«Ադրբեջանը կցանկանար, որպեսզի այդ դիրքորոշումները լինեին կրեմլյան»
«Ադրբեջան՝ Հարավային Կովկասում Ռուսաստանի միակ դաշնակիցը» խորագիրը կրող խորհրդաժողովը, որի շրջանակում ռուսաստանցի քաղաքագետներ Ալեքսանդր Դուգինը, Մաքսիմ Շևչենկոն, Պետդումայի պատգամավոր Դմիտրի Սավելևը, ռազմական փորձագետ Իգոր Կորոտչենկոն և այլք բարձրացել են Լելե Թեփե բլուր, մեծ ուշադրության է արժանացել Հայաստանում:
Հուլիսի 1-ին Ջոջուք Մերջանլի գյուղում վերոնշյալ ռուս գործիչները մասնակցել են խորհրդաժողովի, այցելել դիրքեր, հանդիպել ադրբեջանցի զինվորականներին, ծանոթացել նրանց ծառայության պայմաններին։ «Հանդիպման վերջում ադրբեջանցի զինվորներին ցանկացել են հաջող ծառայություն»,- գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները: Ռուսաստանցի գործիչները նաև ադրբեջանամետ ելույթներով ու հարցազրույցներով են հանդես եկել Ադրբեջանում: «Հայաստանը պետք է առանց նախապայմանների Լեռնային Ղարաբաղը և 7 շրջաններ տա Ադրբեջանին»,- ասել էր ՌԴ Պետդումայի ներկայացուցիչը: Իր հերթին՝ Դուգինը խոսել էր Ադրբեջանին հանձնման ենթակա 5 շրջանների մասին պայմանավորվածության առկայության մասին, որն իբրև թե ռուսական ծրագիր է, և այլն:
Ուշագրավ է, որ Լելե Թեփե բարձունքը (Վարազաթումբ), ինչպես նաև Ջոջուք Մերջանլի գյուղը հայկական կողմի վերահսկողությանն էին անցել 1994թ.։ Ադրբեջանը 2016-ի ապրիլյան պատերազմի ժամանակ կարողացել էր գրավել բարձունքը և գյուղը։ Ռազմատենչ հռետորաբանության սրացման, հայ-ադրբեջանական սահմանին ու ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում սանձազերծված լարվածության, հավելյալ դիվանագիտական ջանքերի ֆոնին այս համաժողովն ավելի մեծ կարևորություն է ստանում:
«168 Ժամի» հետ զրույցում ռուս քաղաքագետ Ֆյոդոր Լուկիանովը մեկնաբանեց, թե Ադրբեջանում ներկայացված ռուսական դիրքորոշումները որքանով են համահունչ ՌԴ իշխանությունների դիրքորոշմանը, և ինչ է փորձում նման միջոցառումներով ապացուցել ադրբեջանական կողմը:
Ֆյոդոր Լուկիանովի խոսքով՝ «կրեմլամերձ եզրույթը» շատ լայն հասկացություն է, քանի որ ՌԴ իշխանությունների շարքում կան տարբեր շահեր ունեցող խմբեր, որոնք ունեն կապեր շատ տարբեր փորձագետների հետ: Նրա խոսքով՝ մի շարք փորձագետներ իշխանությունների հետ կապեր են ունեցել անցյալում կամ երբեք չեն ունեցել նման կապեր, բայց ստացել են այդ որակումը, կամ շահավետ է այդ փորձագետներին նման կերպ ներկայացնել Կրեմլի դիրքորոշումը սեփական դիտանկյունից ներկայացնելու համար: Նրա որակմամբ, փորձագիտական տարբեր խմբեր տարբեր կապեր ունեն տարբեր պաշտոնյաների հետ, որոնք գուցե բիզնես շահեր ունեն Ադրբեջանում, և այլն:
«Դա քաղաքականություն է, բնական է: Նման դեպքերում պետք է հաշվի առնել պաշտոնական հայտարարությունները, որոնք հայ-ռուսական հարաբերություններում պակաս չունեն, այդ հարաբերություններում փակ թեմաներ ու չքննարկվող հարցեր չկան: ՌԴ իշխանություններն անդրադառնում են շատ տարբեր հարցերի ու խնդիրների, որոնք վերաբերում են թե՛ հայ-ռուսական հարաբերություններին, թե՛ ԼՂ հիմնախնդրին:
Դրական է, որ այդ միտումը շարունակվում է նաև ՀՀ նոր իշխանությունների դեպքում: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը բազմիցս ընդգծել է, որ չկան կարգավորման ռուսական ծրագրեր: Ամերիկյան կողմը բազմիցս նշել է, որ կարևոր չէ, թե կարգավորման այս կամ այն փուլում դետալները որտեղ են մշակվում, սկզբունքները նույնն են, բոլոր համանախագահներն ուրախ կլինեն, եթե հակամարտությունը կարգավորվի, իսկ թե որ պլանի համաձայն, կարծում եմ՝ այդքան կարևոր չէ: Ռուսաստանը միշտ ունեցել է առանձնահատուկ դերակատարություն, փորձել է պահպանել իր այդ դերակատարությունը, ունեցել է սխալներ, ընդունել է դրանք, սա քաղաքականություն է»,- նման տեսակետ հայտնեց Լուկիանովը:
Նրա պնդմամբ՝ այդ «կրեմլամերձ» եզրույթն այդքան էլ տեղին չէ: «Կան պաշտոնական դիրքորոշումներ, կա Կրեմլի դիրքորոշում, փորձագետը չի ներկայացնում դիրքորոշում կամ կայացնում որոշումներ, փորձագետը վերլուծում է:
Իսկ նման ակցիաներն ավելի տեղեկատվական գրոհի են նմանվում, որի թիրախը թե Հայաստանն է, թե Ռուսաստանը, որը չի ողջունում Ադրբեջանի իշխանությունների ներկայիս ռազմատենչ հռետորաբանությունը, չի աջակցում պատերազմի քաղաքականությանը, որը չի բխում ոչ միայն Ռուսաստանի, այլև Ադրբեջանի շահերից ևս:
Ադրբեջանը կցանկանար, որպեսզի այդ փորձագետների արտահայտած դիրքորոշումները լինեին կրեմլյան, բայց այդպես չէ, և ես չէ, որ կհայտնեմ Կրեմլի դիրքորոշումը, այն պարբերաբար ամենաբարձր մակարդակով հայտնվում է»,- ասաց Լուկիանովը: Ըստ նրա՝ Ադրբեջանին ուղերձը մեկն է` Ադրբեջանը բավարարված չէ Հայաստանի և Ռուսաստանի քաղաքականությունից: «Բայց դժվարանում է պատերազմ սկսել առանց որևէ գործընկերոջ աջակցության»,- ասաց նա:
Իր հերթին՝ քաղաքագետ Ալեքսանդր Սկակովն ասաց, որ Ադրբեջանը վերջին տարիներին Ռուսաստանից բացառիկ միջնորդություն է ակնկալում, որը կարտահայտվի հակամարտությունն Ադրբեջանի օգտին կարգավորելով:
«Դրա համար Ադրբեջանը փորձում է ժամանակ առ ժամանակ տարբեր ելքեր փնտրել՝ ռուս փորձագետների միջոցով ներկայացնելով դիրքորոշումներ, որոնք կապ չունեն Ռուսաստանի հետ, և այլն: Ես լուրջ չէի վերաբերվի նման ելույթներին: Կարելի էր քննարկել այս ամենը, եթե հիմքեր լինեին: Սակայն ապրիլյան պատերազմը շատերի համար էր դաս, ու կարծում եմ` դրանից հետո խմբագրումներ, վերանայումներ են տեղի ունեցել, որը չի բավարարում Ադրբեջանի հավակնություններին»,- ասաց Սկակովը:
Նա տեղեկացրեց, որ ՌԴ պատգամավորներից ոմանք անդրադարձել են այդ դիտարկումներին՝ հայտնելով ՌԴ դիրքորոշումը:
«Ռուսաստանը ռազմավարական հարաբերություններ ունի Հայաստանի հետ, գործընկերային հարաբերություններ Ադրբեջանի հետ: Ռուսաստանի քաղաքականությունը եղել է այսպիսին, կարծում եմ` այդ քաղաքականությունը կշարունակվի նման կերպ: Պատերազմ Ռուսաստանին պետք չէ, և դա Ռուսաստանը հասկացրել է Ադրբեջանի իշխանություններին»,- նման կարծիք հայտնեց Սկակովը:
Ինչ վերաբերում է կարգավորման ծրագրերին, ապա, ըստ նրա, ՌԴ նախագահը միշտ նշում է, որ միակողմանի զիջումներով հակամարտություն չի կարող կարգավորվել: «Ուստի, եթե դիտարկվում են զիջումներ հայկական կողմերից, ապա զիջումներ անելու է նաև Ադրբեջանը: Բայց գործընթաց զիջումների ուղղությամբ դեռ չկա»,- ասաց Սկակովը: