Պետնախարար Մարտիրոսյանը «Գյուղի և գյուղատնտեսության աջակցության» հիմնադրամի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ տնօրենին
Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հուլիսի 4-ին այցելել է «Գյուղի և գյուղատնտեսության աջակցության» հիմնադրամ և աշխատակազմին ներկայացրել նորանշանակ տնօրեն Տիգրան Ծատրյանին։
ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ՝ ողջունելով ներկաներին՝ պետնախարարը նշել է, որ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ նշանակված տնօրենը քաջատեղյակ է գյուղատնտեսության և ֆինանսական ոլորտներին։
«Համոզված եմ, որ Տիգրան Ծատրյանին կհաջողվի նոր թափ հաղորդել հիմնադրամի աշխատանքներին, բարձրացնել իրականացվող ծրագրերի արդյունավետությունը և դրանց թափանցիկությունը։ Ցանկանում եմ ընդգծել, որ «Գյուղի և գյուղատնտեսության աջակցության» հիմնադրամը կարևոր գործառույթ է իրականացնում մեր տնտեսության առանցքային ճյուղ հանդիսացող գյուղատնտեսության ոլորտում իրականացվող պետական քաղաքականության ուղղությամբ։ Ուստի՝ թե՛ իշխանության և թե՛ հանրության սպասելիքները հիմնադրամի աշխատանքներից մեծ են, և դրանք պետք է արդարացնել»,- ասել է Գ. Մարտիրոսյանը։
Հանդիպման ընթացքում Գ. Մարտիրոսյանը լսել է ոլորտի պատասխանատուների զեկույցները հիմնադրամի ընթացիկ աշխատանքների վերաբերյալ, տվել մի շարք հանձնարարականներ:
Պետական նախարարը շնորհակալություն է հայտնել նաև հիմնադրամի տնօրենի պաշտոնակատար Հրանտ Սաֆարյանին՝ կարճատև, բայց բարդ ժամանակահատվածում տնօրենի պարտականությունները ստանձնելու և դրանք պատվով կատարելու համար։
Հանդիպմանը մասնակցել է գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը:
Ծանուցում։ Տիգրան Ծատրյանը մինչ այս զբաղեցնում էր ԱՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալի պաշտոնը։