Բաժիններ՝

ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան միացել են Թաիլանդի քարաձավում 12 պատանիների որոնումներին

Ամերիկացի զինծառայողները եւ բրիտանացի ջրասուզակները միացել են որոնողափրկարարական աշխատանքներին Թաիլանդի Չիանգրայի նահանգի լեռնային պարկի քարանձավի շրջանում, որտեղ մի քանի օր առաջ կորել է ֆուտբոլի պատանեկան թիմը: Այդ մասին հայտնել է «Ինտերֆաքս»-ը: The National թաիլանդական թերթը գրում է, որ «բրիտանացի երեք ջրասուզակները Չիանգրայ են ժամանել հունիսի 27-ի երեկոյան»:

Թաիլանդում արդեն հինգերորդ օրն է՝ շարունակվում են կորած 12 դեռահասների ու ֆուտբոլի նրանց մարզչի որոնումները: Ենթադրվում է, որ պատանի ֆուտբոլիստները եւ նրանց ուսուցիչը հեղեղումների պատճառով արգելափակված են մնացել Թհամ Լուանգի քարանձավում: Որոնողական աշխատանքների անցկացումը դժվարացնում են այդ շրջանում շարունակվող հորդառատ անձրեւները: Դեռահասների խմբի հետ կապը կորել է անցած շաբաթ օրը՝ հունիսի 23-ին:

Այդ ժամանակվանից թիմից ոչ ոք կապի մեջ չի մտել: Միակ բանը, որը մատնանշում է նրանց գտնվելու վայրը, հեծանիվներն են, որոնք թողել են քարանձավի մուտքի մոտ: Փրկարարները փորձեր են ձեռնարկել ջուրը պոմպով դուրս մղել քարանձավի հեղեղված տեղամասերից, սակայն այդ ջանքերը զուր են անցել այն բանից հետո, երբ լույս հունիսի 27-ի գիշերը անձրեւներն ուժեղացել են, եւ քարանձավում ջրի մակարդակը կրկին զգալիորեն բարձրացել է: Անձրեւների տարեշրջանում, որը Թաիլանդում շարունակվում է հունիս ամսից մինչեւ հոկտեմբեր, ջրի մակարդակը քարանձավում բարձրանում է մինչեւ 5 մետր:

Սակայն, ինչպես նշվում է, Թհամ Լուանգի քարանձավային համալիրում կան անխորտակելի չոր խցեր, որոնցից մեկում էլ կարող են գտնվել դեռահասները: Ուստի, փրկարարների խոսքով, մեծ է այն բանի հավանականությունը, որ երեխաները եւ մարզիչը ողջ են, թեեւ, ինչպես նշում են իշխանությունների ներկայացուցիչները, դեռահասներն իրեց հետ ուտելիք չունեն: Կորած խմբում 11-ից մինչեւ 16 տարեկան դեռահասներ են, նրանց մարզիչը՝ 25 տարեկան է: Պատանի ֆուտբոլիստների որոնումներն սկսվել են հունիսի 23-ի ուշ երեկոյան այն բանից հետո, երբ նրանց ծնողները տեղեկացրել են, որ երեխաները տուն չեն վերադարձել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս