«Հաջորդ քայլը, որ կառավարությունը պետք է անի, հարկային օրենսդրության հեղափոխական փոփոխություններն են»
Հարցազրույց տնտեսագետ, «Առաքելություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Մեսրոպ Առաքելյանի հետ
– Պարոն Առաքելյան, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ԱՄՆ այցի ընթացքում ամերիկյան կողմը պատրաստակամություն է հայտնել աջակցել Հայաստանի նոր կառավարությանը նոր ներդրումներ գտնելու գործում: Ի՞նչ կարելի է սպասել նման խոստումից:
– Ընդհանրապես օտարերկրյա ներդրումները շարունակում են մնալ ՀՀ տնտեսության կարևորագույն խնդիրներից մեկը, և այդ ուղղությամբ նոր իշխանության գործադրած ջանքերը կարևոր են: ԱՄՆ-ի հետ տնտեսական հարաբերությունները միշտ գտնվել են ցածր մակարդակի վրա, նաև ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո՝ հաշվի առնելով մեր աշխարհաքաղաքական ուղղության փոփոխությունը, և այդ տեսանկյունից՝ հայ-ամերիկյան շփումները կարող են դրական փոփոխություններ արձանագրել:
Սակայն. հաշվի առնելով, որ Միացյալ Նահանգներում տնտեսությունը կենտրոնացած է մասնավոր ոլորտում, այսինքն` բարձր պետական մակարդակով աջակցությունը շատ արագ արդյունքի վերածելը հեշտ չի լինի, բայց միևնույն ժամանակ՝ քաղաքական աջակցությունը կարող է որոշակիորեն նպաստել ներդրումների աճին:
Ամեն դեպքում ցանկացած ներդրողի առաջին հերթին հետաքրքրում է իր բիզնես շահը, և դրա համար միայն բարձր մակարդակի, նույնիսկ՝ քաղաքական հանդիպումները չեն կարող ապահովել այդ արդյունքը, այլ պետք է ապահովենք ներդրումային այնպիսի միջավայր, որ առաջին հերթին՝ մասնավոր ոլորտն իր կամքով ցանկություն ունենա Հայաստանում ներդրումներ կատարելու:
– ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Միլսն ասել է, որ գործարարության զարգացման հիմնական խոչընդոտը Հայաստանում արդար խաղի կանոնների բացակայությունն էր, և, որ համակարգը որոշ մարդկանց առավելություններ էր տալիս: Այժմ՝ «թավշյա հեղափոխությունից» հետո, կարո՞ղ ենք ասել, որ խաղի կանոններն արդար են դարձել, և առավելություններ ստացողներ այլևս չկան:
– Այդ խնդիրը միշտ եղել է: Կոռուպցիայի և հովանավորչության արդյունքում լուրջ խնդիրներ են ունեցել, առաջին հերթին՝ հենց օտարերկրյա ներդրողները, քանի որ ոլորտների մեծ մասը եղել է մոնոպոլացված, ընդ որում` մի մասը նախկին իշխանությունների հետ լուրջ կապեր ունեցող բիզնեսմենների կամ հենց պաշտոնյաների ձեռքում է եղել, և օտարերկրյա ներդրողները չեն կարողացել մրցակցել: Այդ տեսանկյունից նկատվում է քաղաքական կամքի դրսևորում, որ իշխանությունը բիզնեսի հետ որևէ սերտաճում չունի:
Սակայն դա չի կարող միանգամից բերել տնտեսության զարգացմանը, քանի որ դրա համար որոշակի ժամանակահատված է պետք՝ հենց այդ միջավայրը ձևավորելու և վստահություն ապահովելու համար: Բայց միայն հավասար խաղի կանոնները չեն կարող ապահովել այն ցանկալի արդյունքը, որ ուզում ենք տեսնել, քանի որ այդ խաղի կանոնները, որ հավասար են բոլորի համար, դեռևս չի նշանակում, որ լավն են ներդրողների համար, որովհետև թեկուզ համեմատության մեջ, առավել ևս՝ օտարերկրյա ներդրողների համար, կա Վրաստանը, որտեղ նույնպես կա նորմալ մրցակցային դաշտ, կոռուպցիայի շատ ցածր կամ գոնե բիզնեսին չխոչընդոտող մակարդակ, և թեկուզ նույն հարկային օրենսդրությունը և բիզնեսի համար մնացած արտոնությունները ներդրողին տանում են Վրաստան, ոչ թե՝ Հայաստան:
Կարծում եմ` հաջորդ քայլը, որ կառավարությունը պետք է անի, հարկային օրենսդրության հեղափոխական փոփոխություններն են, որը հնարավորություն կտա ներդրողին Հայաստանում ներդրում կատարել՝ ելնելով ոչ թե նրանից, որ խաղի կանոնները բոլորի համար հավասար են, այլ՝ որովհետև նպաստում են բիզնեսի զարգացմանը:
– Ի՞նչ փոփոխություն է անհրաժեշտ, Վրաստանի համեմատ կոնկրետ օրինակ կարո՞ղ եք նշել:
– Թեկուզ այն, որ մեզ մոտ հարկերն ու վճարները հասնում են մոտ 2 տասնյակի, իսկ Վրաստանում 5-6 հարկի շրջանակներում սահմանափակվում են: Տոկոսային առումով` Հայաստանում ավելի բարձր են հարկերի դրույքները` ԱԱՀ, եկամտային հարկ և այլն, ու ընդհանուր առմամբ հարկային ծախսերի մասով եթե ամբողջացնենք, ապա դրանք Վրաստանում զգալիորեն ավելի ցածր են տնտեսվարողի համար, քան Հայաստանում:
Նաև հաշվի առնելով ընդհանուր ներդրումային միջավայրը, ծովի առկայությունը, որի այլընտրանքը Հայաստանը չունի, նաև կան օբյեկտիվ ու սուբյեկտիվ այլ պայմաններ, որոնք Վրաստանն ավելի բարենպաստ դիրքում են դնում, քան Հայաստանն է:
Այդ տեսանկյունից պետք է նաև ներդրողներին առավելագույնս արտոնություններ տրվեն, այդ թվում` նաև հարկային, ներդրումային, որոնք կնպաստեն մեր տնտեսության մյուս խնդրին` արտահանման աճին: Այդ մասով բավականին լուրջ օրենսդրական անելիքներ ունենք, որովհետև միայն հայտարարել, որ Հայաստանում օրենքը բոլորի համար հավասար է, դա դեռ քիչ է ներդրումներ ներգրավելու համար:
– Այսինքն` հարկային փոփոխությունները բարենպաստ ներդրումային միջավայր ունենալու համար ուղղակի անհրաժեշտությո՞ւն են:
– Այո, կարծում եմ՝ գոնե այս տարի կառավարությունը դա պետք է նախաձեռնի, որ հաջորդ տարվա հունվարի 1-ից ունենանք, ընդ որում` ոչ թե փոփոխություններ, որովհետև դեռևս 1 տարի առաջ ուժի մեջ մտած Հարկային օրենսգիրքն այնքան փոփոխությունների է ենթարկվել, որ ավելի նպատակահարմար է ընդհանրապես նոր հարկային օրենսգիրք ունենալ` լրիվ նոր հեղափոխական մոտեցումներով:
– Ամեն դեպքում, անկախ միջավայրից, ներդրողները կսպասե՞ն մինչև արտահերթ ընտրություններ, թե՞ դա խոչընդոտ չէ ներդրումների հոսքի համար:
– Ընդհանրապես` քաղաքական իրավիճակի փոփոխությունը, ընտրություններն առաջացնում են սպասումներ: Զուտ որպես երևույթ, որ տեղի են ունենալու արտահերթ ընտրություններ, իհարկե, որոշակի սպասումներ առաջացնում է: Սակայն բոլորիս համար ակնհայտ է, որ ընտրությունների արդյունքում ընդամենն ամրագրվելու է հեղափոխությամբ տեղի ունեցածը:
Այսինքն` Նիկոլ Փաշինյանի կառավարությունը շարունակելու է իր գործունեությունը նաև ընտրություններից հետո, և հնարավոր են, իհարկե, որոշակի սպասումներ: Սակայն հաշվի առնելով, որ ներդրումները մի օրում չեն գալիս, մի օրում տեղի չեն ունենում, և ընտրություններն էլ շատ կարճ ժամանակահատվածում են տեղի ունենալու, կարծում եմ՝ որոշակի շուկայի հետազոտության, շփումների մակարդակով արդեն կարելի է ակնկալել ներդրումների հետաքրքրություն Հայաստանում: