«Արմեն Աշոտյանի ելույթն այնքան զորեղ էր, որ միանգամից փակեց հաջորդ օրերին ադրբեջանական պատվիրակության զեղումները». Արմենուհի Կյուրեղյան
Եվրանեսթ Խորհրդարանական վեհաժողովի հայկական պատվիրակության ղեկավար Արմեն Աշոտյանը տեսանելի հաջողություն է արձանագրում եվրոպական կառույցներում «ադրբեջանական լվացքատան» հետ կապված կոռուպցիոն բացահայտումների առումով: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա հայտարարեց, որ այդ կոռուպցիոն սկանդալը քննարկվել է Վեհաժողովում:
«Մենք չէինք սևեռվել, որ նման բան տեղի է ունեցել, որովհետև դա ակնհայտ էր, որ տեղի է ունեցել և հաստատվել է: Հայկական պատվիրակության խնդիրն այս հարցի հետևանքներին հետամուտ լինելն է»,- ասաց Ա.Աշոտյանը` պարզաբանելով, որ ՀՀ պատվիրակության խնդիրը դա արմատախիլ անելն է, որ կոռուպցիայում ներգրավված անձինք չհայտնվեն առնվազն Հայաստանի հետ կապված հարցերում:
«Մենք նայում ենք դեպի ապագան, ոչ թե ասում ենք` ինչ է եղել, այլ նայում ենք ապագան` կանխելու նման գործիչների վերարտադրությունը եվրոպական կառույցներում»,- հավելեց Ա.Աշոտյանը:
Նա տեղեկացրեց, որ ԵԺԿ-ն նոյեմբերին համագումար է անելու և ընդունելու է վարքականոն ու ստեղծելու է հատուկ հանձնաժողով` նման կոռուպցիոն դրսևորումներն ուսումնասիրելու համար. «Քաղաքական կոռուպցիան եվրոպական ինստիտուտներում վնասում է ժողովրդավարությանը, նաև Հայաստանին, քանի որ ակնհայտ է, որ ադրբեջանական փողերն ուղղված են եղել նաև հակահայ ուղղությամբ»:
Հայկական պատվիրակության անդամ, ՀՅԴ-ական պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի խոսքով` Վեհաժողովի առաջին օրը` հունիսի 25-ին, Արմեն Աշոտյանի ելույթն այնքան զորեղ էր, որ միանգամից փակեց հաջորդ օրերին ադրբեջանական պատվիրակության զեղումները:
Պատվիրակության մեկ այլ անդամ՝ «Ելք» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը, նկատեց, որ իշխանափոխությունից հետո վերաբերմունքը փոխվել է ՀՀ-ի նկատմամբ, մասնավոր զրույցներում եվրոպացիները հույս էին հայտնում, որ Հայաստանը բացառիկ շանս է ստացել, որ նոր հաջողություններ գրանցի:
168.am–ի հարցին, թե հաշվի առնելով սահմանային լարվածությունը և պատերազմական գործողությունների վերսկսման հավանականության մասին խոսակցությունները՝ արդյոք այդ շունչը զգացվե՞լ է Եվրանեսթում, Ա.Աշոտյանը պատասխանեց, որ ադրբեջանական պատվիրակությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ, Ադրբեջանի նախագահական ընտրություններից հետո պատվիրակության նախկին 3 անդամներ գործադիրում պաշտոններ են ստացել, այժմ եկել են նոր մարդիկ, որոնք պակաս ուժեղ չեն դիվանագիտական տեսանկյունից: Նրա բնորոշմամբ` Ադրբեջանի պատվիրակությունը բավականին ուժեղ է, առհասարակ թույլ պատվիրակություններ չունեն, ինչպես և մենք, այսինքն` բոլորն արտահանում են այն ուժերը, որոնք մրցունակ են. «Եղել են շփումներ կուլուարներում, բարև-բարիլուսից սկսած, վերջացրած քննարկումներով, միջանձնային շփումները եղել են և կան և, հուսով եմ, էլի կլինեն, որովհետև դա կարևոր է»:
Հայկ Կոնջորյանի դիտարկմամբ` քանի որ մեծ շեշտադրում կար ադրբեջանական կոռուպցիոն սկանդալի և դեպքերի հետ կապված, իր անձնական տպավորությունն այնպիսին էր, որ ադրբեջանական պատվիրակությունն այդ հարցում գլխավորապես պաշտպանվողի և արդարացողի դիրքերում էր. «Արցախյան հարցի հետ կապված հայտարարություններ չարեցին, շեշտում էին, թե՝ եթե իրենք կոռումպացված են, ապա ինչո՞ւ եվրոպական գործիչներն էլ վերցրել են: Այսինքն` իրենք մենակ էին մնացել: Մենք նկատել ենք, որ տարբեր կառույցներ փորձել են տարբեր առիթներով հավասարության նշան դնել Հայաստանի և Ադրբեջանի միջև, որ չնեղացնեն որևէ մեկին, բայց այս զարգացումների արդյունքում հասկանում են, որ հավասարության նշանի մասին այլևս խոսք լինել չի կարող: Ադրբեջանցիները նույնպես դա հասկանում են և պետք է այնպես անեն, որ հիմնավոր և ոչ հիմնավոր խոսակցությունների տեղ չտան»: