պետք է տեղի ունենա ցուցակի առաջին 3 թեկնածուների միջև, բայց եթե որևէ մեկը հրաժարվում է, դա էլ է ցուցանիշ:

Դ.Հարությունյանը կասկած հայտնեց, որ այդ տարբերակն արդյունավետ կաշխատի. «Դատարկ աթոռները ոչ մեկին հետաքրքիր չեն»:

«Ելքն» առաջարկում է նաև հրաժարվել փոստային ծանուցումներից: Լ.Նազարյանը նշեց, որ նախորդ ընտրությունների ժամանակ դրա վրա ծախսվել է մոտ 0.5 մլն դոլար: Նրա խոսքով՝ կարելի է էլեկտրոնային ծանուցումներ ուղարկել՝ բջջային հեռախոսին կամ էլեկտրոնային հասցեին:

Վ.Սարգսյանն առաջարկեց դրա փոխարեն՝ ծառայություն գնել, որ քաղաքացին հաղորդագրության միջոցով կարողանա տեղեկանալ, թե որն է իր ընտրատեղամասը. «Կարող ենք ֆիքսել, որ ես հենց հիմա կես միլիոն վերադարձրեցի բյուջե»,- կատակեց նա:

«Ինձ էլ ինչ կտաք՝ կտաք, հա՞»,- արձագանքեց  «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Ելքի» հաջորդ առաջարկը՝ վերադարձնել ընտրատեղամասերում ընտրությունների օրը տեղադրված տեսախցիկները, ողջունվեց, սակայն ներկաները շեշտեցին, որ՝ բացի ՊՆ-ին հատկացված տեսախցիկներից:

Դաշինքների և կուսակցությունների համար անցողիկ շեմը 1-ական տոկոսով իջեցնելը, ըստ Դավիթ Հարությունյանի, իմաստ ունի, եթե ունենք կարծրացած խորհրդարան, ու անհրաժեշտ է ֆրագմենտացիա մտցնել. «Այսօր դրա կարիքը չկա»:

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի կարծիքով՝ անցողիկ շեմի բարձր լինելը նշանակում է՝ ինչ-որ մեկի ձայները փոշիացնել. «Մենք ունեցել ենք վիճակ, որ 20-25% փոշիացում է եղել»: Նա նշեց, որ ներքևի սահմանը նույնպես շատ հստակ է, չի կարող զրոյացվել, որովհետև այդ ուժը ֆրակցիա ձևավորելու խնդիր ունի, օրինակ՝ 3% նվազագույն շեմն է, որից ցածր իմաստ չունի իջեցնել:

Համամասնական փակ ընտրակարգի անցնելու մասին «Ելքի» առաջարկն արժանացավ հանրապետականների կոշտ դիմադրությանը: Դ.Հարությունյանը հայտարարեց, թե համապետական մեկ միասնական ցուցակի դեպքում, եթե չապահովվեն մանդատներ տարածքների համար, ապա չեն լինի տարածքային ներկայացուցիչներ:

Նա հարցադրում արեց՝ ինչպես լինի մեխանիզմ, որը կխթանի տարածքներում կուսակցություններին քաղաքականությամբ զբաղվել:

Նա մտահոգություն հայտնեց, որ մեկ միասնական՝ անգամ բաց ցուցակի անցումը «կսպանի» քաղաքականությունը դեռ չստեղծված մարզերում: Փակ ցուցակների մասով Դ.Հարությունյանն ավելի մեծ մտահոգություն հայտնեց՝ բերելով կայացած ժողովրդավարական երկրների օրինակներ, որտեղ փակ ցուցակների պատճառով քաղաքականությունը սկսել է մահանալ.

«Ես կարծում եմ՝ սա կլինի նահանջ ժողովրդավարությունից: Կարծում եմ՝ կարող ենք գտնել միջանկյալ լուծում հաջորդ ընտրությունների համար: Բայց հորդորում եմ՝ բաց տարածքային ցուցակների գաղափարից իսպառ չհրաժարվենք»:

Ա.Ռուստամյանը չհամաձայնեց՝ նշելով, որ համամասնականի իմաստն այն է, որ մարդիկ ընտրում են նախ և առաջ՝ կուսակցություն, ոչ թե՝ մարդկանց, իսկ ընտրությունները ցույց են տվել, որ ընտրողներն իրենց ընտրյալին 5 տարի չեն տեսնում:

Տեսանյութեր

Լրահոս